Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏՈՒՆ ՉԵՆ ՏԱՆԻ, ԵԹԵ ԱՋԱԿՑԵՆ

Հունիս 01,2011 00:00

Քանի դեռ մեր երկրում չկա համալիր ծառայությունների փաթեթ, մանկատները չեն բեռնաթափվի

Սարգիսը 4 տարի առաջ Վանաձորի մանկատնից տեղափոխվել է խնամատար ընտանիք: Ճիշտ է, նա մանկատանն էլ է տաք ճաշ կերել, մաքուր հագուստ կրել եւ լավ վերաբերմունք ստացել, սակայն այն, ինչ գտել է իր նոր ընտանիքում, Սարգիսի պատմելով, խոսքերով չես արտահայտի: «Առավոտի» հետ զրույցում 17-ամյա Սարգիսը մի կերպ էր թաքցնում հուզմունքը. նա իր հետագա կյանքն առանց նոր ծնողների՝ այլեւս չէր պատկերացնում: Ընտանիքն էլ Սարգիսի հետ է շատ կապվել, եւ այն գումարը, որը նրանք ստանում են պետությունից՝ Սարգիսին խնամելու համար, կարելի է ասել, ընտանիքի համար այլեւս ոչ մի դեր չի խաղում՝ նրան հետագայում էլ պահելու եւ խնամելու համար: Սարգիսի մայրը՝ տիկին Մարինեն, եւ նրա ամուսինը հստակ որոշել են՝ մի աղջիկ էլ են որդեգրելու: Հատկապես, որ շուտով Սարգիսին ճանապարհելու են բանակ. նրա նոր հայրը զինվորական է, եւ տղան որոշել է հոր գործը շարունակել: «Կյանքս կտրուկ փոխվեց, չէի սպասում: Ընտանիքը կյանքի մի մաս է, հիմա արդեն չեմ կարող պատկերացնել առանց ընտանիքի, շատ եմ կապվել ծնողներիս հետ, ամեն հարցով կիսվում ենք, պապան կարող ա մամային մի բան չասի, բայց ես հաստատ կիմանամ, վստահություն կա բոլոր հարցերում»,-պատմեց Սարգիսը:

Տիկին Մարինեն վստահեցնում է, որ իրենք Սարգիսին գումարի համար չեն որդեգրել, պարզապես ցանկացել են, որ Սարգիսը ծնողներ, իսկ իրենք էլ՝ որդի ունենան. «Շատ գոհ եմ իմ երեխայից, նա շատ աշխույժ եւ լավ սովորող երեխա է»:

Արդեն մի քանի տարի մեր երկիրն իրականացնում է մանկատների բեռնաթափման պետական ծրագիր, որի նպատակն է երեխային վերադարձնել կա՛մ կենսաբանական, կա՛մ խնամատար ընտանիք: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության մասնագետները հաշվարկել են եւ պարզել, որ երեխային խնամատար ընտանիք տեղափոխելը ձեռնտու է թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես: Մանկատանը կամ որեւէ այլ հաստատությունում 1 երեխայի խնամքի համար պահանջվում է տարեկան $3800, խնամատար ընտանիքում՝ $2800: Այսօր մեր պետությունը 1 երեխայի ծախսերը հոգալու համար խնամատար ընտանիքին վճարում է ամսական 87 հազար դրամ: Մեր երկրի սոցիալական ոլորտի համար պատասխանատուները համոզված են, որ ծրագիրն առավել արդյունավետ կգործի, եթե երեխային վերադարձնեն ոչ թե խնամատար, այլ հենց կենսաբանական ընտանիք: Սակայն այս դեպքում մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման համար մեր պետությունը համալիր ծրագիր չունի, որը հետագայում երաշխիքներ կտա, որպեսզի վերադարձված երեխան նորից չհայտնվի մանկատանը: Եվ չնայած մանկատների ու հաստատությունների բեռնաթափման քաղաքականությունը ներկայումս էլ շարունակվում է, սակայն, այսօրվա դրությամբ, ցավոք, պետական ռեսուրսները հիմնականում տրամադրվում են մանկատներին, որոնք դառնում են շատ հրապուրիչ խոցելի ընտանիքների համար:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, որն այս ոլորտում բազմամյա փորձ ունի, վստահեցնում է, որ առանց համալիր ծառայությունների փաթեթի, մանկատների բեռնաթափման ծրագիրը կաշխատի թերի: Մ. Անտոնյանի համոզմամբ, երեխան որտեղ էլ գտնվի՝ սեփական ընտանիքում, հարազատների խնամքի ներքո կամ հաստատությունում, շատ կարեւոր է, որպեսզի երեխային ամենուրեք ուղեկցի իր աջակցության փաթեթը: Ըստ տիկին Անտոնյանի. «Փաթեթը պետք է 2 ձեռք ունենա, մի ձեռքում դրվում են նյութական նշանակության բոլոր այն արժեքները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այդ երեխան նորմալ կենսագործառնություն ունենա, ինչպես եւ այդ ընտանիքը, մյուս ձեռքում սոցիալ- հոգեբանական աջակցություն պետք է լինի: Շատ հաճախ հարազատները փորձում են օգնել կամ նամուսից դրդված երեխային վերցնում են իրենց խնամքի ներքո, ինչը շատ լավ է, բայց մյուս կողմից իրենք ունեն սոցիալական խնդիրներ: Այսինքն՝ նույնիսկ այս դեպքում էլ մասնագիտական եւ նյութական օգնություն է պետք: Ճիշտ է, կլինեն ընտանիքներ, որոնց նյութական փաթեթի բաղադրիչը գուցե եւ պետք չլինի, եւ միայն սոցիալ-հոգեբանական միջամտության կարիք լինի: Յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել առանձին: Մեր երկրում իրավիճակը հետեւյալն է. եթե երեխան գտնվում է հարազատների հոգածության տակ, պետությունն ասում է, որ դա քո խնդիրն է, դու վերցրել ես այդ պարտավորությունը՝ դու էլ պահի, ես այդտեղ որեւէ անելիք չունեմ: Եվ եթե դա կենսաբանական ընտանիքն է, ուրեմն պետությունն ունի շատ նվազագույն պարտականություններ, ինչը գուցե տրամաբանական է: Բայց աջակցության փաթեթի պարագայում ընտանիքին ասում ես՝ ես քո կողքին եմ եւ պատրաստ դժվարությունները հաղթահարելու: Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը ոչ այնքան կոնկրետ գումարի մասին է, այլ մտածելու ձեւի մեջ: Երկրներ կան, որոնք արդեն հրաժարվել են սեւ ու սպիտակ այդ ծայրահեղական մոտեցումից՝ անցնելով սոցիալական ծառայությունների փաթեթին»: Տիկին Անտոնյանի ներկայացմամբ, անկախ նրանից՝ այդ երեխան որտեղ է՝ կենսաբանական ծնողի, հարազատի մոտ, թե խնամատար ընտանիքում, այդ փաթեթը, ըստ ծառայության, երեխան ստանում է այդտեղ. «Ընդհանրապես ընտանիքակենտրոն ծառայությունները պետք է բալանսավորված կիրառվեն մեր երկրում: Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Ուժեղ են, բայց մի օր կարող է թուլանան եւ հենց այդ ժամանակ է, որ պետք է օգնել: Պետք է դժվարությունը հաղթահարելու համար միջոց առաջարկել»:

«Առավոտի» հարցին, թե արդյոք այս դեպքում չի՞ ավելանա այն ընտանիքների թիվը, որոնք իրենց սոցիալական ոչ այնքան վատ պայմանները ներկայացնելով ծայրահեղ վատ, կփորձեն օգտվել աջակցության փաթեթի հատկապես նյութական հատվածից, տիկին Անտոնյանը պատասխանեց. «Դա ավելորդ վախ է, ի դեպ, քաղաքականություն մշակողներն էլ են այդպես մտածում, որ ինչ-որ մեկը կարող է հանիրավի չարաշահել, բայց հազար ու մի մարմիններ կլինեն, որոնք կվերահսկեն: Բացի այդ, գոյություն ունեն մոնիտորինգի մեխանիզմներ, որոնք կորոշեն ընտանիքի վիճակը: Դրանից վախենալով՝ փաթեթը չներդնել, ճիշտ չէ: Նշեմ նաեւ, որ իմ ասածը վերաբերում է ոչ թե նրան, որ մենք տալիս ենք ամեն ինչ, պարզապես վարչական մեթոդներով, ասենք՝ թղթերդ բեր՝ ստացիր այսքան, այլ դա ամենօրյա աշխատանք է այդ ընտանիքի հետ: 6 ամիս ստանում ես սա, ես այդ ընթացքում քեզ պետք է օգնեմ աշխատանքի անցնել, կրթություն ստանալ, այսինքն՝ դա պետք է լինի աշխատանք, ոչ թե բարիքների բաշխում, որպեսզի ընտանիքը հաղթահարի այդ վիճակը: Հաշվարկներ կան, որոնք վկայում են, որ այն գումարը, որ մենք ծախսում ենք հաստատություններում, վերահասցեագրելու դեպքում՝ մնացած օգնության տարբերակները համաչափորեն կզարգանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել