Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թունավոր Հայաստան

Հունիս 01,2011 00:00

Հայ մայրերի կաթի մեջ հայտնաբերվել է 44,4% հեքսաքլոր եւ 98%-ից ավելի ԴԴՏ թունաքիմիկատ: Դա նշանակում է, որ Հայաստանում այս թունաքիմիկատները բնամթերքի մեջ մեծ տարածում են գտել: Այս մասին, ըստ «Ա1+»-ի, հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը՝ երեկ Ծաղկաձորում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ՝ նվիրված ՀՀ-ում թունավոր աղտոտիչներով ու թունաքիմիկատներով աղտոտվածության հիմնախնդիրների քննարկմանը: «Այսօր հանրապետությունում կա 500 տոննա թունաքիմիկատ, որոնց 60%-ը կազմում են 1-ին եւ 2-րդ կարգի թունաքիմիկատներ: Իսկ Նուբարաշենի գերեզմանոցը սողանքային գոտի է, ինչը նպաստում է թունաքիմիկատների տարածմանը: Սրան նպաստում է նաեւ մարդկանց անտեղյակությունը, քանի որ տարածքին շատ մոտ հայտնաբերվել են գոմաղբեր, այսինքն՝ մարդիկ այս տարածքում նաեւ անասուններ են արածացնում»,- հավելեց նա:

«Արնիկա» ասոցիացիայի ներկայացուցիչ Յինդրիխ Փեթրլիկի խոսքերով՝ թունաքիմիկատներով ամենահագեցած տարածքը Նուբարաշենն է, ինչպես նաեւ թունաքիմիկատային պահեստներ ունեցող Ջրառատ գյուղն ու Էջմիածին եւ Մասիս քաղաքները: «Այստեղ մեծ է հատկապես ԴԴՏ-ի քանակը: Սակայն այլ մանրէասպանների դեպքում եւս սահմանային նորման բարձր է: Այս տարածքներում առկա թափոնների այրումը կարող է դառնալ նոր աղտոտման պատճառ: Այդ պատճառով պետք է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակները»,- ասաց Յ. Փեթրլիկը:

Նուբարաշենի գերեզմանոցում ոչ միայն առկա են տարատեսակ թափոններ, այլեւ մեծ խնդիր է այն, որ այդ քիմիկատները խառնված են իրար, ինչը ավելի է բարդացնում դրանց ոչնչացումը: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Կարապետյանի՝ Նուբարաշենում պետք է ստեղծել կանխարգելիչ համակարգեր եւ վերափաթեթավորել ժամկետանց մանրէասպաններին: «Մեկ անգամ 2008թ.-ին եւ դրանից հետո 2010-ի մայիսին որոշ մարդիկ մտել էին գերեզմանոց՝ համապատասխան տեխնիկայով ավերել գերեզմանոցի վերին շերտը: Նրանք մի քանի մետր փորել էին եւ այդպես բաց թողել ու գնացել, ինչը եւս պատճառ դարձավ թունաքիմիկատների տարածման: Հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ օրս այդ մարդիկ չեն հայտնաբերվել: Այդ օրվանից ոստիկանությունը այստեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում»,- ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:

Ըստ ԱԻՆ պաշտոնական տվյալների՝ Նուբարաշենում կա 57000 կգ տարբեր տեսակի թունաքիմիկատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել