Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»

Հունիս 01,2011 00:00

Այսպիսի պատճառաբանությամբ Սննդի անվտանգության տեսչության  պետ Գրիգոր Գրիգորյանը ո՛չ սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին է ընդունում՝ իրենց դժգոհություններով, ո՛չ էլ մեր լրատվամիջոցին՝ պարզաբանումներ տալու համար։

Այս տարվա սկզբին սկսեց գործել Սննդի անվտանգության ծառայություն հիմնարկը, որը պետք է սննդամթերքի շուկայի անվերահսկելի վիճակն իբրեւ թե կանոնակարգեր, սակայն կոնկրետ այս հիմնարկի գործելաոճի մասին դժգոհություններն ավելի շատ են, քան կանոնակարգմանն ուղղված աշխատանքների մասին հավաստիացումները։

Սննդի անվտանգության ծառայությունը ստեղծելիս եւ նույնանուն բաժին գյուղատնտեսության նախարարությունից անջատելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ սննդամթերքի անվտանգության կարգավորումը Եվրամիության հետ իրականացվող կարեւոր ծրագրերից է, որն անցել է համապատասխան փորձաքննություն, սակայն արդեն ամիսներ անց պարզվեց, որ այդ փորձաքննությունը սպասելի արդյունքը չի տալիս։ Դա հավաստում է նաեւ այն, որ վարչապետի հրահանգով վերջերս այս ծառայության պաշտոնյաներից 2-ն ազատվեց աշխատանքից, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարը։ Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը շատ դժգոհ է այս կառույցի գործունեությունից եւ դրա պետ Գրիգոր Գրիգորյանից։ Այդ դժգոհությունը զարմանալի չէ, քանի որ սննդի ոլորտի տնտեսվարողները մեծ դժվարություններ են ունենում այս կառույցի, մանավանդ՝ ծառայության պետի հետ աշխատելիս, քանի որ վերջինս իսկական չինովնիկական վերաբերմունք է ցուցաբերում գործարարների նկատմամբ՝ օրերով նրանց չի ընդունում, անհրաժեշտ թույլտվություններն էլ ժամանակին չի տալիս։

Բանն այն է, որ ի թիվս այլոց, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պետք է մթերքների ներմուծման եւ արտահանման համար համապատասխան փաստաթղթեր, մաքսային ձեւակերպման թույլտվություն տա տնտեսվարողներին, որից հետո միայն ներմուծողներն ու արտահանողները կարող են իրենց ապրանքը ներկայացնել տեղական կամ դրսի շուկաներում, բայց այս գործընթացը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ։ Սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող գործարարները իրենց ապրանքները շուկա մտցնելու համար պետք է համապատասխան փաստաթղթերում ունենան այս ծառայության պետի՝ Գրիգոր Գրիգորյանի ստորագրությունը, սակայն նրանք ստիպված են լինում օրերով հերթ կանգնել, սպասել մշտապես զբաղված պետի տեղում լինելուն, որպեսզի ստանան անհրաժեշտ ստորագրությունը, իսկ մինչ այդ նրանց ապրանքները փչանում են ու դառնում անպիտան։ Այդ վնասի փոխհատուցումն էլ, բնականաբար, որեւէ ծառայություն չի կատարում։

Սննդի բիզնեսով զբաղվողների խոսքերով, այս քաոսային իրավիճակը ստեղծվել է ծառայության ստեղծմանը զուգահեռ: «Սկզբում անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վկայական ընդհանրապես չէին տրամադրում, պատճառաբանում էին, որ գյուղատնտեսության նախարարության տվյալ բաժնի ազատված աշխատակիցները դեռ իրենց աշխատողները չեն, եւ իրենք այդ պահին համապատասխան մասնագետ չունեն, հետո պարզվեց, որ այդ աշխատողները չեն էլ գալու այս ծառայությունում աշխատելու, եւ մեր միակ հույսը Սննդի անվտանգության ծառայության պետն է, որն էլ մշտապես տեղում չէ։ Հիմա մի անհասկանալի իրավիճակ է, որի արդյունքում ստիպված ենք ներմուծվող կամ արտահանվող բեռի փաստաթղթային ձեւակերպումների համար օրերով գնալ ծառայության շենք, սպասել դռների առջեւ, չիմանալով՝ կստացվի՞ արդյոք մտնել ղեկավարներից մեկի կաբինետ եւ ճշտել փաստաթղթերի տրամադրման ձգձգման պատճառները, թե՞ ոչ։ Մենք արդեն մտադիր ենք հերթապահություն սահմանել այս ծառայության գտնվելու հասցեում՝ Էրեբունի 12-ում, որպեսզի մեր գործերի ձգձգումներն ու խոչընդոտները պարզելու նպատակով արժանանանք Գրիգոր Գրիգորյանի ընդունելությանը եւ ստանանք մեր գործունեության համար անհրաժեշտ մաքսային ձեւակերպումների փաստաթղթերը, որ մեծ ֆինանսական վնասներ չկրենք։ Մեր ապրանքներն օրերով մնում են մաքսային պահեստներում, որի համար մենք լրացուցիչ ֆինանսական ծախսեր ենք անում։ Հաճախ տրվում են ապրանքի կասեցման կարգադրություններ, որի տրման հիմքերի կամ իրավական անհրաժեշտության վերաբերյալ որեւէ մեկը բացատրություն չի էլ տալիս, իսկ Գրիգոր Գրիգորյան «չինովնիկը», որպես կանոն, շարունակ տեղում չէ, իսկ եթե տեղում է, չի ընդունում մարդկանց, որը բացատրվում է միայն ընդունելության օրը սահմանված ժամերին մարդկանց լսելու հնարավորությամբ, իսկ այդ օրվա մասին մարդիկ կամ տնտեսվարողները պետք է եղունգ նայեն կամ դիմեն գուշակներին, որ տեղեկանան, թե երբ է։ Մենք իր ընդունելության կարիքը չէինք ունենա, եթե մեր փաստաթղթերն ըստ կարգի եւ առանց ձգձգումների տրվեին մեզ։ Հետո այդ ընդունելությունները վերաբերում են հատուկ դեպքերին ու հարցերին, իսկ շատերի փաստաթղթերը սովորական ընթացակարգով պետք է տրվեն, ոչ թե հատուկ քննարկումներից հետո»,-դժգոհում են սննդամթերքի բիզնեսով զբաղվողները։

Սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները հավատացած են, որ սրանից ոչ թե մի քանիսն են տուժում, այլ հանրապետության այս ոլորտի ամբողջ բիզնես միջավայրը. «Ճիշտ է, նախկինում էլ կային դժվարություններ, եւ մենք մեծ ոգեւորությամբ էինք ընդունում փոփոխությունները, սակայն նախկին Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության օրոք բիզնես ոլորտը, մասնավորապես՝ ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը եւ մաքսային ձեւակերպումները ընթացել են հարթ։ Իսկ հիմա մի պաշտոնյայի քմահաճույքով ամեն ինչ դարձել է չափազանց անհասանելի։ Զավեշտալին այն է, որ այս կառույցում չկան կոնկրետ ոլորտի մասնագետներ, որոնք կարող են մեր հարցերին լուծում տալ, դրա համար էլ ամեն ինչ կախված է Գրիգոր Գրիգորյանից։ Պարոն Գրիգորյանը մեր դժգոհությունները լսելով՝ ընդամենը պահանջում է, որ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մասին իրեն նախապես տեղեկացնեն, բայց գործնականում դրանից ոչինչ չի փոխվում, մենք կրկին հերթ ենք կանգնում եւ կրկին պայքարի միջոցով եւ շատ երկար ժամանակահատվածում ստանում անհրաժեշտ փաստաթղթերը։ Մի՞թե բարեփոխումների նպատակը ներկայիս կաթվածահար եւ լարված իրավիճակը ստեղծելն էր։ Մի՞թե կառավարությունը եւ պետական բարձրաստիճան այրերը տեղյակ չեն ստեղծված իրավիճակին»։

Ներմուծման եւ արտահանման ոլորտի գործարարների բարձրացրած խնդիրների վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Սննդի անվտանգության ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի պարզաբանումները, սակայն նա հրաժարվեց դա անել՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի, շատ զբաղված է, բացի այդ էլ՝ «Առավոտի» մեկ այլ թղթակցի հետ մոտ օրերս արդեն հանդիպել եւ զրուցել է։ Նշենք, որ մեր թղթակցի թեման այս դժգոհության հետ բոլորովին կապ չուներ, եւ մենք նրա պարզաբանումները ստանալու համար սպասել ենք 4 աշխատանքային օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել