ԼՂՀ կայացումը որպես պետություն ի չիք է դարձրել Ադրբեջանի կազմ վերադարձի հավանականությունը, ըստ «Արմինֆո»-ի՝ երեկ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա ասելով, պատմությանը հայտնի չէ այնպիսի օրինակ, երբ ավտորիտար պետության կազմից դուրս եկած եւ ինքնորոշված միավորումը որոշ ժամանակ անց դարձյալ վերադառնա այդ նույն պետության կազմ: Այդ ֆոնի վրա փորձագետն անիմաստ է համարում Ադրբեջանի ղեկավարության այն հայտարարությունները, թե Բաքուն երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Նա կարծում է, որ անտրամաբանական եւ անհեթեթ լինելուց զատ՝ այդ հայտարարությունները նաեւ խոչընդոտում են փոխհամաձայնության ձեռք բերմանը հակամարտության կարգավորման շուրջ: