Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով անտեսվեցին հեռուստադիտողների շահերը:
Մայիսի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ներքո ստորագրած ՀՀԿ 3 պատգամավորներն այն շրջանառության մեջ էին դրել մայիսի 5-ից: Ընդ որում, նախագծի երկրորդ ընթերցումը տեղի ունեցավ առաջին ընթերցմամբ ընդունվելուց մեկ օր անց: Այսպիսի շտապողականությամբ ընդունված օրինագծով մասնավորապես արվեց մի կարեւոր փոփոխություն, որի ազդեցությունը շատ շուտով կզգան բոլոր հեռուստադիտողները. «Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ»: Այսինքն՝ այսուհետ հեռուստահաղորդման 60 րոպեից 14-ը կարող է լինել գովազդ: Հիշեցնենք՝ անցած տարվա հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ արդեն իսկ վերափոխվել էր նախկին օրենքի այն դրույթը, թե Հանրային հեռուստառադիոընկերությունում «առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 5%-ը», եւ գործող օրենքով գովազդն արդեն չպետք է գերազանցի 7%-ը: Հեռուստադիտողների նկատմամբ անընդհատ սաստկացող այս գովազդային «ահաբեկչությունը» կանխելու եւ գոնե նախկին օրենքով սահմանված 1 ժամում 10 րոպե տեւողությամբ գովազդ թույլատրելու առաջարկով հանդես էր եկել միայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որի թե՛ այս, թե՛ մյուս առաջարկները չէին ընդունվել: Եվ միայն ՀՅԴ խմբակցությունն ու Տիգրան Թորոսյանն էին, որ դեմ քվեարկեցին այս նախաձեռնությանը:
«Մեր ընդվզումն իսկապես հանրային հենք ունի: Չեմ կարծում, թե մեր հեռուստադիտողների մեջ գտնվի մեկը, որը սարսափով չընկալի այս նորությունը»,- մեր զրույցի ընթացքում ասաց Լիլիթ Գալստյանը: Նա ուշադրություն հրավիրեց, որ հեռուստաեթերի բովանդակությանն առնչվող «ծով խնդիրների» պայմաններում, որոնց մասին չեն զլանում լսումներում եւ այլուր արտահայտվել նաեւ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները՝ նրանք հանդես եկան հատկապես գովազդի ծավալն ավելացնելու եւ ոչ թե «մշակութային, կրթական, քաղաքական կամ հասարակական հաղորդումների ծավալը մեծացնելուն կամ հայաստանյան հեռուստաեթերի բովանդակության բարելավմանն» ուղղված նախաձեռնությամբ:
Լիլիթ Գալստյանն ուսումնասիրել էր եվրոպական եւ ԱՊՀ միջին չափանիշները՝ հեռուստաեթերում գովազդի ծավալների վերաբերյալ, եւ պնդեց. «Քաղաքակիրթ, կայացած երկրներում 1 ժամվա ընթացքում գովազդին տրված ժամանակը չի գերազանցում 15%-ը: Միակ երկիրը, որտեղ 1 ժամվա մեջ գովազդը 25% է՝ Ադրբեջանն է: Արդյոք Ադրբեջա՞նն էր այն երկիրը, որից պիտի փոխառեինք եթերային քաղաքականության լուծումներ եւ չափանիշներ: Գործող 10 րոպեն արդեն եթերային 16,6% էր, այսինքն՝ միջին չափանիշից ավելին: Հիմա, երբ խորհրդարանն ընդունեց 14 րոպեի ամրագրումը, նշանակում է, որ 1 ժամ եթերի 24,6%-ը հատկացվում է գովազդին: Եվ իսկապես արդարացված է դառնում այն անեկդոտը, թե այսուհետ գովազդը կընդհատվի սերիալներով»:
Այս կապակցությամբ տալով «ում է ուղղված այս օրենքը» եւ «ում շահերն է պաշտպանում» ավանդական հարցերը՝ ՀՅԴ պատգամավորը նշեց. «Խորհրդարանական փորձառությունս թույլ է տալիս շատ համոզված ասել, որ ցավոք՝ խորհրդարանում չի հայտնվում որեւէ օրենք, որի թիկունքում չի հետապնդվում փոքր խմբակի բիզնես շահ, եւ նույնիսկ ինչ-որ անձերի «վրայով» գրված օրենքներ են ներկայացվում: Այս պարագայում բացահայտորեն կարող եմ ասել, որ սա շատ խիստ նեղ բիզնես շրջանակի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն է: Հստակ է, թե ում շահը պաշտպանեց ԱԺ-ն՝ հեռուստաընկերությունների տերերի: Նույն նպատակին է ծառայում նաեւ օրինագծի այն լրացումը, որով արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից: Սա նշանակում է, որ OPT-ի եւ PTP-ի գովազդները կգնան դեպի տեղական հեռարձակողներ: Բայց անտեսվել է հանրային՝ հեռուստաեթերի սպառողների շահը: Չի՛ կարելի 6 րոպե անընդմեջ գովազդ հաղորդել եւ նույնիսկ երբեմն 5 րոպեների մեջ կրկնել նույն գովազդը»:
Հիշեցրինք լրագրողական կազմակերպությունների դիտարկումները, թե անգամ նախկին օրենքով սահմանված 10 րոպե տեւողությամբ գովազդի պահանջը չէր պահպանվում եւ իրականում տեւում էր ավելին: «Ճիշտ են՝ ինքս էլ մի քանի անգամ դիտարկել եմ եւ տեսել, որ շատ հաճախ 10 րոպեն անցնում են,- համաձայնեց Լիլիթ Գալստյանը:- Սա արդեն ՀՌԱՀ-ի խնդիրն է, նա պիտի իրականացներ հեռուստատեսության եւ ռադիոյի նկատմամբ վերահսկողություն, ինչն իր կարեւորագույն գործառույթներից մեկն է: Բայց չեն կարողանում կամ չեն ուզում աշխատել: Թող դուրս գան՝ կգան մարդիկ, ովքեր կունենան քաղաքական այդ կամքը, սկզբունքայնությունը, անաչառությունը եւ իսկապես կհարգեն հեռուստադիտողին»: ՀՅԴ խմբակցության անդամը հիշեցրեց, որ 1996-ին ընդունված «Գովազդի մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով պիտի ձեւավորվեր «Գովազդի մասին» oրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմին. «Մինչ օրս այդ մարմինը չի ստեղծվել»: Սակայն նույն հոդվածի համաձայն՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը ՀՌԱՀ-ն է. «Եվ այս ոլորտում գովազդի անվերահսկելիության մեղքն, այնուամենայնիվ, ՀՌԱՀ-ինն է, եւ սա իրենց անգործությունն է կամ թերացումը»:
Գովազդի ոլորտում անկառավարելի վիճակն ու վերահսկողության բացակայությունը նկատի առնելով՝ հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ են ցանկացել լուծել ինքը եւ ՀՅԴ այլ պատգամավորները վերջերս ընդունված նախաձեռնությամբ՝ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Գովազդի մասին» օրենքում: Ըստ այդմ՝ սահմանվել էին մասնավորապես ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ. «Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ։ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է: Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները»: Մեր հարցին, թե հույս ունի՞, որ կյանքի կկոչվեն այս պահանջները՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Տեսնելով այս ուղղությամբ ըմբռնումի պակասը՝ ստիպված էինք փոփոխություններ նախատեսել նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում»: Ըստ այդմ՝ գովազդի ընդհանուր պահանջները խախտելու համար նախատեսվող տուգանքի չափերը կրկնակի եւ եռակի ավելացել են՝ հասնելով 100-350 հազար դրամի: Ընդունվել են փոփոխություններ նաեւ «Լեզվի մասին» օրենքում, որոնց կանդրադառնանք առանձին: