Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՆԵՍԹ-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՏ»

Հունիս 01,2011 00:00

Երեկ խորհրդարանում գումարված ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե բաց է մնում հետեւյալ հարցը. «Ունի՞ Հայաստանը քաղաքական օրակարգը, մեր խնդիրները կամ նպատակները, որոնք մենք ուզում ենք այդ հարթակի վրա դնել ու լուծել»: Ի պատասխան՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, թե պատվիրակությունը ներկայացնում է Ազգային ժողովը եւ այն ատյանը չէ, որը կայացնում է այդ հայեցակարգային որոշումները, որոնց մասին նշում է Լարիսա Ալավերդյանը. «Դրանք կատարվում են մեր մասնակցությամբ, մեր խորհրդով, մեր առաջարկությամբ, բայց, ի վերջո, այլ ատյաններում: Մեզնից չի կարելի ակնկալել, որ մեր պատվիրակությունն այդ բոլոր հարցերին պատասխան կտա»: Սակայն հավելեց. «Հստակ է, որ այս պատվիրակության ստեղծումով, աշխատանքով մենք ստեղծում ենք այն նախադրյալները, որ երկրում կայացվող որոշումներն ավելի բյուրեղանան այս առումով, որովհետեւ մեր վիճակը բավականին բարդ է: ԵՎՐԱՆԵՍԹ-ը շատ վտանգների առջեւ է կանգնած, եւ այդ վտանգը միայն հայ-ադրբեջանական լեզվակռիվը չէ, որ կարող է ամեն ինչը փակուղի տանել, կամ այլ տարածքային խնդիրներ ունեցող երկրների զգայական վերաբերմունքը չէ միայն: Սա կարող է դառնալ շատ լուրջ հակառուսական պրոյեկտ, որը մեզ ձեռք չի տալիս: Մենք պետք է կարողանանք մեր ներկայությամբ այնտեղ փորձենք մեր ուժերով հնարավորինս պահել հավասարակշռությունը, որովհետեւ, ի վերջո, մենք ներկայացնում ենք մեր Ազգային ժողովը, ուրեմն՝ մեր բնակչությանն ու մեր ժողովրդին: Այս առումով ողջ հասարակության քննարկման արդյունքում կարող է ծնվել այդ հարցի պատասխանը»:

Նա նաեւ նշեց. «Բացի ֆինանսական օգնությունից՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ն ունի այլ առաքելություն եւս, եթե, իհարկե, չվերածվի չափազանց քաղաքականացված մի կառույցի: Իսկ սա շատ հավանական է, քանի որ կառույցը կարելի է որակել արդեն գոյություն ունեցող ՎՈՒԱՄ երկրներ գումարած Հայաստան բանաձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել