Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Հունիս 01,2011 00:00

\"\"Եթե ամենամոտ ժամանակներս վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա հայկական մշակույթի որոշ հուշարձաններ կկորչեն անվերադարձ:

«Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ այս մասին հայտարարել է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը:

Նրա ասելով, իր գլխավորած կազմակերպությունն այդ հարցով բազմիցս դիմել է համապատասխան ատյաններ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ավելին, Բաղդիշյանի ասելով, խնդիրը չի հուզում անգամ Հայ առաքելական եկեղեցուն, որին պատկանում են այդ հուշարձաններից շատերը: Ընդ որում՝ որպես ծագած խնդրի հիմնական պատճառ, նշվում է անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Խորովածի մնացորդներ եկեղեցիների պատերի տակ, սմբակավորների հետքեր սրբատեղիների ներսում, կենցաղային աղբ, վանդալիզմի դրսեւորումներ, փարթամ ծառեր գմբեթների վրա, կրծկալներ, հուշ-թաշկինակներով լեցուն ծառեր… Ահա միայն փոքր մասն այն ամենի, ինչի ականատեսն են դառնում «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամները հնավայրեր այցելելիս: Ծայրահեղ անմխիթար վիճակում է Սանահին վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հուշարձանների տարածքները հաճախ վերածվում են արոտավայրերի, դրանցից մեկում խոզանոց է տեղակայվել:

Այս խնդրին ուժերի ներածի չափով լուծում տալու համար նախաձեռնության կողմից ամեն կիրակի իրականացվում են հայրենաճանաչողական արշավներ: «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամները, որոնց թիվն անցնում է տասնհինգ հազարից, ամեն շաբաթ իրականացնում են «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիա: Հոգնելով Հայաստանի իշխանությունների անտարբերությունից՝ նախաձեռնության անդամները սոցիալական ցանցերի միջոցով դիմել են ողջ աշխարհի հայերին՝ օգնության կոչով: «Մենք բոլորս պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը եւ պահպանենք կանգուն մնացած հուշարձանները կործանումից՝ գալիք սերունդների համար»,- ընդգծվում է նախաձեռնության կոչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել