Երեկ էլ ՀԱԿ-ի հանրահավաքի կապակցությամբ չեն աշխատել մարզային «գազելները»
Քաղբանտարկյալների, առավել եւս՝ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո թվում է, թե իշխանություն-ընդդիմություն «չհասկացվածության պատն» այլեւս քանդված է, ու իշխանությունը կհրաժարվի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները սակավամարդ դարձնելու արհեստական, բայց փորձված ու ավանդական դարձած մեթոդից, առավել եւս, որ այդ հանրահավաքներին մասնակցողների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե մարզերի բնակիչներն են, այլ հենց երեւանցիները: Բայց պարզվում է՝ իշխանությունը ՀԱԿ-ի հանրահավաքների դեմ իր վախերը դեռ չի պարպել: Երեկ «Առավոտը» ֆիքսեց, որ մասնավորապես Սեւանի ուղղությամբ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, ինչպես միշտ՝ հանրահավաքի օրերին, անսովոր քիչ էր: Սեւանցիներից մեկը, որն իր դստեր հետ Երեւան էր գալու բժշկի մոտ այցելության նպատակով, շիվարել, մնացել էր՝ երթուղայինները Երեւան կամ ընդհանրապես չէին գալիս, կամ կիսադատարկ էին գալիս, որովհետեւ, նրա ասելով, ոստիկանությունը «լիքը գազելները» ճանապարհին կանգնեցնում է: Սեւանցիները ստիպված էին մայրաքաղաք գալ տաքսիով՝ 600-ի փոխարեն վճարելով 1000-ական դրամներ:
«Առավոտի» աղբյուրներից մեկը նաեւ հավաստիացրեց, որ Մանկավարժական ինստիտուտի՝ մարզերում ապրող ուսանողներն էլ չեն կարողացել Երեւան գալ նույն՝ ճանապարհները, ըստ էության, փակ լինելու պատճառով: Երթուղային տաքսիները «վերեւից» իջեցված հրահանգով երեկ էլ Երեւան չեն հասել:
Երեկ հայաստանյան կայքերը լիքն էին նման ահազանգերով: Մասնավորապես՝ «Ա1+»-ի մատուցմամբ, Աշտարակից Երեւան առավոտից դարձյալ տրանսպորտային ոչ մի միջոց չի աշխատել: Կանգառներում հավաքված աշտարակցիները վստահեցրել են, որ մի քանի ժամ է, ինչ սպասում են Երեւան տանող երթուղայիններին ու ավտոբուսներին, սակայն միայն միջքաղաքային տրանսպորտն է աշխատում:
Բոլորն էլ այլեւս հասկանում են՝ պատճառն Ազատության հրապարակում Կոնգրեսի հրավիրած հանրահավաքն է: Դրան մարդկանց մասնակցությունը խոչընդոտելու համար էլ, ըստ աշտարակցիների, ոստիկանության աշխատակիցները խիստ կարգադրել են երթուղայինների վարորդներին աշխատանքի դուրս չգալ: «Մի ձեւ՝ ոտքով, տաքսիով պետք է գնամ, հասնեմ միտինգին. հույսս կապել եմ հանրահավաքի հետ»,- ասել է Վալերի Հովհաննիսյանը: «Ես ո՞նց կարող եմ տաքսիով գնալ. ինձ այդքան ֆինանս որտեղի՞ց: Սպասում ենք, որ ծանոթ մարդ լինի՝ մեքենայով նստենք, գնանք»։ Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա նրանց մեծ մասը երեկ էլ կամ ընդհանրապես աշխատանքի դուրս չէին եկել, կամ երթեւեկել են միայն Աշտարակ քաղաքի ներսում, կամ մարդկանց՝ մայրաքաղաք տեղափոխել գաղտնի՝ առանց տաքսու տարբերանշանների:
Երթուղային տաքսիների չաշխատելու մասին ահազանգել են նաեւ թալինցիները: Նույն վիճակն է եղել նաեւ Վանաձորում: Վանաձորցիները, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, կամ չեն կարողանում, կամ էլ դժվարությամբ են հասնում Երեւան, քանի որ Վանաձոր-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Ոսկեթեւ» ընկերության միկրոավտոբուսները չեն աշխատում: Միկրոավտոբուսները սկսել են աշխատել ժամը 15-ից հետո:
Երեկ «Առավոտին» ահազանգած մի քաղաքացի էլ ասաց, թե մետրոն էլ չի աշխատում՝ կանգնած են Երեւանի ծայրամասերը կենտրոնին կապող մետրոյի գնացքները: Մետրոպոլիտենի գլխավոր դիսպետչեր տիկին Մանուկյանը մեզ ասաց, թե՝ այո, եղել են մետրոյի աշխատանքի ընդհատումներ, բայց դրանք տեխնիկական պատճառ են ունեցել, ու մետրոն չի աշխատել ընդամենը մի քանի րոպե: Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր, թե երեկ, «ժամը 17:50-ի սահմաններում, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային»-«Շենգավիթ» կայարանների միջնամասում կոնտակտային ցանցի խզման պատճառով տեղի է ունեցել էլեկտրամատակարարման դադարեցում: Վթարի հետեւանքով մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել է աշխատանքը եւ տեխնիկական անհրաժեշտ որոշակի գործողություններից հետո վերականգնել է երթեւեկությունը միագիծ ռեժիմով: Ըստ այդմ՝ ուղեւորափոխադրումը կատարվում է «Բարեկամություն» կայարանից մինչեւ «Սասունցի Դավիթ», այնուհետեւ՝ «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարան, եւ նույն սկզբունքով՝ հակառակ ուղղությամբ»: Մետրոպոլիտենի տնօրինությունը հավաստիացրել էր, թե արդեն հունիսի 1-ի առավոտյան մետրոպոլիտենի լիարժեք, բնականոն երթեւեկությունը վերականգնված կլինի: