Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հունիս 01,2011 00:00

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքն ամբողջովին նվիրվեց  արտահերթ ընտրությունների պահանջին

\"\"ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները երեկ բուռն եւ ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Հանրահավաքը երեկ վարեց Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, ես սիրում եմ ձեզ (ժողովուրդը բղավեց. «Մենք էլ քեզ»- Մ. Ե.), ես հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ այս տարիներն ապացուցեցին, որ այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա, այս հրապարակում ՀՀ հաղթական քաղաքացին է, ում ընթացքն անկասելի է, ում հաղթանակն անխուսափելի է, եւ ուրեմն՝ պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այսօր «մենք մտել ենք բոլորովին մի նոր փուլ, եւ այսօրվա հանրահավաքի գործառույթը ոչ միայն քաղբանտարկյալների ազատ արձակումը տոնելն է, այլեւ հպարտ, վճռականորեն, ի լուր ՀՀ բոլոր քաղաքացիների, ի լուր համայն հայության, ի լուր միջազգային հանրության հայտարարելը, որ մենք սկսում ենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու, օրինական իշխանություն հաստատելու կոնկրետ քաղաքական գործընթաց»: Մարդիկ բղավեցին՝ «Այո», ապա՝ «Նիկոլ, Նիկոլ», իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն անգամ երբ իր անունն էին վանկարկում, ռիթմը փոխում էր եւ գոչում՝ «Հաղ-թա-նակ»: Նիկոլ Փաշինյանը հատիկ-հատիկ թվարկեց ՀԱԿ անդամ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների լիդերների անունները եւ մարդիկ ողջունեցին բոլորին, եւ դա նման էր համամասնական ցուցակի հրապարակման:

Սասուն Միքայելյանը եւս բուռն ելույթ ունեցավ եւ հայտարարեց. «Մեր երկրում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ստեղծվել է մի նոր, աննախադեպ իրավիճակ, երբ կարծես թե բոլոր նախադրյալները կան քաղաքակիրթ եղանակով Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու: Ես համարում եմ, որ սա մեր համատեղ պայքարի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է»: Ըստ Սասուն Միքայելյանի, առաջնահերթ խնդիրը պետք է լինի համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդելը, «քանզի ինչ երկխոսություն էլ կայանա, մեր միակ հաղթաթուղթը մնալու է ժողովրդի հավաքական ուժը»: Նաեւ վստահեցրեց, որ «Հայաստանը ունի ապագա, եւ այն նրա միակ տիրոջ ձեռքում է՝ ժողովրդի»:

Սասուն Միքայելյանը նկատեց, որ մեր երկրում տեղի են ունենում խորքային որոշ փոփոխություններ. «Օրինակ, եթե երեք տարի առաջ ողջ հեռուստաեթերը ողողված էր համաժողովրդական շարժումը նսեմացնելու մեկնաբանություններով ու քաղբանտարկյալների ձերբակալությունների ստորացուցիչ կադրերով, ապա այժմ նույն այդ հեռուստաընկերությունները ցույց են տալիս, թե ինչ ցնծությամբ է ժողովուրդը դիմավորում քաղբանտարկյալներին, խոսում հանդուրժողականության, երկխոսության մասին»: Սասունը նաեւ վստահեցրեց, որ եղել ու մնում է ժողովրդի զինվորը եւ ոչ մի զնդան կամ բանտ չի կարող կապել իր ոգին:

Հանրահավաքի մասնակիցները Նիկոլի խնդրանքով ողջունեցին նաեւ օրերս ազատ արձակված Շմավոն Գալստյանին եւ Արա Հովհաննիսյանին, որից հետո Վարդգես Գասպարին անկառավարելի դարձավ եւ մերթընդմերթ գոռում էր՝ «Հովհաննիսյան, հանցագործ»: Այնքան ուժեղ էր գոռում, որ Նիկոլը ստիպված եղավ իջնել ներքեւ եւ Գասպարիի հետ մի կարճ-բացատրական զրույց ունենալ: Հետո, մի որոշ ժամանակ, Գասպարին լռեց, բայց՝ զայրացած դեմքով:

Երեկվա հանրահավաքում «Մարտի 1»-ի եւ «Հոկտեմբերի 27»-ի զուգահեռներ անցկացրեց ՀԺԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ասելով, որ եթե մեր երկրում չլիներ «27», չէր լինի նաեւ «Մարտի 1»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Մենք երբեք առեւտրի առարկա չենք դարձնի ազատությունը եւ ընտրված իշխանություն ունենալու մեր իրավունքը»: Նաեւ հայտարարեց. «Մարտական վճռականությամբ պատրաստ ենք իրագործել մեր ամենակարեւոր ծրագիրը՝ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ծրագիրը»: Ասաց, որ հարկավոր է երկխոսություն սկսել «Հայաստանում ժողովրդավարական կարգերի վերականգնման գործընթացի շուրջ»: ՀԱԿ համակարգողը վստահ է, որ «մեր ընկերների ազատ արձակումը եւ երկխոսություն սկսելը նշանակում է, որ թավշյա հեղափոխության մեր մարտավարությունը արդյունավետ է»:

Հանրահավաքում բոլոր ելույթ ունեցողներն էին խոսում նույն բանի մասին՝ արտահերթ ընտրությունների: Ըստ էության, հանրահավաքի հիմնական թեման ոչ թե համաներմամբ ազատ արձակվածներն էին, այլ արտահերթ ընտրությունները: Արտահերթի մասին խոսեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով իր ուրույն ոճով, հանդարտ եւ անշտապ ասաց. «Սիրելի հայրենակիցներ, մենք պահանջում ենք արտահերթ համապետական ընտրություններ՝ թե նախագահական, թե խորհրդարանական, որովհետեւ այսօրվա իշխանությունները արդար ընտրությունների արդյունքում չեն ձեւավորվել. միայն այս փաստը բավարար է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հանրահավաքը իր համար «ՀԱԿ-ի շքահանդեսն է, որովհետեւ մենք հաղթանակ ունենք, բարոյական եւ իրական հաղթանակ»:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանական որոշ ներկայացուցիչներ որոշ կարեւոր բաներ չեն հասկանում. «Իրենք չեն հասկանում ժամանակի պահանջը եւ, ինչու չէ, հենց իրենց ղեկավարին, դա արդեն իրենց պրոբլեմն է: Ինձ համար պարզ է, որ գործող նախագահը եւ իշխանական վերնախավը հասկացել են, որ իրավիճակ է փոխվել, ակնհայտ է նաեւ, որ իրենք հասկացել են, որ սա միայն սկիզբն է, մի սկիզբ, որն ունենալու է նույնքան անխուսափելի շարունակություն, երբ անհրաժեշտ է լինելու կարեւոր եւ դժվարին որոշումներ կայացնել»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված կարդացեք էջ 9-ում;

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել