Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՀՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է

Հունիս 01,2011 00:00

\"\"ՀՀԿ մամուլի խոսնակի ասելով՝ իշխանությունը դեռ երեք տարի առաջ էր պատրաստ երկխոսության

Երեկ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ քանի որ Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջները կատարվել են, ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը։

Կոնգրեսն այլեւս պատրաստ է երկխոսության, ու հաջորդ քայլն, ըստ էության, իշխանություններինն է լինելու: Արդյոք իշխանությունը պատրա՞ստ է Կոնգրեսի հետ երկխոսել՝ այն էլ ՀԱԿ-ի համար առանցքային համարվող հարցերի՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շուրջ:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտարարեց. «Իշխանությունը ոչ թե այս պահին, այլ երեք տարի է՝ պատրաստ է եղել երկխոսության, ու իշխանությունն է նախաձեռնել երկխոսությունը, այլ ոչ թե ՀԱԿ-ի մեր գործընկերները: Իշխանությունը պատրաստ է երկխոսության քաղաքական ցանկացած ուժի, այդ թվում՝ Կոնգրեսի հետ, եւ Հայաստանի համար կարեւորագույն որեւէ խնդիր այդ երկխոսության միջոցով քննարկելուն: Մեր այդ դիրքորոշման մեջ որեւէ բացառություն ի սկզբանե չի եղել»: Ինչ վերաբերում է կոնկրետ արտահերթ ընտրությունների պահանջի շուրջ երկխոսելուն, ապա ՀՀԿ խոսնակը մնում է այն համոզման, որ մեր երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ իրավական հիմքեր չկան. «Ես լրիվ բացառում եմ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ ԱԺ ընտրությունների հետ կապված էլ որեւէ հիմք չեմ տեսնում»:

Իշխանությունների այս դիրքորոշումն արդեն հայտնի է, բայց, այդուհանդերձ, արդյոք բացառվո՞ւմ են դրա շուրջ նաեւ հնարավոր բանակցությունները, քննարկումները՝ թեկուզ այդ պահանջի շուրջ միմյանց համոզելու համար: «Ինչ վերաբերում է բանակցություններին, հանդիպումներին կամ քննարկումներին, ապա իշխանությունը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, արդեն երեք տարի է՝ որդեգրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրների շուրջ քաղաքական տարբեր ուժերի հետ կառուցողական քննարկումների ու երկխոսության գործելաոճը, որովհետեւ մենք մշտապես համարել ենք, որ միայն հրապարակային, բաց երկխոսության միջոցով կարելի է հասնել մեր երկրում կայուն, աստիճանական զարգացման: Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման խնդիր ՀՀԿ օրակարգում դրված չէ»,- պնդեց Շարմազանովը՝ համարելով, որ դա բավականին սպառիչ պատասխան է:

ՀԱԿ առաջնորդը երեկ նաեւ հայտարարեց, թե իշխանության հետ երկխոսության ընթացքում չի անտեսելու նաեւ մարտի 1-ի 15 կետանոց մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն ՀԱԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում։

«Այդ մյուս խնդիրների մասին նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ասել է՝ ուժեղ է այն իշխանությունը, որը պատրաստ է լսելու ընդդիմության առաջարկներն ու քննադատությունները, եւ, իհարկե, ընդդիմության ու նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առողջ քննադատությունն օգնում է իշխանություններին զգոն լինել եւ կողմնակի աչքով ավելի լավ տեսնել այն թերությունները, որոնք կան մեր երկրում: Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ գիտենք, որ որեւէ մեկի քննադատության կարիքը չենք զգում: Ս. Սարգսյանի իշխանությունը, ՀՀԿ-ն այն ուժն են, որն ապացուցել է՝ պատրաստ է ոչ միայն խոսելու ու գործելու, այլեւ լսելու դիմացինի կարծիքը, եւ հենց հրապարակայնորեն է ապացուցել, որ հրապարակային երկխոսության եւ բաց քաղաքականության ջատագով է»,- հայտարարեց Էդ. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակին հարցրինք նաեւ իշխանությունների կողմից ՀԱԿ-ի հետ երկխոսության, բանակցություններ վարելու նպատակով պատվիրակություն ձեւավորելու հնարավորության, այդ պատվիրակության պոտենցիալ բանակցողների շրջանակի մասին, բայց Էդ. Շարմազանովն այդ հարցը շրջանցեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել