Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր ֆիլմ՝ «բեռնելով կյանքս»

Մայիս 31,2011 00:00

\"\"Երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի աշխատանքը «ֆուրոր» է արել

Մայիսի 26-ին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ցուցադրվեց Հակոբ Իսկուդարյանի շնորհալի սաներից մեկի՝ ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի ավարտական կուրսի ուսանող Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» (Loading my life) ֆիլմը:
Հարություն Շատյանը, պատասխանելով հարցին, թե ինչի՞ց ծնվեց գաղափարը, ասում է. «Ֆիլմը չնկարահանեցի զուտ դիպլոմային աշխատանքի համար, պարզապես համընկավ ժամանակաշրջանը, որ հենց այս ֆիլմը ներկայացնեմ՝ որպես դիպլոմային աշխատանք»: Ֆիլմը կառուցված է մեկ կերպարի շուրջ. երիտասարդն է ու տեսախցիկը: Արձանագրող սարքն այս դեպքում օգտագործվել է որպես կերպար: Ֆիլմի հերոսի, կերպարի, խնդիրների մասին պատմում է հենց ռեժիսորը. «Կարծում եմ՝ առաջինը երիտասարդությունը աշխատանքի տեղավորման խնդիր ունի: Մեր օրերում երիտասարդն ավարտում է ինստիտուտը, ու չգիտի՝ ինչ է անելու: Ավագ սերնդից շատ եմ լսել, որ խորհրդային ժամանակահատվածում երիտասարդներն ինստիտուտը ավարտելուց հետո կոնկրետ աշխատանք ունեին, այսօր նման բան չկա: Երկրորդ խնդիրը, որ ներկայացրել եմ ֆիլմում՝ շաքարային դիաբետով հիվանդ մի տղայի մասին է, ով պոլիկլինիկայից չի կարողանում իր հասանելիք անվճար դեղը ստանալ, որն արժե 7000 դրամ, այդ պատճառով ստիպված գողություն է անում: Գիտե՞ք, հասարակությունը կարող է գիտակից մարդուն հանցագործ սարքել»:
Ռեժիսորը գրեթե ամենուր ու ամեն ինչ նկարահանել է, ներկայացրել է լսածն ու տեսածը. հեռուստատեսություն, թաքնված տեսախցիկ ու նույնիսկ՝ գովազդ: Ֆիլմում ներկայացվում է նաեւ հայկական քաղաքակրթությունը, թե որտեղից ենք եկել ու ուր ենք գնում: «Այս հատվածը ես հաստատ պետք է դնեի: Զարմանալի է, թե ինչպես փոքր երեխան կարող է ուրախանալ, երբ իր աչքի առջեւ կենդանի են մորթում: Այն, ինչ իրական է, մեր մասին, տեղ է գտել ֆիլմում»,- նշում է Հ. Շատյանը:
Երիտասարդ ռեժիսորը ցավով է նշում, որ ինստիտուտը բավարար հնարավորություններ չունի ուսանողներին տեխնիկայով ապահովելու: Երիտասարդները լեցուն են գաղափարներով, բայց տեխնիկան իր սեւ գործն անում է: Օրինակ՝ Հարություն Շատյանը ինքնուրույն է արել ամեն ինչ. ֆիլմում դերասանն ինքն է, օպերատորը, մոնտաժողն ու ռեժիսորը՝ նույնպես, իսկ ֆիլմի երաժշտությունը գրել են Դավոն ու Դեր Հովան: «Ստիպված էի ֆիլմում օգտագործել կադրեր, որոնք բջջային հեռախոսով էի արել, բայց օգտագործեցի դա, իհարկե, գեղարվեստորեն: Փորձեցի անել այն, ինչ խելքիս փչեց. նույնիսկ Youtube-ից որոշ կադրեր ներբեռնեցի ու օգտագործեցի ֆիլմում»,-փաստում է Հ. Շատյանը:
Վերջինս կես կատակ, կես լուրջ ասում է, որ դասախոսական անձնակազմից սպասում էր քննադատությունների «տեղատարափ», բայց առաջին քննադատը եղել է մտերիմ ընկերներից մեկը՝ ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը: «Երբ գաղափարիս մասին ասացի Գրիգորին, սկզբում այնքան էլ չհավանեց: Որոշ բաներ նկարահանեցի, ցուցադրեցի կուրսիս ղեկավարին: Հակոբ Իսկուդարյանը թերահավատորեն վերաբերվեց: Մտածում էի՝ կասի՝ տղա ջան, էս ի՞նչ ես նկարել, բայց, իմ սպասելիքներին հակառակ, ասաց՝ ապրես, նոր շունչ կա… Գաղափարս հավանեց նաեւ Միքայել Դովլաթյանը, իսկ Վիգեն Չալդրանյանը, ով նախագահում է ժյուրին, ասաց՝ այս ֆիլմում արվեստ կա, այն կարելի է հաջողված համարել»,- պատմում է ռեժիսորը:
Հարություն Շատյանի ու Գրիգոր Հայրապետյանի ընկերությունը ձեւավորվել է մինչեւ ինստիտուտ ընդունվելը. նրանց «ընկերացրել» է կինոն: Գ. Հայրապետյանը ժպտալով ասում է. «Քանի որ ֆիլմի վրա գրեթե գումար չի ծախսվել, հովանավորներ չեն եղել, ես եմ եղել ֆիլմի առաջին քննադատը: Ինչը չեմ հավանել՝ Հարությունը հանել է: Հետեւել եմ նկարահանումների ողջ ընթացքին»:
Ֆիլմում բեռնվում է մարդու կյանքը, ու մինչեւ վերջ error չի լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել