Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարության հերթական թյուրիմացությունը

Մայիս 31,2011 00:00

\"\"Ըստ lragir.am-ի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով հայտարարել էր, թե նախարարությունը ցանկանում է գնել առաջին անգամ հայերեն թարգմանված եւ մեծ ուշադրության արժանացած Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը:  «Ուլիսեսը» առաջին անգամ հայերեն թարգմանել է հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը.  ավելի քան 700 էջանոց այս գիրքը տպագրվում էր պատվերով, ու  վաճառվում 25 հազար դրամ: Վերջերս lragir.am-ին տված հարցազրույցում Սամվել Մկրտչյանը տեղեկացրել էր, որ դադարեցված է գրքի տպագրությունը, մինչդեռ Հասմիկ Պողոսյանը հայտարարել էր, թե իրենք պատվիրել են «Ուլիսեսի» 20 օրինակ, ու հիմա գրքի գնման պրոցեսը փաստաթղթային ձեւակերպման փուլում է, որից հետո արդեն նախարարությունը ձեռք կբերի իր օրինակները:
Սամվել Մկրտչյանին շատ էր զարմացրել մշակույթի նախարարության հայտարարությունը ու նա  Facebook-ի իր էջում գրել էր. «Փաստորեն՝ անձիս երկվության մասին լուրը կարծես թե իրականություն է դառնում: Ես՝ Սամվել Մկրտչյանս, որ այս պահին գտնվում եմ (կամ՝ է) արտերկրում, lragir.am-ից տեղեկանում եմ (կամ՝ է), որ մշնախարարությունը պատվիրել է «Ուլիսեսի» 20 օրինակ՝ ամենայն …հավանականությամբ այս պահին Երեւանում գտնվող Սամվել Մկրտչյանին, եւ որ «գրքի գնման պրոցեսը փաստաթղթային ձեւակերպման փուլում է»: Ես՝ Սամվել Մկրտչյանս, Երեւան վերադառնալուց անմիջապես հետո դատի եմ տալու Սամվել Մկրտչյանին՝ թարգմանչի հեղինակային իրավունքը խախտելու եւ մշնախարարության հետ գաղտնի գործարքներով զբաղվելու համար»:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանին խնդրեցինք մեկնաբանել սկանդալային այս միջադեպը. ի վերջո, նախարարությունը գնե՞լ է գրքի 20 օրինակ, թե՞ ոչ: Տիկին Դուրգարյանը կատարվածը թյուրիմացություն որակելով՝ «Առավոտին» հայտնեց, որ նախարարությունը  գրքերը գնելու իրավունք չունի եւ այդ գործառույթը իրականացվում է «Գիրք» հիմնադրամի միջոցով: Ըստ Դուրգարյանի, նախարարությունը 500000 դրամ փոխանցել է այդ հիմնադրամին, որպեսզի վերջինս Սամվել Մկրտչյանից ձեռք բերի «Ուլիսեսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել