Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 31,2011 00:00

Կա՞  կապ եղբոր «ղումարի» եւ քրոջ ինքնասպանության միջեւ

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, մայիսի 29-ի կեսգիշերին  ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մեկ-երկու օր առաջ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սեւանի փողոցի 18-ամյա բնակիչ Վիգեն Գասպարյանի հետ, ով մարմնական վնասվածքներ է ստացել: Արդեն մայիսի 29-ի առավոտյան Կոտայքի բաժնի ոստիկանները ճշտում են Վ. Գասպարյանի բնակության վայրը եւ նրան բերման ենթարկում ոստիկանություն: Այստեղ պարզվում է հետեւյալը. Վ. Գասպարյանը Աբովյանում իրենց շենքի հարեւանությամբ գործող բիլիարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է պարտվում ոչ ավել-ոչ պակաս՝ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մարատ Գրիգորյանի եղբոր՝ Աշոտի որդուն՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մամիկոն Գրիգորյանին՝ Մամոյին: Վիգենի՝  խաղագումար պարտվելու մասին իմանում են նրա բարեկամները: Հարազատներից Նվերը Բելգիայից զանգում է գաղութի պետի եղբորը՝ Աշոտին, ով իր պատիժն է կրում կալանավայրում: Աշոտը դատապարտվել է անցյալ տարի, երբ Նոր Նորքի ոստիկանները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց վնասազերծեցին եւ զինաթափեցին մեծ թվով անձանց, այդ թվում՝ հանցագործ աշխարհի մի քանի ներկայացուցիչների, որոնցից էր նաեւ հիշյալ Աշոտը: Նվերի «հեղինակավոր» զանգի արդյունքում 100 հազար դրամը դառնում է 50 հազար: Այդ 50 հազարը Վիգենին ուղարկում է Թալինում ապրող թոշակառու տատը՝ Վերժինեն: Գումարը Թալին-Երեւան «Գազելի» վարորդ, հավատացյալ Արթուրից Վիգենը ստանում է Երեւանում: Գումարը ստանալուց  հետո Վիգենը վերադառնում է Աբովյան եւ մտնում Կինոյի շենքում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ եւ դա էլ է պարտվում: Կրկին խաղամոլուցքով տարվելու հանգամանքը Վիգենը պատճառաբանել է նրանով, որ ցանկացել է 50 հազարը կրկնապատկել, որի արդյունքում ե՛ւ պարտվածը կտա գաղութի պետի եղբոր տղային, ե՛ւ տատիկի գումարը կվերադարձնի: «Տոտոյից» դուրս գալուց հետո, ըստ իր պատմածի, ժամը 16-ի սահմաններում փակ համարով իրեն են զանգել եւ ասել, որ «խոսալու բան կա»: Կանչել են հանդիպման 7-րդ դպրոցի մոտ գտնվող «լճի սադում»: Հանդիպմանը նա գնացել է մենակ: Այնտեղ, ըստ Վիգենի, 20-25 տարեկան 3 հոգի մոտեցել են իրեն եւ կենցաղային հարցերի շուրջ վիճել: Այս 3-ը ծեծել եւ քաշքշել են Վիգենին, իսկ նրանցից մեկը գրասենյակային դանակ-սրիչով վնասվածք է պատճառել նրան, որից հետո սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Վիգենը համարանիշները չի հիշում: Մայիսի 29-ին ոստիկանություն կատարած մեր այցելության ժամանակ Աբովյանի բաժին էին հրավիրվել Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութի պետ Մարատ Գրիգորյանը, նրա որդին՝ Մաքսիմ Գրիգորյանը՝ Մաքսը, եւ Աշոտի որդին՝ Մամիկոն Գրիգորյանը: Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պետք է պարզվեն հանգամանքները, թե արդյոք նշված անձինք կապ ունե՞ն Վ. Գասպարյանին ծեծի ենթարկելու փաստի հետ:
Մայիսի 28-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ինքնասպանություն գործելու նպատակով երիտասարդ աղջիկ է նետվել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, դիտահարթակից ներքեւ, քարերի մեջ հայտնաբերում են մահացած աղջկա դին: Պարզվում է, որ ինքնասպանը Վիգենի քույրն է՝ 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը, ով վերջերս է Ռուսաստանից վերադարձել Հայաստան՝ անձնագիր ստանալու համար: Կիրակի օրը մեզ հետ զրույցում աբովյանցիները նշում էին, որ ոստիկանությունը պետք է օբյեկտիվ քննություն կատարի՝ պարզելու, թե արդյոք 16-ամյա Տաթեւիկի ինքնասպանությունը կապ ունի՞ իր եղբոր մոտ առաջացած խնդիրների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել