Երկուշաբթի օրը զինված մարդկանց մի խումբ հարձակման է ենթարկել Աֆղանստանի արեւելյան Գերատ քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի իտալական հենակետը: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով իտալական La Repubblica-ն:
Աղբյուրի մատուցմամբ, առնվազն երկու մահապարտ-ահաբեկիչներ հենակետի մոտ իրենց պայթեցրել են, որից հետո այլ գրոհայինների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Զոհերի եւ վիրավորների թվի մասին տեղեկությունները տարբեր են: Sky News-ը հաղորդել էր կոալիցիայի 15 զինվորի սպանության մասին, սակայն Իտալիայի պաշտպանության նախարարությունում հերքել էին այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ զինծառայողների թվում զոհեր չկան, բայց կան վիրավորվածներ: Աֆղանական ոստիկանության տվյալներով, երկու մարդ սպանվել, 26-ը վիրավորվել են: Al Jazeera-ն հաղորդել է 4 զոհի եւ 28 վիրավորի մասին, իսկ Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել է, թե օտարերկրյա զինվորական համազգեստով մի քանի սպանված զինվորականների դիեր են տեսել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Թալիբների ներկայացուցիչ Կարի Յուսուֆ Ահմադին հայտարարել է, որ իտալական ռազմական հենակետի վրա հարձակմանը մասնակցել է 4 մահապարտ գրոհային:
Տեղի ոստիկանության պետ Ֆարուկ Կոհիստան հաղորդել է, թե Գերատեում երկուշաբթի օրը ահաբեկչական երկու ակտ են տեղի ունեցել, որից մեկը եղել է ՆԱՏՕ-ի հենակետի մոտ, մյուսը՝ քաղաքի կենտրոնում: Ըստ այդմ, հարձակման է ենթարկվել երկու տարբեր օբյեկտ, ներառյալ՝ նահանգապետի նստավայրը: