Արտահերթ նախագահական ընտրությունները Աբխազիայում կկայանան առաջիկա երեք ամիսների ընթացքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, որի մատուցմամբ, այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծակի մահը Աբխազիայի քաղաքական դաշտում կատարյալ անորոշություն է ստեղծել: Արդեն երկրորդ օրն է, ինչ Սուխումում, Թբիլիսիում եւ Մոսկվայում փորձում են կանխատեսել՝ ո՞վ է լինելու Աբխազիայի երրորդ նախագահը: Վերլուծաբանները հիմնականում երեք թեկնածուի անուն են մատնանշում:
Առաջինը՝ փոխնախագահ, այժմ արդեն նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբն է: Նա Բագապշի մերձավոր զինակիցներից էր, լավ կապեր ունի Մոսկվայում, որտեղ 90-ականներին բիզնեսով է զբաղվել: Աբխազական հանրության շրջանում Անկվաբը միանշանակ չի ընկալվում, ինչի անուղղակի ապացույցը նրա դեմ իրականացված մահափորձերի քանակն է: 2005-2007թթ. -ներին, այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Անկվաբի դեմ 5 անհաջող մահափորձ է իրականացվել:
Նախագահության մյուս իրական թեկնածուն գործող վարչապետ, երկար տարիներ Աբխազիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Շամբան է (նկարում), որն ամենագերադասելի թեկնածուն է Աբխազիայում բնակվող հայերի համար: Հիշեցնենք, 1998-ի աշնանը մասնագիտությամբ պատմաբան Շամբան իր դոկտորական թեզը պաշտպանել է հենց Երեւանում:
Աբխազիայի նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներից եւս մեկը խորհրդային Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա, Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան է: Ավանդաբար նրա օգտին է քվեարկում Աբխազիայի ազգայնական ընտրազանգվածը:
«Առաջիկա ընտրությունները Աբխազիայի քաղաքական վերնախավի եւ ողջ հանրության հասունության իրական քննություն կլինեն», – գրում է Վաշինգտոնի Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, առաջիկա ամիսներին միջազգային ակտիվությունը Աբխազիայի շուրջ կաշխուժանա, կակտիվանան ոչ միայն ռուսական, այլեւ թուրքական, վրացական, արեւմտյան դիվանագիտության ներկայացուցիչները:
«Արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե որքանով է հարգում Աբխազիայի անկախության ճանաչման սեփական որոշումը պաշտոնական Մոսկվան: Կասկած չկա, որ Աբխազիան ի վիճակի է ինքնուրույնաբար ընտրել իր առաջնորդին»,- նշում է Զլոբինը:
Այսօր Աբխազիայում ստեղծված իրավիճակը եւ առաջիկա արտահերթ ընտրությունների անցկացումը պաշտոնապես մեկնաբանել է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն: «Որեւէ մեկն իրավունք չունի Վրաստանի տարածքում անջատական ընտրություններ կազմակերպել: Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ընտրությունները որեւէ հիմք չունեն եւ անօրինական են»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: