Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման (ձախից առաջինը) ժամանել է Տրիպոլի՝ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ բանակցելու նապատակով: BBC-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ Զուման փորձելու է հասնել այն բանին, որ կրակն անհապաղ դադարեցվի, որպեսզի երկիրը կարողանա մարդասիրական օգնություն ստանալ եւ հակամարտությանը վերջ դնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Մինչ այդ, Լիբիայի պետական հեռուստաընկերության մատուցմամբ, ՀԱՀ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հեռախոսային զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել նախագահ Զումայի եւ Աֆրիկյան միության միջնորդական ջանքերին ու ընդգծել լիբիացիների կողմից եւ առանց արտաքին միջամտության հակամարտությունը լուծելու կարեւորությունը:
Շատերի կարծիքով, նախագահ Ջեյկոբ Զուման Լիբիա է մեկնել Քադդաֆիի ռեժիմի եւ ապստամբների միջեւ հակամարտության խաղաղ լուծում գտնելու մի վերջին փորձ անելու համար: Առայժմ հայտնի չէ, թե որն է լինելու այդ այցի գլխավոր թեման, բայց կարծիք կա, թե ՀԱՀ նախագահը մտադիր է քննարկումները կենտրոնացնել Քադդաֆիի՝ իշխանությունից հեռանալու հարցի վրա: Հիշեցնենք, որ Լիբիայի ապստամբները փետրվարից ի վեր հրաժարվում են Քադդաֆիի հետ բանակցություններ վարել, քանի դեռ երկրի ղեկավարը չի համաձայնել հրաժարվել իշխանությունից: Ի դեպ, նախագահ Զումայի գլխավորած կուսակցությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը, դատապարտել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Լիբիայի ռմբակոծությունը: Մյուս կողմից, գնալով մեծանում է միջազգային հանրության ճնշումը Քադդաֆիի ու նրա ռեժիմի վրա: Անցած ուրբաթ օրը «Մեծ ութնյակը» Քադդաֆիին կոչ էր արել հրաժարական տալ, իսկ շաբաթ օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե Քադդաֆին այլեւս Լիբիան առաջնորդելու իրավունք չունի: Լիբիացի ապստամբները ողջունել էին «Մեծ ութնյակի» հայտարարությունը:
Այլ աղբյուրներ հաղորդում են, թե Քադդաֆին պատրաստ է վայր դնել իր լիազորությունները՝ պայմանով, որ իրեն եւ իր ընտանիքի անդամներին անվտանգության երաշխիքներ տրվեն: Արաբական թերթերի փոխանցմամբ, Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը գլխավորում է աշխատանքային այն խումբը, որը ընդդիմության հետ քննարկում է «հոր կողմից իշխանության անվտանգ եւ արժանապատիվ հրաժարման» գործընթացը: Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը՝ ընդդիմության ղեկավար մարմինը, իր հերթին պատրաստ է «աչք փակել» Քադդաֆիի փախուստի վրա՝ որեւէ աֆրիկյան երկիր, որը Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնելու մասին պայմանագիր չունի: