Կամ կրթական զավեշտ
Վերջերս անցկացվեց հանրակրթական դպրոցի դասագրքերի հերթական «մրցույթը»: Հանրապետության կրթական կյանքի այս կարեւորագույն միջոցառումը միայն ձեւի մեջ էր մրցույթ, իսկ իրականում այն կատարյալ զավեշտ էր: Իսկապես, չի կարելի միջոցառումը մրցույթ անվանել, երբ նրա արդյունքները նախապես կանխորոշված են, երբ խախտված են պետության օրենքն ու մրցույթի պայմանները, երբ այդ արդյունքները կանխորոշող մարմինը իր ցանկությամբ ընտրում է մրցույթի ժյուրին կամ մրցութային հանձնաժողովը, երբ այդ հանձնաժողովի կազմում հայտնվում են անհրաժեշտ մասնագիտական եւ բարոյական որակներից զուրկ մարդիկ: «Հանրահաշիվ 7-9» խմբաքանակի բովանդակությունը գնահատող ուսուցիչների հանձնաժողովի գնահատականների եւ կարծիքի արդյունքում 12 տարի հանրակրթությունում գործող, երկու անգամ նմանատիպ մրցույթներում բարձր գնահատականի արժանացած դասագրքերը դուրս մնացին մրցույթից: «Հաղթեց» ՌԴ-ում ամենացածր վարկանիշ ունեցող դասագիրքը: ԿԳՆ-ը առայժմ գաղտնի է պահում դասագրքերին տրված հանձնաժողովի գնահատականները: Այդ պատճառով կանդրադառնամ միայն հանձնաժողովի կարծիքին, կարծիք, որը լիովին հաստատում է նրա անդամներին վերեւում տված որակումը: Ձեռագիր երկու էջ կազմող այս «ստեղծագործության» մեջ թույլ են տրված հայոց լեզվի բազմաթիվ սխալներ: Ահա լեզվական տգիտության մի իսկական «գոհար». «Իսկ 47 վարժության պահանջով վերականգնել x – y + z արտահայտության փակագծերը գրեթե մնում են անհասկանալի»: Այստեղ, իհարկե, խոսքը միայն մասնագիտական անգրագիտության մասին չէ: Եվ հայոց լեզվի տարրական գրագիտությունից զուրկ այս մարդիկ, ցուցադրելով նաեւ իրենց մտքի կաղ տրամաբանությունը, դիտողություններ են անում դասագրքի ու նրա լեզվի մասին: Հանձնաժողովի անդամների մասնագիտական անգրագիտությունը վկայող շատ տողեր կան այս կարծիքում. հակադիրների հավասարության հատկության ընկալումը որպես հակադիրի սահմանման կոռեկտություն, լատինական այբուբենի վերաբերյալ պարզ խնդրի լուծման բարդ եւ անբնական եղանակի առաջադրում, կրճատ բազմապատկման յոթ բանաձեւերի շարադրման համար տասը եւ ավելի պարագրաֆների նախատեսում, պարամետրական հավասարման նշանակության աղավաղում եւ այլն, եւ այլն: Հանձնաժողովը, օրինակ, իր «սկզբունքներից» մեկում կատարելով անհեթեթ դիտարկում դասի վերնագրերի մասին, դասագրքի «մեծի եւ փոքրի նշանները միմյանցով փոխարինելու օրենքը» արտահայտությունը աղավաղելով, ներկայացնում է որպես «մեծ եւ փոքր նշանները միմյանցով փոխարինելու օրենքներ» վերնագրով պարագրաֆ: Ոչինչ, որ օրենքը դարձել է օրենքներ, իսկ դասագրքում նման պարագրաֆ գոյություն չունի: Բայց անհեթեթություն է «մեծ նշան» արտահայտությունը որպես հանրահաշվական տերմին գործածելը կամ այն դասագրքի հեղինակին վերագրելը: Ահա հանձնաժողովի անդամների ինտելեկտուալ ցածր մակարդակի միայն մեկ վկայություն. «Նյութը այդպիսի գիտականությամբ ներկայացնելը հանրակրթական ծրագիրը վերածում է մասնագիտական դասընթացի, իսկ դասագրքերը` գիտական մենագրությունների»: Հարգելի հանձնաժողով, ձեզ համար թերեւս ներելի է «մենագրություն» բառի իմաստը չհասկանալը, բայց արժեր իմանալ, որ նյութը դասագրքում ինչպես էլ ներկայացնես` դրանից ծրագիրը չի փոխվի, առավել եւս` դասընթաց չի դառնա: Հանձնաժողովի «դատողությունները» հայոց լեզվի եւ ուսումնական այլ առարկաների հետ միջառարկայական կապերի, վարժությունների համակարգի չափորոշչային մակարդակների համապատասխանության վերաբերյալ եւ նման այլ դիտողություններ ցույց են տալիս, որ նրա անդամները չեն հասկանում չափորոշչային պահանջները: Ավելին, դասագրքին հասցեագրված դիտողությունների մի մասը վերաբերում է հենց պետական չափորոշիչին եւ ծրագրին: Այստեղ, արդեն, հանձնաժողովը խախտում է Հայտահրավերի պահանջները եւ փոխանակ պարզելու դասագրքերի համապատասխանությունը պետական կարեւորագույն փաստաթղթերին, արհամարհում է դրանք: Հանձնաժողովի այս անօրինական գործողությունները ավելի ակնառու են դառնում թարգմանված դասագրքերը գնահատելիս. այլ երկրի պետական չափորոշիչով եւ ծրագրով գրված այդ դասագրքերը չեն համապատասխանում մեր երկրի պետական չափորոշիչին եւ ծրագրին եւ պետք է դուրս թողնվեին մրցույթից: Սակայն հանձնաժողովը չի կատարել Հայտահրավերի պահանջները եւ թույլ է տվել կեղծիք: Հանձնաժողովը գտնում է, որ «7 =րդ դասարանում հանրահաշվի մուտքը կատարվում է մեծ ծավալով եւ այնպիսի գիտականությամբ, որը մատչելի չէ տվյալ տարիքի երեխայի առանձնահատկություններին եւ զարգացման աստիճանին» (դիտողությունը, իհարկե, կատարված է մեր ներկայացրած դասագրքի վերաբերյալ, իսկ ոչ գրագետ ձեւակերպումը արդյունք է մանկավարժահոգեբանական պատրաստվածության ցածր մակարդակի): Իսկ համապատասխանո՞ւմ է «տվյալ տարիքի երեխայի առանձնահատկություններին» մեկ տարով մեծ երեխաների համար գրված ռուսական դասագիրքը: Այս հարցի պատասխանի մասին պատվեր կատարող հանձնաժողովը, վստահ եմ, չի էլ մտածել: Կողմնակալությունը ակնհայտ կդառնա, եթե նշեմ, որ մեր ներկայացրած դասագրքի մուտքում (գլուխ 1-ին, «Հանրահաշվի լեզուն») բերվում է ընդամենը 7 օրենք, կանոն կամ հատկություն, որոնք էլ ընդգծում են շարադրանքի գիտականությունը, իսկ մրցույթին ներկայացված եւ «հաղթած» ռուսական դասագրքի մուտքում (գլուխ 1-ին, «Իրական թվեր») նշված բանաձեւումների քանակը 30-ից ավելի է (տվյալները վերցված են թարգմանվող գրքի ռուսերեն տարբերակից): Միտումնավոր եւ բացարձակ կեղծ է նաեւ հանձնաժողովի կարծիքն այն մասին, որ մեր ներկայացրած դասագրքերը տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Միտումնավոր է հանձնաժողովի այն պնդումը, որ «9-րդ դասարանի նյութի ծավալը շատ է, որի հետեւանքով աշակերտները չեն հասցնում ամփոփել անցած նյութը եւ նախապատրաստվել ավարտական քննություններին»: Ինչպե՞ս է հանձնաժողովը մրցույթի ներկայացված 40% նյութով կռահումներ կատարում դասագրքի մնացած 60% -ի մասին: Նշեմ նաեւ, որ հանրահաշվի դասընթացի կրկնության եւ ավարտական քննություններին նախապատրաստվելու համար ՈՒՁ-ով նախատեսվում է հատկացնել 30 ժամ, այսինքն` տասը շաբաթ: «Կարծիքի» նախաբանից հետո հանձնաժողովը գրում է. «Նշենք դասագրքին վերաբերող մի քանի սկզբունքներ, որոնք առաջացնում են բազմաթիվ կրթական խնդիրներ», բայց շարադրելով անհեթեթ դիտողությունների շարքը, այդպես էլ «դասագրքին վերաբերող» որեւէ սկզբունք չի ներկայացնում եւ «կարծիքն» ավարտում է այսպես. «այս սկզբունքով մշակված դասագիրքը չի ծառայում հանրակրթական դպրոցում հանրահաշիվ առարկայի կրթական խնդիրների լուծմանը»: Իսկ ո՞ր սկզբունքի մասին է խոսքը, հարգարժան հանձնաժողով: «Կարծիքում» ես միայն մի սկզբունք եմ տեսնում` միտումնավորություն: Նրանում բացակայում են հայերեն ճիշտ գրված նախադասությունները, տրամաբանված մտքերը, անաչառ մասնագիտական գնահատականները, գնահատականներ, որոնցից եւ ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը: Բերված եզրակացությունը, կարծիքն ամբողջությամբ հաստատում են, որ այն ներկայացնողները հեռու են «հանրահաշիվ» առարկայի կրթական խնդիրներից եւ իրենց հանձնարարված կարեւորագույն գործի կատարման համար անհրաժեշտ գիտական, մեթոդական եւ բարոյական որակներից: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է նրանց վստահվել կրթական համակարգի համար առանցքային եւ պատասխանատու այս աշխատանքի կատարումը, կամ ինչո՞ւ պետք է նման անգրագիտության արդյունքում որոշում կայացվի մարդկանց տասնյակ տարիների աշխատանքի, պետական նշանակություն ունեցող գործի վերաբերյալ: Մի՞թե մրցույթի կազմակերպիչների մակարդակը չի ներել տեսնելու հանձնաժողովի թույլ տված անգրագիտությունները, թե՞ նրանք ունեցել եւ իրականացրել են կրթության հետ կապ չունեցող խնդիրներ: Ինչո՞ւ են խախտված «Կրթության մասին» ՀՀ օրենքը եւ վերացված այլընտրանքային դասագրքերը: Կամ ինչո՞ւ պետք է դասագրքերի մրցույթը անցկացվի հրապարակայնության բացակայությամբ եւ երեք ուսուցիչներ կարողանան որոշել դպրոցական դասագրքի ճակատագիրը: Նման ձեւով անցյալ դարի երեսնականներին հայտնի «եռյակները» հասարակության աչքից հեռու որոշում-տնօրինում էին մարդկանց ճակատագրերը: Հիմա ԿԳՆ «եռյակները» որոշում են կրթական արժեքների ճակատագրերը: Սրանք հարցեր են, որոնք բերում են հիմնական հարցադրմանը` ո՞վ կամ ովքե՞ր եւ ինչպե՞ս են այսօր ղեկավարում մեր երկրի հանրակրթությունը: Բայց սա քննարկման առանձին նյութ է, եւ ինձ առայժմ մնում է միայն ներկայացնել այս հրապարակման գլխավոր հերոսներին կամ կրթական «եռյակը»: Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը մրցույթի նախօրերին փոխնախարար Մանուկ Մկրտչյանին էր ներկայացրել իր դիտողությունները հանրահաշվի գործող դասագրքերի վերաբերյալ: Ես փոխնախարարին ցույց տվեցի այդ դիտողությունների անհեթեթությունը, նրա հեղինակի` դասագիրք գնահատելու անկարողությունը: Փոխնախարարը կարծես համաձայնեց ինձ հետ, բայց, այնուամենայնիվ, իր ընկերոջը մտցրեց դասագրքերը գնահատող հանձնաժողովում: Արտառոց է Ղափանի թիվ 9 դպրոցի ուսուցչուհի Ռուզան Բադալյանի հայտնվելը հանձնաժողովում: Այս «հազվագյուտ» մասնագետի համար նախարարությունը հյուրանոց է վարձել, օրապահիկ տվել, որպեսզի սա իրականացնի դասագիրքը չափորոշիչի եւ ծրագրի պահանջներին համապատասխանելու դժվարագույն խնդրի լուծումը՝ այն դեպքում, երբ չի կարողանում իրարից տարբերել չափորոշչային նվազագույն մակարդակի համար նախատեսված հասկացություններ (այդ են վկայում տպագրության ներկայացրած նրա աշխատանքը եւ այն գրախոսողի կարծիքը): Ուսուցչական «եռյակի» մյուս անդամը` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսմասվար Ինգա Վարդանյանը դպրոցի տնօրեն դառնալու խնդիրներ ունի եւ, բնականաբար, կատարում է իր շեֆերի հանձնարարությունը: