Մայիսի 29-ին կայացած Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առավելագույն ձայն է ստացել ամենաերիտասարդ թեկնածուն՝ 23-ամյա Հովիկ Խեմչյանը: Նա ստացել է 767 ձայն: Ամենաքիչ ձայն՝ 70, ստացել է ամենատարեց թեկնածուն՝ 59-ամյա թոշակառու ոստիկան Ռաֆիկ Բաղմանյանը: Ընտրությունները ընթացել են ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում, քվեարկությանը ցուցակային 14 հազար ընտրողներից մասնակցել է 8969-ը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ ավագանու անդամ են ընտրվել Հասմիկ Ամիրյանը, Նարինե Գրիգորյանը, Գրիգոր Դանիելյանը, Արտակ Խաչատրյանը, Հովիկ Խեմչյանը, Վահե Ղալումյանը, Վարդան Ղալումյանը, Ազատ Նազարյանը, Կարեն Ներսիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սամվել Չիբուխչյանը, Գարիկ Սուքոյանը, Էմիլ Վարդապետյանը, Նարեկ Օհանյանը, Վարդան Օրդինյանը: Ընտրվելու անցողիկ շեմը 285 ձայնն է: Թիվ 41 ԸԸՀ նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացա, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Մայիսի 30-ին, ժամը 14-ին կայացավ թիվ 41 ԸԸՀ նիստ, որը հաստատեց ընտրությունների արդյունքները: Ամփոփելով արդյունքները, կարելի է փաստել, որ ընտրվել է քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից՝ 7, նրան ընդդիմադիր՝ 6 թեկնածու: Քաղաքապետի գործունեությունը քննադատող 6 թեկնածուներից 5-ը 2009թ. հոկտեմբերին քաղաքապետին անվստահություն հայտնած ավագանու անդամներն են, նաեւ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող, ամենաշատ ձայներ ստացած Հովիկ Խեմչյանը: Ավագանու նիստերի քվեարկությունների ժամանակ ամեն ինչ կորոշեն քաղաքապետ-ավագանի հակամարտության մեջ առայժմ չեզոք երկու նորընտիր ավագանիները՝ Իջեւանի շուկայի տնօրենի որդի, անհատ ձեռներեց Նարեկ Օհանյանը (ով նախկինում էլ ավագանու անդամ է եղել) եւ Տավուշի փոխմարզպետ Վահե Վարդապետյանի եղբայր, Իջեւանի անտառտնտեսության տնօրենի տեղակալ, ՕԵԿ անդամ Էմիլ Վարդապետյանը: Իջեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կայացել էին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ավագանու նախկին կազմի հակամարտության պատճառով: Ավագանու անդամ էին ընտրվել ՀՀԿ 5 անդամներից 3-ը, ՀՅԴ երկու թեկնածուներից մեկը, ԲՀԿ եւ ՕԵԿ մեկական թեկնածուներ: Ընդ որում՝ ՀՀԿ 3 թեկնածուներից ավագանի ընտրված 2-ը՝ Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկության տնօրեն Սամվել Չիբուխչյանը եւ Իջեւանի վարժարանի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Ամիրյանը, ամենայն հավանականությամբ, կսատարեն վերջերս ՀՀԿ անդամ դարձած քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, իսկ «Արամնա» ՍՊԸ հերթափոխի պետ Հովիկ Խեմչյանը քննդատությամբ է վերաբերվում քաղաքապետի գործունեությանը: