Որո՞նք են ՏԻՄ-երի կայացման խոչընդոտները, ինչպե՞ս եւ ինչո՞վ օգնել՝ հաղթահարելու համայնքների առջեւ ծառացած խնդիրները, ինչպե՞ս դառնալ լիդեր եւ տեղ զբաղեցնել ոչ միայն համայնքի, այլեւ երկրի ղեկավարման համակարգում, ի՞նչ է պակասում մեզ՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտը կայացնելու գործում. Ծաղկաձորում այս եւ այլ հարցերն էին ամփոփում հանրապետության 130 դպրոցականներ՝ 7-րդ անգամ մասնակցելով Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշընլի եւ գործընկեր՝ «Զարգացման սկզբունքներ» հ/կ-ի կազմակերպած համաժողովին:
Համաժողովին մասնակից գյուղական համայնքները ներկայացնող 26 ԱՅՈ մանկապատանեկան ակումբները, որոնցից յուրաքանչյուրն իր համայնքում գործում է պետության փոքրիկ մոդելի ձեւով եւ կառավարվում իրենց իսկ խորհրդարանի կողմից, կառավարման առաջին քայլերը սկսել է տեղական ինքնակառավարման համակարգի ղեկավարման այբուբենը սերտելուց: Ճիշտ է՝ առայժմ գյուղապետարան-մանկապատանեկան խորհրդարան շփումը առաջարկության ու խորհրդատվության տիրույթում է, բայց Հեյֆերի կազմակերպած դասընթացների շնորհիվ նորելուկ խորհրդարանականները վստահ են, որ աստիճանաբար կյուրացնեն նաեւ ղեկավարման արվեստը: «Ղեկավարը պետք է համակողմանի կրթված ու զարգացած լինի» սկզբունքով երեխաները հասցրել են գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն քաղաքացիական իրավունքի եւ կրթության, այլեւ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության ու լրագրության, ինչպես նաեւ՝ բիզնես-ոլորտներում:
Հատկապես վերջինով հետաքրքրվածներն իրենց վերլուծություններում եկան եզրակացության, որ բիզնես-ոլորտն ակտիվացնելու համար ոչ թե պատճառներ են հարկավոր, այլ լուծումներ:
Եթե այդ ճակատում նրանք դատում էին սոսկ տեսական գիտելիքներով, ապա նույնն ասել չի կարելի տեղական ինքնակառավարման վերաբերյալ: Հեյֆերի ակումբները կամ, որ նույնն է՝ մանկապատանեկան խորհրդարանները, պարբերաբար այցելում են իրենց համայնքների ղեկավարներին՝ գյուղում առկա հիմնահարցերը իրենց հնարավորություններով լուծելու առաջարկությունների փաթեթներով:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի «Արմաղան» ակումբի անդամներին, օրինակ, անհանգստացրել են գյուղամիջյան կեղտոտ փողոցներն ու խմելու ջրի խնդիրը: «Գյուղում ընտանիքներ կային, որ խմելու ջուրը հեռու տեղերից էին բերում: Բայց կային նաեւ այնպիսիք, որոնց բակերում ջուրն անխնա հոսում էր: Որպեսզի եւ ջրի աննպատակ ծախս չլիներ, եւ դրանից հավասարապես օգտվեր ողջ համայնքը, առաջարկությամբ մտանք գյուղապետի մոտ եւ ասացինք, որ միջոցներ ձեռնարկի ջուրն ամենքին հավասար հասցնելու համար: Համատեղ քննարկումներից հետո որոշում կայացվեց, որով բնակիչները պարտավորվում էին բակերի ծորակները տեղափոխել տներ: Իսկ որոշմանը չեթարկվողներից, հօգուտ տեղական բյուջեի, 3000 դրամ բռնագանձել: Պատկերացրեք՝ այդ հարցը լուծվեց»,- «Առավոտին» ներկայացրեց ակումբի անդամ Մարիամ Հակոբյանը:
Ակումբականների ներկայացմամբ՝ գրեթե բոլորն իրենց համայնքների ղեկավարներին «հարկադրել» են լսել եւ ընդունել իրենց դիտողությունները, մասնավորապես՝ աղբահանության ոլորտում:
Շիրակի մարզի Ծաղկուտ համայնքից Թամարա Խեչոյանը պատմեց, որ իրենց մշտադիտարկման արդյունքում արձանագրել են անբարեկարգ ու աղբի մեջ կորած փողոցներ եւ կարողացել հասնել նրան, որ գյուղապետը աղբատար վարձակալի եւ գյուղում ամիսը երկու անգամ աղբահանություն իրականացնի:
Ակումբականների պատմելով՝ իրենք անձամբ են մասնակցում աղբահանությանը: «Օգնում ենք՝ աղբը բարձել մեքենայի մեջ: Ինքներս մշտապես մաքրում ենք տարեցների բակերը, հետեւում, որ ամեն մեկը մաքրություն պահպանի: Թեեւ հսկողությունը ստանձնել է ակումբի բնապահպանական ոստիկանությունը, բայց նրանց մենակ չենք թողնում, բոլորս ենք հսկում»,- ասաց Արմինե Թարզյանը՝ Ծաղկուտից:
Որպեսզի հասկանան, թե առկա հիմնահարցերից որն է առաջնայինը, ակումբների լրագրղներն իրենց գյուղերում սոցհարցում են իրականացնում: Ըստ հարցման արդյունքների եւ առաջնահերթության, փոքրիկ խորհրդարանականները առաջարկությունների ցուցակ են կազմում եւ շտապում գյուղապետարան:
Գյուղապետերը հիմնականում հավանություն են տալիս այն առաջարկություններին, որոնք կարելի է իրականացնել նվազագույն ծախսերով: Օրինակ՝ համաձայնում են տեղ հատկացնել ծառատունկի համար եւ ապահովել այդ վայրը ոռոգման ջրով կամ՝ լուսավորել մեկ-երկու փողոց: Ակումբականների մի շարք առաջարկներ էլ մերժվում են՝ միջոցների սղության պատճառով: Մասնավորապես՝ անպատասխան են մնում գյուղամիջյան՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների վերանորոգման առաջարկները: «Եթե ես գյուղապետ լինեմ, առաջին հերթին ճանապարհները կասֆալտապատեմ, քանի որ համայնքի մասին կարծիք կազմում են՝ դատելով դրա փողոցներից: Բայց ես այնքան էլ չեմ մեղադրում այն համայնքապետերին, որոնք այդ հարցը բաց են թողում: Ճանապարհաշինությունը թանկ հաճույք է, իսկ գյուղական բյուջեները՝ բավականին սուղ: Հենց այստեղ է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ իր վճարումներից է կախված մաքուր եւ բարեկեցիկ համայնք ունենալը եւ չթերանա վարձավճարների տեսքով իր ներդրումն ունենալու համայքի կյանքի բարելավման համար: Մենք նաեւ այս ուղղությամբ ենք աշխատում՝ ձգտելով մարդուն հասցնել քաղաքացիական պարտքի գիտակցության»,- ասաց Վայոց ձորի մարզից Ռուբեն Ասատրյանը:
Մինչ «ստաժավոր» ակումբականները փոխանակվում էին ձեռք բերած «աշխատանքային» փորձով, ադրբեջանցիների հաճախակի կրակոցներից վախեցած Տավուշի մարզի սահմանապահ Բերքաբերի նորեկ հեյֆերականները աշխարհի մեծամեծներին ուղղվող տեքստի բովանդակությունն էին մտմտում. խնդրում են միջոցներ ձեռնարկել կրակոցները կանխելու համար: