Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿՈՒՆՔԸ ԾԱՂԿՈՒՄ Է

Մայիս 31,2011 00:00

«Դար» հիմնադրամը Հայաստանի ամենածաղկուն համայնքը Ծաղկունքը դարձնելու համար արդեն վերակառուցել է գյուղի դպրոցը ու եկեղեցի կառուցել:

\"\"

Գեղարքունիքի մարզի 1200 բնակիչ ունեցող Ծաղկունք համայնքում մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ծաղկունքցիներն ասում են, որ հող մշակել չեն կարող, որովհետեւ գյուղում ոռոգման ջուր չկա, հողերն էլ բերրի չեն: «Եթե ոռոգման ջուր լինի՝ կարտոֆիլ, բանջարեղեն կմշակենք, մեր գյուղը չենք թողնի, գնանք: Ծաղկունքում 30 տուն արդեն դատարկ է: Մեր երիտասարդները միջոց չունենալու պատճառով չեն կարողանում ամուսնանալ»,- ասում էր 73-ամյա Արշակ Աղաբաբյանը: Գյուղամիջում հավաքված ծաղկունքցիները չկարողացան հիշել, թե իրենց գյուղում երբ է հարսանիք եղել: Համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 800-900 հա վարելահողից միայն 300 հա-ն է այս տարի մշակվել: Նրա խոսքով, Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած գյուղտեխնիկան շարքից դուրս է եկած եւ այդ տեխնիկայով վարուցանք անելն այլեւս անհնարին է: Չնայած բազում խնդիրներին, գյուղապետի փոխանցմամբ, Ծաղկունքը զարգանում է եւ հավակնում դառնալ ամենածաղկուն համայնքը Հայաստանում: Բարերարներ Աղաջանյան եղբայրները եւ «Դար» հիմնադրամն արդեն մի քանի տարի է՝ շարունակական ծրագրով քայլեր են անում գյուղի զարգացման համար: Մայիսի 28-ին Ծաղկունքում անսովոր եռուզեռ էր, պետականության տոնի առիթով բազմաթիվ միջոցառումներ եղան, տրվեց նաեւ ջրամատակարարման մեկնարկը, որը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Աղաջանյան եղբայրների կողմից ֆինանսավորվող 146 մլն դրամ արժողության մի ծրագիր է: Շուտով գյուղում խմելու մշտական ջուր էլ կլինի, աշխատանքներ են արվում նաեւ գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու ուղղությամբ: Ծաղկունքում 7-րդ դարի մատուռ կա, որը վերանորոգվել է եւ կողքին կառուցվել Սբ. Սարգիս եկեղեցին, որի օծումը 2006 թվականին է եղել: 2007 թվականին «Դար» հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ այսօր 128 աշակերտ է սովորում: Ի տարբերություն Հայաստանի շատ գյուղերի, գիշերային Ծաղկունքը լուսավորված է: «Դարը» գյուղի ամեն մի ծննդի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում: Գյուղապետ Պ. Աղաջանյանը տեղեկացրեց, որ նույն հիմնադրամի ծրագրով, Ծաղկունքի բոլոր տների տանիքները մի քանի տարուց կփոխվեն. «Հիմնադրամը տրամադրում է 14% վարկ, որից 9%-ը իրենք կվճարեն, 5%-ը բնակիչները կտան»: Մեր զրուցակցի փոխանցմամբ, առաջնահերթ է նաեւ մանկապարտեզ ունենալու հարցը, մանկապարտեզի տարիքի 30-40 երեխա կա Ծաղկունքում: «Դար» հիմնադրամի միջոցներով ծաղկունքցիներին փեթակներ, մանր եղջերավորներ են տրամադրում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան սեփական հողում աշխատել ու ապրել: «Դար» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգված դպրոցի շենքը դարձնել հոգեւոր-մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ֆիլմեր դիտել, քննարկումների մասնակցել, գրադարանից օգտվել եւ այլն: «Պետությունը գյուղերի զարգացման համար ինչ հնարավոր է՝ անում է: Եթե գյուղերը կանգնեն, նայեն պետությանը, ավելի հետ կգնան, բայց եթե ամեն գյուղում մի բարերար լինի, վիճակը կփոխվի»,- վստահ է Պ. Աղաջանյանը: Նա հույս ունի, որ Աղաջանյան եղբայրների օրինակին կհետեւեն նաեւ ուրիշ բարերարներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել