Առավել կատարյալ ոչ դիտավորյալ սպանություն՝ անհնար է պատկերացնել
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ս.թ. փետրվարի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: «Տոյոտա ՌԱՎ 4E» մակնիշի 05 ՍՏ 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Վարդգեսի Հովհաննիսյանը (զբաղմունք չունի), չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Ավտոմեքենայի մեջ եղել է 3 ուղեւոր. որդիս՝ Ստեփան Սերյոժայի Կարապետյանը (ծրագրավորող), Վլադիմիր Համլետի Անթաշյանը (տղայիս համադասարանցին, ներկայացել է իբրեւ չաշխատող, բայց Արզնիի ջրերի գործարանի արտադրանքն է առաքում Երեւանում) եւ Արթուր Աշոտի Եղիազարյանը (ծառայում է Ներքին զորքերի վարչությունում որպես դասակի հրամանատար, ներկայանում է իբրեւ Արամ Հովհաննիսյանի ընկեր): Ավտովթարի հետեւանքով մեքենայի վարորդը եւ մյուս 2 ուղեւորները ոչ մի վնասվածք չեն ստացել, իսկ որդիս մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Նշված կենտրոն որդուս տեղափոխել է իր համադասարանցին՝ Վլ. Անթաշյանը: Ըստ կենտրոնի աշխատակիցների, որոնց հետ զրուցել եմ անձամբ, որդիս ժամը 18.50-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել «Ժիգուլի» մակնիշի տաքսիով, որի մեջ, բացի Վլ. Անթաշյանից, եղել է նաեւ 2 աղջիկ: Ի դեպ, բժշկական կենտրոնի աշխատակիցներն ասում են, որ այդ աղջիկները, չսպասելով ոստիկանության աշխատակիցներին, անհետացել են:
Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկ Նիկողոսյանը հավաստում է, որ տեղում որդուս ցույց է տվել բժշկական անհրաժեշտ օգնություն, որից հետո Սեւանից կանչել է շտապօգնության մեքենա, որով եւ որդիս տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ որդիս ստացել է գանգուղեղի, ողնուղեղի ծանր վնասվածքներ եւ պարանոցի C5 ողի կոտրվածք: Որդիս հիվանդանոցում անցկացրեց 83 օր: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը դարձավ նրա վերջին հանգրվանը: Զուր էին բժիշկների եւ մեր գործադրած բոլոր ջանքերը: Անցնելով իսկական դանթեական դժոխքի միջով, ենթարկվելով մարդկային աննկարագրելի տանջանքների՝ որդիս մայիսի 7-ին կնքեց իր մահկանացուն:
Այդ ժամանակամիջոցում նրա կողքին ենք գտնվել ես եւ ամուսինս ու ականատեսը դարձել մեր զավակի դաժանագույն տառապանքների: Որդիս 83 օր մնաց կոմայի մեջ, պարալիզված էր ամբողջ մարմինը, տարավ C5 ողի վիրահատություն: Վթարի հետեւանքով ձախ թոքում հայտնվել էին սննդի մնացորդներ, ինչը, ինչպես նաեւ անշարժ վիճակը, նպաստեցին կանգային թոքաբորբի առաջացմանը: Մարտի 7-ին արձանագրվեց սրտի կանգ, պատառոտվեցին թոքերը (երբեւէ տեսե՞լ եք 4 դրենաժով հիվանդի): Կերակրափողում բացվեց խուղակ: Արձանագրվեց նաեւ միզուկի սուր բորբոքում: Էլ չեմ խոսում ամենօրյա այն տանջանքների մասին, որոնց ականատեսը դարձանք ես ու ամուսինս եւ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները: Կարծում եմ, որ զավակ ունեցող մարդը կպատկերացնի այն մոր տառապանքները, որի որդին 83 օր շարունակ իր աչքի առաջ մահացել է:
Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել ոստիկանության Կոտայքի մարզի քննչական գլխավոր վարչությունում: Մեքենայի վարորդի նկատմամբ գործ է հարուցվել քրօրենսգրքի 242 հոդվածի 2-րդ կետի համաձայն: Ես՝ իբրեւ որդուս իրավահաջորդ, գտնում եմ, որ օրենքի առաջ պետք է պատասխան տա նաեւ Վլ. Անթաշյանը, որն առանց մեզ տեղյակ պահելու (դեպքի մասին իմացել ենք մոտ 3 ժամ հետո՝ զրկված լինելով որդուս օգնելու հնարավորությունից, իսկ իրենք ամենայն սառնասրտությամբ զանգել եւ կանչել են իրենց մերձավորներին, ինչի իսկությունը կարելի է հեշտությամբ ապացուցել) որոշել է անձամբ տնօրինել որդուս ճակատագիրը:
Մեքենայում գտնվող բոլոր երիտասարդներն ունեն բարձրագույն կրթություն, ուսումնասիրել են առաջին բուժօգնության դասընթացը եւ պարտավոր էին կանչել շտապօգնություն ու նրան անշարժացնելուց հետո միայն տեղափոխել հիվանդանոց: Բայց դրա փոխարեն Վլ. Անթաշյանը ինքն է որոշել հանդես գալ առաջին բուժօգնողի դերում: Թե որքանով է դա նրան հաջողվել, այդ հարցին կպատասխանեն դատաբժիշկները: Թե քանի անգամ են բազմապատկվել տղայիս վնասվածքները՝ իրենց անմիտ, տգետ բուժօգնությամբ, այդ հարցի պատասխանը նույնպես ակնկալում եմ ստանալ դատաբժիշկներից: Հույս ունեմ, որ մեր շատ հարցերի պատասխանը շուտով կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Առաջին իսկ օրվանից այդ տղաների վարքագիծը կասկածներ առաջացրեց: Պետք էր տեսնել, թե ինչ լպիրշ ու անպատասխանատու, մեկը մյուսին հակասող, վայրիվերո, հեղհեղուկ պատասխաններ էին տալիս նրանք իմ բոլոր հարցերին: Հավատացնում եմ, որ նմանօրինակ ցինիզմ չի արձանագրել անգամ հայ եւ համաշխարհային գրականությունը:
Լուրջ կասկածի առիթ է տալիս նաեւ այն փաստը, որ որդուս պարանոցից ներքեւ ոչ մի կապտուկ անգամ չկար: Մինչդեռ, ըստ իրենց վկայության, տղաս մեքենայի պատուհանից դուրս է թռել եւ ընկել մեծ քարաբեկորների վրա: Կասկածելի է նաեւ, որ որդուս հագուստների եւ իրերի մի մասը (սապոգներ, անդրավարտիք, մատանի, դրամապանակ) ինձ վերադարձվել է դեպքի օրը՝ Երեւանի հիվանդանոցում, իսկ վերին հագուստը՝ 7-10 օր հետո միայն: Ասում են, որ այդքան ժամանակ գտնվել է մեքենայի վարորդի եղբոր մեքենայի մեջ: Արտասվելու աստիճանի զավեշտալի է նաեւ այն, որ տղայիս վրայից այդպիսի վնասվածքների դեպքում հագուստը հանվել է անվնաս, առանց կտրելու եւ միանգամայն մաքուր հանձնվել մեզ ոչ թե հիվանդանոցի աշխատողների կողմից, այլ Արամի եղբոր: Կարող եմ ապացուցել, որ որդուս սվիտերի եւ կլոր բացվածքով բավական նեղ մայկայի վրա չէին կարող արյան հետքեր չլինել: Մինչեւ հիմա չեն գտնվել նրան Հրազդան տեղափոխող վարորդն ու աղջիկները: Փաստարկումներս կարող եմ շարունակել: Եվ այսպես, 25-ամյա որդուս այսպիսի ողբերգական հանգամանքներում կորցնելուց հետո, ինձ մնում էր հուսալ, որ մեղավորները կպատժվեն: Առանց այն էլ 242 հոդվածի 2-րդ կետը չափազանց մեղմ պատիժ է սահմանում հանցագործի նկատմամբ: Բայց ճակատագիրը ինձ համար մեկ ուրիշ, ոչ պակաս դաժան անակնկալ էր պատրաստել. Անկախության 20-ամյակին նվիրված համաներումը:
Ինչպես տեսնում եք, ի չիք դարձան արդարության հանդեպ իմ բոլոր հույսերը:
Մարդիկ, սովորաբար մարդը մեկ մահվան օր է ունենում: Բայց իմ որդին իմ աչքի առաջ մահացավ 83 օր շարունակ: Իսկ վերջին վայրկյաններն այնքան զարհուրելի էին, որ ի զորու չեմ անգամ վերարտադրել:
Հարց եմ տալիս. մի՞թե կարելի է պատկերացնել այսքան կատարյալ ոչ դիտավորյալ սպանություն: Հավատացնում եմ, որ այս ոչ դիտավորյալ սպանությունը շատ ավելի դաժան է՝ շատ կանխամտածված, նախապես ծրագրված սպանություններից:
Սա այն բացառիկ դեպքերից է, որը պետք է լրջորեն մտահոգի իրավապահներին: Համաներմամբ կասեցվելու է գործը, մինչդեռ, այս գործը պետք է դատարան գնա, եւ յուրաքանչյուրը պատասխան պետք է տա մարդուն կյանքից զրկելու համար: