Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵԼ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

Մայիս 31,2011 00:00

\"\"Իշխանությունները փախստականին այն աստիճան են հասցրել, որ մտադրվել է վառել ե՛ւ իրեն,
ե՛ւ այն սենյակը, որը խլում են ձեռքից:

ՀՀ իշխանությունները միջազգային ամենաբարձր ատյաններում պարբերաբար հավաստիացնում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք մեր փախստականներին լավ ենք նայում, ապահովում կացարաններով եւ այլն: Սակայն իրականում մեր երկրում էլ շատ կան փախստականներ, որոնց խնդիրները անլուծելի են: Այսօր կան փախստականներ, որոնք, գոյատեւելու համար, մի քանի քմ-ի կռիվ են տալիս: Բաքվից բռնագաղթած Ռոզա Տեր-Ստեփանովան բնակվում է Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանի մի փոքրիկ սենյակում, որը նրան տրվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված մրցույթում շահելու արդյունքում: Արդեն երկար տարիներ տիկին Ռոզան բնակվում է թիվ 429 սենյակում եւ այդտեղ էլ «ձեռքի հետ» վարսավիրություն անում՝ օրվա հացի գումարը վաստակելու համար: Այսօր պետական կառույցները փորձում են տիկնոջը զրկել թե՛ միակ կացարանից եւ թե՛ ապրուստի միակ միջոցից:
«Առավոտը» (04.12.2010) «Փախստականին հանրակացարանից հանում են» հրապարակումով անդրադարձել է տիկին Ռոզայի խնդրին: Հրապարակման մեջ մասնավորապես նշել էինք, որ տարածքային կառավարման նախարարությանը պատկանող «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն հայցով դիմել է դատարան՝ տիկնոջը վտարելու համար, քանի որ, ըստ նրանց, փախստականն այդտեղ անօրինական է բնակվում: Բանն այն է, որ տիկին Ռոզան մինչ ներկայիս իր սենյակը զբաղեցնելը, բնակվել է նույն հանրակացարանի մեկ այլ սենյակում՝ ամուսնու հետ: Սակայն ամուսնալուծվելուց հետո այլեւս անհնար է եղել միասին նույն սենյակում ապրել: Եվ քանի որ ՄԱԿ-ի գրասենյակը մեկ այլ սենյակ էր հատկացրել, տիկինը 1994 թվականից տեղափոխվել էր այդտեղ: Ընդ որում, նաեւ փաստացի գրանցում ունի հենց այդ սենյակի հասցեով: Տիկնոջ բոլոր փորձերը՝ սենյակը սեփականաշնորհելու, ապարդյուն են անցել, քանի որ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն հակված է վտարել տիկնոջը: Ուշագրավն այն է, որ պետական կառույցները հենց իրենք են անտեսում իրենց իսկ կողմից ստանձնած ՄԱԿ-ի փախստականների իրավունքների միջազգային կոնվենցիան, որում հստակ ասվում է՝ փախստականին նոր կացարանով չապահովելու դեպքում ոչ ոք իրավունք չունի նրան վտարել իր բնակության վայրից: Բացի այս, պետական կառույցներն անտեսում են նաեւ փախստականների իրավունքները պաշտպանող կառավարության որոշումը: 2001 թվականի կառավարության N 404 որոշումով տիկին Ռոզան լիարժեք իրավունք ունի սեփականաշնորհել իր կողմից զբաղեցրած սենյակը, քանի որ, ըստ որոշման՝ «Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց»: Իսկ տիկինն ունի ՀՀ քաղաքացիություն:
Մինչդեռ նաեւ փախստականների խնդիրներով զբաղվող տարածքային կառավարման նախարարությունը եւ նրան պատկանող ընկերությունը անցյալ տարի դիմել էր դատարան՝ տիկին Ռոզային վտարելու պահանջով: Այդ ընթացքում տիկինը բացակայել է հանրապետությունից՝ առողջական խնդիրների պատճառով: Տիկինը դատարանին բժշկի տրամադրած փաստաթուղթ է ուղարկել, որով տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին եւ խնդրել է այն հետաձգել: Սակայն դատարանը դա հաշվի չի առել, եւ առանց Ռոզա Տեր-Ստեփանովայի վճիռ է կայացրել եւ պարտադրել ազատել սենյակը: Մինչ այս, տիկինն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ սենյակը սեփականաշնորհելու պահանջով, սակայն դատարանը մերժել է, պատճառաբանելով՝ «Երեւանի Շիրակի 2ա շենքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին, որն էլ իրավունք ունի իր գույքը ետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: Ռոզա Տեր-Ստեփանովան խոչընդոտում է հայցվորին, այսինքն՝ «Հանրակացարաններ» ընկերությանը, իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող անշարժ գույքը»:
«Էս անգամ ես չեմ դիմանա: 20 տարի առաջ թուրքերը մեզ տնից հանեցին, հիմա էլ՝ հայերը: Ամեն օր ահը սրտումս սպասում եմ, որ գալու են ինձ տնից դուրս շպրտեն: Ես ինձ կվառեմ, եթե մեկը փորձի ինձ վտարել: Ինձ էլ, սենյակն էլ վառելու եմ՝ պրծնեմ էս ցավից: Ավելի լավ չէ՞ր թուրքերը սպանեին, քան հայերն են սենց վարվում ինձ հետ: 56 տարեկան կին եմ, ոչ մի տեղ չունեմ գնալու, ոչ բարեկամ, ոչ էլ նորմալ աշխատանք ու վարձով ապրելու միջոց: Էդ ինչո՞ւ հանրակացարանի պարեկին, որը փախստական չէ, մեկ սենյակ են տվել, այն դեպքում, որ նրա մայրն էլ այդ նույն հանրակացարանում սենյակ ունի, իսկ ինձ վռնդում են»:
Հետաքրքիրն այն է, ինչպես հանրակացարանի բնակիչներն են վստահեցնում, որ հենց այդ նույն հանրակացարանում ազատ սենյակներ շատ կան, բայց սեփականատերը դրանք կողպել է եւ փախստականներին չի տրամադրում, սպասում է ձեռնտու տարբերակի, որ իրեն հարմար գներով վարձով տա:
Տիկին Ռոզան դիմել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին, որն էլ վստահեցրել է, որ ինքը ոչնչով չի կարող օգնել փախստականին եւ հորդորել է դիմել տարածքային կառավարման նախարարին: Մինչ տիկնոջը «ցրում» են, շուտով ԴԱՀԿ աշխատակիցները նրան միակ կացարանից դուրս կշպրտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել