Հովնանյան-Գաֆեսճյան բանավեճը դատական ատյանների փուլից անցավ «բաց նամակների» փուլին: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը (նկարում) բաց նամակ է հրապարակել՝ ուղղված հայազգի գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսճյանին:
Նամակում Հովնանյանը, անդրադառնալով վերջերս ամերիկյան դատարանի կողմից «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքների փոխանցմանը, հույս է հայտնում, որ Գաֆեսճյանը ձեռնամուխ կլինել նախագծի իրականացմանը, եւ այս նախագիծը չի արժանանա «մինչ օրս չիրականացված»՝ Երեւանում արվեստի թանգարանի ստեղծման Գաֆեսճյանի «մեծ գաղափարի» ճակատագրին:
«Չնայած դատավարության ժամանակ չցանկացար երաշխավորել, որ այս սեփականությունը կօգտագործվի բացառապես թանգարանի կառուցման նպատակով, դու պարտավորված ես հայ ազգի առջեւ ի սկզբանե հաստատված գաղափարով եւ առանց որեւէ պայմանների կառուցել Ցեղասպանության այս թանգարանը: Եթե դու պատրաստ ես սա երաշխավորել, ես միգուցե կկարողանամ համոզել բոլոր շահագրգիռ կողմերին՝ չդիմել բողոքարկման»,- ասված է Հրայր Հովնանյանի նամակում:
Ամերիկայի հայկական համագումարը եւ Ջերարդ Գաֆեսճյանը դեռ 2006 թվականից վիճարկում են ԱՄՆ-ում Ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքը: