«Արմավիայի» օդաչուները արդեն հոգնել են պարբերաբար իրենց ընկերության հասցեին շպրտվող ցեխից
«Հարգելի Միխայիլ Իվանովիչ, Թունիսում սովորող մի խումբ հայ ուսանողների անունից ուզում ենք մեր խորին երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել Ձեզ, որ թույլ տվեցիք իրականացնել մեր երազանքը՝ շարունակել մեր հայրերի ուղին եւ օդաչու դառնալ: Եթե չլինեիք Դուք եւ հայկական օդագնացության ապագան կանխատեսելու Ձեր ունակությունը, Ձեր ցանկությունը՝ համալրել թռիչքային անձնակազմը երիտասարդ կադրերով, մենք երբեք հնարավորություն չէինք ունենա թռչելու եւ ծածանելու մեր եռագույն դրոշը ողջ աշխարհով՝ «Արմավիայի» թեւերի վրա: Կրկին անգամ ընդունեք մեր երախտագիտությունը եւ խոստումը՝ սովորել գերազանց եւ մեզ պահել հայ օդաչուներին վայել կերպով եւ վերադառնալ՝ պատվով շարունակելու մեր հայրերի գործը եւ մեր ներդրումն ունենալու հայկական ավիացիայի զարգացման, մեր ավիաընկերության բարգավաճման մեջ»,- երեկ youtube-ում նման ուղերձով հանդես էին եկել «Արմավիայի» ապագա կադրերից չորսը՝ Գեւորգ Ղազարյանը, Դավիթ Ադամյանը, Գրիգոր Դոյդոյանը եւ Արսեն Պողոսյանը (https://www.youtube.com/watch?v=AJ5Evwsi4ao): Իսկ նրանց եւ արտասահմանում ուսանող մյուս ապագա օդաչուների հայրերը՝ «Արմավիայի» ներկայիս օդաչուները եւ նրանց գործընկերները երեկ «Առավոտի» հետ զրույցում չէին կարողանում զսպել իրենց վրդովմունքը՝ «Արմավիայի» եւ նրա սեփականատիրոջ հասցեին մամուլում պարբերաբար հայտնվող, նրանց խոսքերով՝ «բամբասանքների» կապակցությամբ:
«Ինչ-ինչ հեռահար նպատակներ ունեցող մարդիկ ժամանակ առ ժամանակ գրում են, թե «Արմավիան» վատ վիճակում է, վաճառվում է, խնդիրներ ունի… Չեղած տեղը հորինում են, այն դեպքում, երբ «Արմավիան» անընդհատ առաջ է գնում, անընդհատ զարգանում է, նոր ինքնաթիռներ ենք ձեռք բերում, նոր ուղիներ ենք բացում… Սակայն այս լուրերը տարածելով՝ մարդկանց մեջ որոշակի նեգատիվ տպավորություն են թողնում: Չենք զարմանա, եթե իմանանք, որ այս կարգի խոսակցությունները մեր մրցակիցներն են տարածում, կամ նրանք, ովքեր ցանկանում են «Արմավիան» վատ վիճակի մեջ դնել: Չենք հասկանում՝ ի՞նչ են ուզում… Ախր ինչքան կարելի է բզել, կեղտոտել, փչացնել… Չէ՞ որ մարդիկ են աշխատում այստեղ, աշխատում են եւ ոչ թե մի, այլ մի քանի ընտանիք են պահում: Չէ՞ որ այդ մարդիկ իրավունք չունեն նյարդայնանալու՝ մարդկանց կյանքի հետ գործ ունեն, այնինչ այդ անընդհատ բզբզոցով խանգարում են մեզ աշխատել: Լավ, չե՞ք օգնում, գոնե մի խանգարեք, ի՞նչ եք ուզում…»,- իրար հերթ չտալով բողոքում էին օդաչուները: «Ինչ վերաբերում է մեր թոշակառու ընկերներին՝ անշուշտ, նրանք պետք է ստանան պրոֆեսիոնալ հիվանդությունների համար նախատեսված թոշակները: Անպայման: Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը, իրենց առողջությունը ներդրել են հայկական ավիացիայի համար, եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց դա պետության խնդիրն է, ոչ թե «Արմավիայի»: «Արմավիան» եւ Բաղդասարովը որեւէ կապ չունեն նրանց թոշակների հետ: Պետք է հիշենք՝ ինչ վիճակում էր մեր ավիացիան իննսունականներին եւ ինչ վիճակում է հիմա: Լրիվ փլուզվել էր, ամեն ինչ քանդվել էր, բայց հիմա մենք արդեն կայացած ընկերություն ենք դարձել: Սովետական Միության հարյուրավոր ավիաընկերություններից հազիվ մի տասնյակն են դարձել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ, ու դրանցից մեկը մենք ենք: Այ, հիմա էլ մեզ մոտ հերթական աուդիտն է անցնում՝ IOSA–ից: Ամեն ինչ առաջ է գնում: Կյանքը փոխվում է, պահանջները փոխվում են: Այսօր, ուզենք թե չուզենք, ամեն ինչ անգլերենով է, նույնիսկ ռուսական «Սուխոյ Սուպերջեթի» բոլոր ձեռնարկները, դասավանդումը անգլերենով են, եւ պիտի սովորենք: Այսօրվա բոլոր օդաչուները երեկվա վետերանների հետեւորդներն են, աշակերտներն են, մենք ուզում ենք, որ նրանց մոտ ամեն բան լավ լինի, բայց «Արմավիան» կապ չունի դրա հետ: Եթե «Արմավիան» լիներ ՀԱՈՒ-ի իրավահաջորդը՝ դեռ խոսելու բան կլիներ, բայց ախր՝ տարբեր ընկերություններ են… Կա՞ ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է, կա՞ մարդ, որին հարցնես՝ կուզես աշխատավարձդ բարձրանա, ասի՝ չէ, հերիք ա… Չկա այդպիսի բան, բայց պետք է ամեն ինչ համեմատության մեջ նայել: Ոչ թե համեմատվենք մեր շվեյցարացի ու ֆրանսիացի գործընկերների հետ, չնայած չէի ասի, թե շատ հսկայական է աշխատավարձերի տարբերությունը, այլ հիշենք մի քանի տարի առաջվա մեր վիճակը եւ համեմատենք, ախր համեմատելու բան չկա: Բողոքելը մեղք է»,- ասում էին օդաչուները: «Մենք փոքր երկիր ենք, ծով չունենք, նորմալ երկաթգիծ չունենք, մերը միայն օդային ուղին է, պետք է հաշվի առնենք այդ նրբությունները, եւ այն ներդրումները, որ Բաղդասարովն անում է, պետք է գնահատենք: Չպետք է մոռանանք մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական վիճակը: Հետո, իմացեք, որ հնարավոր բան չէ՝ Բաղդասարովին որեւէ խնդրանքով մոտենանք, ասի՝ չէ: Տոմս է պետք՝ տալիս է, փող է պետք՝ տալիս է: Ախպերն ախպորը չի տա, բայց ինքը առանց որեւէ տոկոսի պարտքով փող է տվել, որ աշխատողը տուն առնի… Ո՞նց կարելի է ուրանալ»,- զարմանում էր ՅԱԿ-42-ի բորտինժեներ Էդուարդ Նիգոյանը, որի որդին նույնպես օդաչու է դառնալու եւ սովորում է արտասահմանում: «Մեր երեխեքի ուսման համար մի փեշ փող է տալիս, որ գնան ամենալավ տեղերում սովորեն, գան օդաչու դառնան: Մեր տղաներից յուրաքանչյուրի համար 90 հազար եվրո է տվել: Արդեն 15-ից ավելի երեխա է սովորում, 1 մլն դոլարից ավելի ծախսել է մարդը: Ո՞վ կաներ նման բան: Հիմա ես ո՞նց շնորհակալ չլինեմ: Մեզ աշխատանք է տվել՝ ամենակարեւորը: Հիմա այս երկրում կարեւորը աշխատանք ունենալն է, ու մենք մեր աշխատանքով մի քանի ընտանիք ենք պահում: Հո ամեն ինչ ցեխոտելո՞վ չի»,- գործընկերոջ խոսքը շարունակեց «ՅԱԿ-42»-ի 2-րդ օդաչու Սամվել Բաբայանը: «Էն ժամանակ կարգին ինքնաթիռ չկար, բոլորը ջարդուխուրդ եղած բաներ էին, իսկ հիմա նոր, ընտիր ինքնաթիռներով թռնում ենք՝ վա՞տ է: Ոնց որ «Մերսեդես-600» քշես՝ «Զապորոժեցից» հետո: Ո՞նց կարելի է էդքան փնովել: Սա է իրականությունը: Պետք է գնահատել: Մարդը էդքան բան է անում, մեկ էլ անմեղ տեղը ցեխոտում են: Չես հասկանում՝ ինչո՞ւ»,- ավելացրեց Է. Նիգոյանը:
«Գիտեք ի՞նչ, «Արմավիան» մեր երեխաների համար ապագա է, նրանց երազանքն է, նրանք հիմա սովորում են, որ գան՝ գիտեն, որ աշխատանք ունեն: Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ հենց օդաչուների երեխաներին է նա ուղարկում սովորելու: Չէ, դա շատ նուրբ հարց է: Պարզ չի՞, որ ամեն օդաչու իր ամբողջ փորձը, բոլոր նրբությունները ամենայն մանրամասնությամբ հենց ի՛ր զավակին կփոխանցի, եւ մինչեւ կատարելապես պատրաստ չլինի երեխան, նա չի թողնի, որ երեխան օդ դուրս գա: Այսինքն՝ մեր ուղեւորների շահն էլ է այստեղ, մեր շահն էլ, Միխայիլ Իվանիչի շահն էլ»,- ներկայացրեց «Սուխոյ Սուպերջեթի» 2-րդ օդաչու Եղիազար Պողոսյանը: Նրա կարծիքով. «Գիտեք, մարդիկ կան, որ ձեռքը բռնած դրախտի միջով կարող ես անցկացնել, եւ չեն զգա, թե դրախտում էին: Մի հատ հիշեք, էլի, մի հատ շուռ գանք նայենք, թե ինչ վիճակում էր ավիացիան, ինչ ինքնաթիռներով էինք թռնում, ինչ փորձանքներից էինք պրծնում… Իսկ էսօր արտակարգ ինքնաթիռներով ենք թռնում, որոնք միայն գովեստի են արժանի: Բացի այդ, մեր բոլոր օդաչուների մակարդակը շատ բարձրացել է, որովհետեւ սովորում եւ վերապատրաստվում, քննությունները հանձնում ենք դրսում: Մարդիկ եղան, որ չուզեցին լեզու սովորել, նոր բաներ սովորել, մենք էլ սովորեցինք: Բոլորին հավասար հնարավորություն տրվել էր, մենք գիշերը ցերեկ արեցինք՝ սովորեցինք ու հիմա գործ ունենք՝ իրենք չունեն, ո՞վ է մեղավոր»: «Էյրբասի» 2-րդ օդաչուներ Սամվել Ղազարյանն ու Դոյդոյան Միսակն էլ խնդրում էին՝ «Մի’ բզեք, թողեք հանգիստ աշխատենք»: «Եթե իմանանք, որ ինչ-որ սխալներ են ցույց տալիս, ինչ-որ առողջ քննադատություն կա, մենք շնորհակալ կլինենք, կասենք՝ ապրեք, կուղղենք մեր սխալները, բայց ախր՝ օրը օրին սուտ ու բամբասանք են անում…»,- ասաց Ս. Ղազարյանը:
Իսկ մեր հարցին, թե որեւէ իրավական փաստաթուղթ կա՞, որով «Արմավիան» պարտավոր է վճարել «Հայկական ավիաուղիների» թոշակառու օդաչուներին, «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը ասաց. «Վստահեցնում եմ ձեզ, եթե մենք թեկուզ մի փոքր պարտավորություն ունենայինք եւ հանկարծ չանեինք, մեզ ուղղակի կստիպեին կատարել այդ պարտավորությունը….»: