Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հացպանյանն ու Բոջոլյանը նամակ են գրել

Մայիս 31,2011 00:00

Նրանք Կոնգրեսին կոչ են անում իրենց պատճառով ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չտապալել ու չհետաձգել:

Մինչեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկն ու այն ՀՀ խորհրդարանի կողմից ընդունելը, հայաստանյան բանտերում, ըստ Հայ ազգային կոնգրեսի եւ «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» տվյալների, անազատության մեջ են գտնվում դեռեւս երեք քաղբանտարկյալ՝ Շմավոն Գալստյանը, Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Նրանցից երկուսի՝  Շ. Գալստյանի եւ Մ. Բոջոլյանի վրա համաներումը չի տարածվել: Իսկ Ս. Հացպանյանի նկատմամբ, որը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել «սուտ մատնության» մեղադրանքով, համաներումը տարածվել-չտարածվելու հարցը դեռ վիճահարույց է: Երեկ այդ մասին tert.am-ին ասել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության խոսնակ Արսեն Բաբայանը: Այսուհանդերձ, Հացպանյանի համար նախատեսված պատժաչափը լրանում է հունիսի 9-ին, եւ նա եւս շուտով ազատության մեջ կլինի: Ինչ վերաբերում է Մ. Բոջոլյանին, որը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել  «Հայրենիքի դավաճանության» եւ  Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով՝ ՔՕ 59-րդ հոդվածի 1-ին  մասով, ապա նրա համար նախատեսված պատժաչափը եւս լրանում է հունիսի 10-ին, ու նա էլ շուտով ազատության մեջ կլինի՝ կրելով իր ողջ պատժաժամկետը:
Ինչպես ասացինք, համաներումը չի տարածվել նաեւ Շ. Գալստյանի վրա, բայց տեղեկություններ կան, որ նա հունիսին ազատ է արձակվելու՝ «վաղաժամկետ պայմանականի» կիրառմամբ: Հիշեցնենք, որ նրա դեմ շինծու գործ էր «սարքվել» 2008-ի փետրվարին ու 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իբր, կավատության համար, թեեւ իրական շարժառիթը քաղաքական էր. նա պաշտպանում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ու  կալանավորվել էր իր ընկերոջ՝ «Մալաթիա» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ճնշումների շրջանակներում: Իսկ առայժմ, ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանի ասելով, Շ. Գալստյանը իր պատժի մնացած մասը կկրի բաց ռեժիմով: Ավելին, նրան  սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ՝ 20-օրյա արձակուրդ է տրվել:
Բոլոր դեպքերում փաստ է, որ մինչեւ մայիսի 31-ը՝ ՀԱԿ-ի հանրահավաքը, փաստացի ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատության մեջ լինելու: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԱԿ-ի համակիրների ու Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ դեռ ապրիլի 28-ին տված խոստումը, այն է՝ եթե բոլոր քաղբանտարկյալները մինչեւ մայիսի 31-ը ազատ չարձակվեն, իրենք  նստացույց  կանեն, մնում է ուժի մեջ, կամ՝ որ այդ պահանջի չկատարումը կարող է կասեցնել ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության մեկնարկը: «Մենք մեր պահանջների կատարումը, ինչպես նաեւ բոլոր հարցերը կամփոփենք մայիսի 31-ի հանրահավաքում»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Լ. Զուրաբյանը: Այն, որ բանը դրան չի հասնի, հուշում են երեկ ՀԱԿ-ի տարածած երկու  նամակները, որոնց հեղինակները քաղբանտարկյալներ Մ. Բոջոլյանն ու Ս. Հացպանյանն են: Երկու նամակներն էլ ուղղված են Կոնգրեսին ու «զարմանալի զուգադիպությամբ» թվագրված են մայիսի 30-ով եւ նույն թեմայի շուրջ են: «Ուրախությամբ տեղեկացա վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի հետ կապված քաղբանտարկյալների (հուսով եմ՝ բոլորի) ազատ արձակման մասին եւ ողջունում եմ բոլոր իմ բախտակից ընկերներին,- գրել է Բոջոլյանն ու շարունակել:- Ես շնորհակալ եմ Համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, որ հավատացել են իմ անմեղությանը եւ, ի թիվս մյուս քաղբանտարկյալների, երեք տարի շարունակ պայքարել են նաեւ իմ ազատության համար: Ինձ համար հատկապես շատ կարեւոր էր Կոնգրեսի եւ անձամբ առաջին նախագահի վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը նպաստեց իմ բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակներում: Շուտով լրանում է իմ անազատության վերջնաժամկետը, եւ ես չէի ցանկանա, որ տվյալ պահին իմ՝ դեռեւս անազատության մեջ լինելու փաստը խոչընդոտեր Կոնգրեսի եւ իշխանությունների հնարավոր երկխոսությանը»:
Իսկ ահա Հացպանյանը դիմելով «հանուն ազատ եւ ժողովրդավարական Հայաստանի պայքարի» իր ընկերներին՝ կարեւորել է «այն հաղթանակը, որ ձեռք է բերել համաժողովրդական եռամյա այս պայքարը՝ հասնելով գործող իշխանության հետ երկխոսության ճանապարհով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների իրականացման հանգրվանին», կոչ է արել «սկսել երկխոսությունը գործող «իշխանության» հետ՝ օգտվելով Շարժման՝ այսօր առկա ուժային եւ դիրքային հզոր առաքելությունից: Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, եւ ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին եւ արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել