Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

Մայիս 31,2011 00:00

Արձանագրված է ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հերթական զեկույցում

\"\"

«Հայաստանում որոշ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել՝ հաղթահարելու քաղաքական ճգնաժամը՝ աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո»,- նշված է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը 2010թ.» փաստաթղթի՝ Հայաստանի ազգային զեկույցում, որը երեկ տարածել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:
ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ այս զեկույցում նշված է, որ այդ ծրագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար «Հայաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի մարդու իրավունքների պաշտպանության եւ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ կալանավայրերում պայմանների բարելավման ուղղությամբ: Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները ոստիկանության, անվտանգության ծառայությունների ու դատախազության կառույցներում: Բոլոր ոլորտներում օրենսդրության պատշաճ իրականացումը եւ արդյունավետ կիրարկումը, կարողությունների զարգացումը, դատական համակարգի անկախությունը կունենան առանցքային նշանակություն՝ Ասոցացման համաձայնագրի հետագա իրականացման համար: Հայաստանը պետք է շարունակի ջանքեր գործադրել՝ ամրապնդելու լրատվամիջոցների բազմակարծությունը եւ ուժեղացնելու կոռուպցիայի դեմ պայքարը, մասնավորապես իրականացման մակարդակով»:
«Ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն» ենթաբաժնում մասնավորապես նշված է. «2008 թվականի մարտի իրադարձությունների հետաքննությունը լիարժեք չէր եւ չի հանգեցրել կոնկրետ արդյունքների: 2008-ի մարտի հետընտրական բախումների հետեւանքով մահացած անձանց հարազատների կողմից իրավապահ մարմինների դեմ ներկայացված հայցերը մերժվել են»: Սակայն նաեւ որոշ առաջընթաց է արձանագրվել դատաիրավական բարեփոխումների ոլորտում՝ 2009-2011թթ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում. «Մասնավորապես արձանագրվել է դատական համակարգի թափանցիկության ավելացում, դատական վիճակագրության էլեկտրոնային տվյալների բարելավում եւ դատարանի շենքերի վերանորոգում ու արդիականացում: Սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել դատական համակարգի անկախության առումով, ինչը դեռեւս մտավախություն է առաջացնում: Դատավորները շարունակում են մնալ դատախազների, ինչպես նաեւ քաղաքականապես ու տնտեսապես հզոր գործիչների ազդեցության տակ»:
Ըստ զեկույցի՝ «Ստացվել էր տեղեկատվություն կալանավայրերում, ոստիկանության բաժանմունքներում ու զորակոչիկների խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ, այս դեպքերի շուրջ համապատասխան հետաքննություն չի անցկացվել»: Հերթական անգամ նշված է նաեւ. «Ոչ մի առաջընթաց չի արձանագրվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ»: Անցած տարի չի եղել որեւէ առաջընթաց բանտային պայմանների բարելավման առումով. «Քրեակատարողական հիմնարկներն ընդհանրապես չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Գերբնակեցվածությունը, բուժսպասարկման վատ մակարդակը ու ցածր աշխատավարձը եւ բանտի վարչակազմում առկա կոռուպցիան մնում են մտահոգության թեմա»:
Առանձին անդրադարձի առարկա է դարձել խոսքի ազատության եւ տեղեկատվության ոլորտը, որտեղ արձանագրվել է, ըստ օգտագործված ձեւակերպման՝ «աննշան» բարելավում. «Մայիսին լավ առաջընթաց է գրանցվել զրպարտության ապաքրեականացման մասին օրենսդրության ոլորտում: Սակայն լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը՝ առանց համապատասխան հետաքննության, եւ հեռարձակող լրատվամիջոցների վրա կառավարության ազդեցությունը (այդ թվում՝ կարգավորող մարմինների անկախության հարցում առկա կասկածները) շարունակում են մնալ մտահոգության թեմա: Լրատվամիջոցների բազմակարծության արձանագրված առաջընթացը սահմանափակ է»:
Զեկույցի զգալի մասը վերաբերում է տնտեսական բարեփոխումներին. «Հաշվի առնելով 2009-ի եւ 2010-ի առաջին կիսամյակում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում առկա ծանր անկումը՝ Գործողությունների ծրագրում ներառված տնտեսական բարեփոխումների, աղքատության հաղթահարման ու սոցիալական համախմբվածության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված նպատակների իրագործումը սահմանափակ էր»: Նշված է նաեւ. «Սահմանափակ առաջընթաց է արձանագրվել հակակոռուպցիոն օրենսդրության ուժեղացման եւ հակակոռուպցիոն ռազմավարության ու գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: 2010 թվականին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիայի մակարդակի աննշան նվազում»:
Առկա այլ գնահատականներից են, թե Հայաստանի ալկոհոլային ապրանքների հարկային ու մաքսային համակարգը դեռեւս չի համապատասխանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին, եւ պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ: Կամ նշված է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը թուլացված է ֆինանսական անկախության բացակայության պատճառով»:
Մտավոր սեփականության պաշտպանության առնչությամբ զեկույցում արձանագրված է մի ամոթալի ցուցանիշ. «Ծրագրային կեղծարարության ոլորտում՝ 2010 թվականի մայիսին անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում, Հայաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը: Կեղծված ծրագրերի ծավալը կազմել է 90%՝ 2006 թվականի 95% եւ 2009 թվականի 92%-ի համեմատությամբ: Հայաստանի իշխանությունները մշակել են մտավոր սեփականության իրավունքի կիրառման ռազմավարություն ու գործողությունների պլան»:

Հ. Գ. Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը մայիսի 27-ին արված հայտարարություններով ողջունել են Հայաստանում հայտարարված համաներումը եւ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը՝ վերսկսելու մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը: «Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին»,- նշել է Քեթրին Էշթոնը: Իսկ Եժի Բուզեկը հայտարարել է. «Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի որոշումները՝ խղճի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Վստահաբար կարող եմ ասել, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել