Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՃՈՒՅՔ ՉՍՏԱՆԱԼԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Մայիս 28,2011 00:00

\"\"Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի սեփական մարմինը

Սեռական կյանքի մասին խոսելը միշտ ամոթ է եղել մեր հասարակությունում, անգամ՝ անթույլատրելի: Սակայն մարդը սեռապես առողջ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ իրազեկված է. շատերը չեն էլ գիտակցում սեռախանգարումների առկայության եւ դրանց հետեւանքով առաջացած լուրջ խնդիրների մասին, որոնք կարող են խաթարել յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի բնականոն ընթացքը՝ վնաս հասցնելով հատկապես ամուսնական զույգերի հարաբերություններին: Մեզ հետ զրույցում բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը նշեց, որ, որպես կանոն, սեռական հիվանդությունները մեկ պատճառ չեն ունենում եւ այդպիսի հիվանդությունների առկայության դեպքում կանայք եւ տղամարդիկ կարող են միաժամանակ ունենալ բորբոքային երեւույթներ, ինֆեկցիաներ, հորմոնալ շեղումներ, դրանց գումարվելով սթրեսային վիճակները եւ սոցիալական լարվածությունը:
Ըստ մասնագետի՝ կանանց մոտ առավել հաճախ հանդիպող սեռական հիվանդություններից է օրգազմի խանգարումը՝ անօրգազմիա, որն ուղեկցվում է սեռական հարաբերության ժամանակ հաճույք չզգալու փաստով. առաջանում է սեռական ցանկության բացակայություն, գրգռման ռեակցիայի խանգարում, վագինիզմ (սեռական խանգարում, երբ կինը խուսափում է մտերմիկ հարաբերություններից տղամարդու հետ): Վագինիզմի առաջացման պատճառները շատ են: Դրանցից են օրգանական, ինչպես նաեւ հոգեբանական պատճառները, լինում է եւ համակցված պատճառագիտություն: Այդ հիվանդության զարգացման հիմքում ընկած են «Մոխրոտիկի» կամ «Քնած դիցուհու» սեռական բարդույթը, անհաղթահարելի վախի զգացումը՝ սխալ տեղեկացվածությունը կամ անտեղյակությունը):
Տղամարդկանց մոտ հաճախ նկատվում են վաղաժամ սերմաժայթքում, իմպոտենցիա՝ էրեկտիլ դիսֆունկցիա, անպտղություն, սեռական ցանկության նվազում, նույնիսկ՝ անհետացում: Իսկ երեխաների դեպքում ամենատարածված սեռական խնդիրը կպչուն օնանիզմն է՝ մանկական մաստուրբացիան, որի պատճառով ծնողները, մասնավորապես մայրերը, շատ են անհանգստանում: Օնանիզմի առաջացման պատճառները եւս բազմազան են, սակայն դա հիմնականում ծնունդ է առնում կենսասոցիալական աններդաշնակությունից, հոգեբանական խնդիրներից, ծնողների հարաբերություններից, երեխայի հոգեսեռական զարգացման առանձնահատկություններից եւ օրգանական խանգարումներից, բայց ժառանգականության մասին հիփոթեզներ թերեւս չկան:
Ռ. Ազատյանը շարունակելով զրույցը՝ հավելեց, որ սեռական հիվանդության կանխարգելման համար յուրաքանչյուր մարդ պետք է պահպանի հիգիենայի կանոնները (օրինակ՝ պահպանակի օգտագործումը) եւ, ամենակարեւորը, անցնի ճանաչողական փուլով, որի ընթացքում ծանոթանում է իր սեռական օրգանների հետ: «Այս գործընթացը թերեւս օնանիզմ չի համարվում, սակայն շատ հաճախ ծնողների ռեակցիայից (օրինակ՝ երբ երեխան դիպչում է իր սեռական օրգանին, ծնողները հարվածում են նրա թաթիկին եւ այլն) երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում եւ ակամա ֆիքսվում են այդ երեւույթի վրա, քանի որ, ինչպես ասում են, «արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում»: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սեփական մարմինը ճանաչելու»,- նշեց սեքսապաթոլոգը:
Սեռախանգարումների բուժման համար, թե տղամարդկանց, թե կանանց պարագայում, կիրառվում են դեղորայքային, բուժական թերապիա, ֆիզիոթերապիա (մերսումներ), կոգնիտիվ վարքային հոգեթերապիա, երեխաների դեպքում՝ մանկական հոգեթերապիա, որոնք ուղղված են սեռական խանգարումների վերացմանը:
Սեքսապաթոլոգից նաեւ պարզեցինք, որ այժմ վիագրա կոչվող դեղահաբը, որը տղամարդկանց սեռական խանգարումների ընդհանուր պաթոգենետիկ բուժման մեջ համարվում է գրեթե անփոխարինելի պատրաստուկ, հետազոտման փուլում է, սակայն ոչ ՀՀ-ում, քանի որ նման փորձերն ահռելի գումարների հետ են կապված: Գիտնականները փորձում են պարզել, թե այդ դեղահաբը որքանով կարող է ազդել կանանց վրա: Սակայն դեռեւս վերջնական պատասխան չկա:
«Եթե մարդը սեռական հարաբերությունից հաճույք չի ստանում, դա արդեն հիվանդություն է, որը պահանջում է համապատասխան բուժում: Ուստի պետք է ոչ թե յոլա գնալ, այլ բուժվել եւ վայելել…»,- զրույցի վերջում ավելացրեց մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել