Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կյանքի խոսքն» ավելի վտանգավոր է»

Մայիս 28,2011 00:00

Երիտասարդներն ընդդեմ աղանդների

\"\"

Մի քանի շաբաթ առաջ «Եհովայի վկաներ» կազմակերպության 2 ներկայացուցչի կողմից Ս. Երրորդություն եկեղեցու տարածքում իրականացված հայտնի քարոզչությունը եւ եկեղեցու քահանայի նկատմամբ հնչած սպառնալիքները հասարակության շրջանում նոր վրդովմունքի պատճառ հանդիսացան: Այդ միջադեպի առնչությամբ իրենց վրդովմունքն են հայտնում նաեւ երիտասարդական կազմակերպությունները: Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում հայ երիտասարդները սկսեցին իրենց ստորագրահավաքը՝ ընդդեմ աղանդների գործունեության: Երիտասարդական կազմակերպությունները «բաց նամակով» դիմեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Նամակով նրանք պահանջում են ՀՀ իշխանություններից՝ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով կանոնակարգել կրոնական կազմակերպությունների գործունեությունը, հստակորեն սահմանել մեխանիզմներ նրանց վերահսկելու համար, հոգեորսությունը սահմանել իր բոլոր բաղադրիչներով՝ որպես ազգային, հոգեւոր, մշակութային արժեքների հանդեպ թշնամանքի եւ ատելության հրահրում: «Մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում տարատեսակ փոքրամասնությունների իրավունքները տարփողելու դրոշի ներքո մեր հասարակության համախմբվածության ու համակեցության դեմ ուղղված ցանկացած քայլ եւ դրսեւորում: Կոչ ենք անում նաեւ կարծեցյալ իրավապաշտությամբ զբաղվող անձերին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ հիշյալ աղանդավորական կազմակերպություններին լծակցումից, եկեղեցու հասցեին ուղղված մաղձոտ արտահայտություններից»,-նշված է «բաց նամակում»:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Պատմական փորձն էլ վկայում է, որ աղանդների դեմ եկեղեցին միայնակ չի կարող պայքարել: Ընդունված է ասել, որ եկեղեցին, պետությունը եւ հասարակությունը միասին պետք է ծավալեն այդ պայքարը՝ խիստ օրենքներով եւ, քանի որ մենք Եվրախորհրդի անդամ ենք, հետեւապես պետք է օրենքներն այնպես ստեղծվեն, որպեսզի հակասություններ չլինեն Եվրախորհրդի համանման օրենքների հետ»: Նա գտնում է, որ պայքարի միջոցներից մեկն էլ պետք է լինի հասարակության անհանդուրժող վերաբերմունքը. «Պատմական փորձը վկայում է, որ ամեն անգամ, երբ հասարակության մեջ լինում է սոցիալական լարում, աշխուժանում են աղանդները: Մինչեւ 2009 թիվը նրանց կողմից այդքան ակտիվություն չէր նկատվում, բայց վերջին ժամանակների գնաճն իր ազդեցությունն ունեցավ, քայլում եմ Երեւանի փողոցներում ու տեսնում, որ վերջին շրջանում ակտիվացել են մասնավորապես «Եհովայի վկաները» եւ մորմոնները»:
Մյուս կողմից մեր զրուցակիցը գտնում է, որ աղանդավորները հայ հասարակության համար մեծ վտանգ չեն ներկայացնում, քանի որ փոքր տոկոս են կազմում, բայց, ըստ նրա, այժմ պետք է քայլեր արվեն, որ աղանդներն իրենց Հայաստանում չզգան այնպես, ինչպես ձուկը՝ ջրում. «Անդամներին էլ պետք չէ մեղադրել, նրանք գաղափարապես այնպես սրսկված են, որ մենք բոլորս մոլորյալներ ենք, իսկ իրենք գիտեն իմաստնությունը, շուտով աշխարհի վերջն է եւ իրենց տրված է մարդկությանը փրկելու առաքելություն: Այդ «առաքյալ» լինելու գիտակցումից նրանք այդպես հանդուգն են դառնում»: Նրա փոխանցմամբ, ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների, «Եհովայի վկաների» թիվը 20 հազար է, «Կյանքի խոսքինը»՝ 10 հազար, մորմոնները՝ 2 հազար. «Կյանքի խոսքն» ավելի վտանգավոր է, քանի որ երրորդություն դավանող կեղծվածք է, փողոցում եթե արտաքուստ գիտենք մորմոններին, «Եհովայի վկաներին», ապա «Կյանքի խոսքի» անդամները չեն տարբերվում»: Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում չկա կրոնական անհանդուրժողականություն. «Ամենօրյա վկաներն ենք այն իրողության, որ փողոցներում ազատ շրջում են այլ կրոնական կազմակերպությունների քարոզիչներ, ի՞նչ անհանդուրժողականության մասին կարող է խոսք լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել