Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մորթված ծառեր՝ դպրոցի բակում

Մայիս 28,2011 00:00

\"\"
Օրեր առաջ ծառերը դեռ կենդանի էին:

Երեկ գիշերը անհայտ անձանց կողմից կտրվել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի բակում գտնվող ծիրանենիներ: Այսօր առավոտյան, երբ երաժշտական դպրոցի հավաքարարը վաղ առավոտյան եկել է աշխատանքի, նրան տարօրինակ էր թվացել այն, որ անցորդները բակից դուրս էին գալիս՝ ձեռքներին ցոգոլ: Նա մոտեցել էր ու տեսել, որ ծառերը սղոցով անխնա կտրված են: Դպրոցի աշակերտները դեռ 5 տարի առաջ էին նախաձեռնել բակի աղբահանումն ու ծիրանենիներ տնկել: Երաժշտական դպրոցի փոխտնօրեն Սուրեն Հարությունյանը «Առավոտին» պատմեց, որ աշակերտները շատ էին սիրում այգին ու հաճախ իրենց իսկ ցանկությամբ մաքրում, ջրում եւ նույնիսկ մասնագետի խորհուրդներին հետեւելով՝ էտում էին ծառերը: Այս տարի էլ՝ մայիսի 7-ին նրանք շաբաթօրյակ էին կազմակերպել ու մեծ ոգեւորությամբ բարեկարգել տարածքը: Մոտակա շենքերի բնակիչները նույնպես վրդովված էին: Նրանց խոսքով՝ կատարվածը պարզապես անխղճություն է: «Ոնց որ նոր ծնված երեխային մորթես: Էս ծառերն էլ նոր-նոր սկսել էին բերք տալ»,- ասաց աշակերտներից մեկի ծնողը: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենը համոզված է, որ դա դիտավորություն է. «Երեխայի արած չի, սղոցով դիտավորյալ կտրել են, նպատակ են ունեցել ուղղակի կանաչ գոտին վերացնել»: Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդօրինակ գործողությունները սովորական են դարձել մեր քաղաքում. «Սովորաբար դա ենթադրում է, որ հետո ծառերի տեղում ինչ-որ օբյեկտ է առաջիկայում կառուցվելու»: Նա նշեց, որ իր ղեկավարած հ/կ-ի՝ առանձին դեպքերի դեմ մենակ պայքարելը արդյունավետ չի լինի՝ պետք է հասարակությունը համապատասխան վերաբերմունք ցույց տա ու արձագանքի, որ քաղաքի ու երկրի համար ի պաշտոնե պատասխանատուներն էլ ստիպված լինեն մտահոգվել խնդրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել