Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱԿՆՈՏ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՊ ՆԱԽԱԳԻԾ

Մայիս 28,2011 00:00

«Թափառում» ֆիլմից մինչեւ վտանգավոր եւ հաճելի հանդիսատես

\"\"

Հունիսի 3-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կլինի Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ասք» մշակութային կենտրոնի համատեղ արտադրությամբ նկարահանված «Թափառում» ռոք-օպերա ֆիլմը:
Վերջինիս պրոդյուսեր, երաժշտության եւ լիբրետոյի հեղինակ Արամ Սուքիասյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նման տեսակի ֆիլմ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջին անգամ է ստեղծվում:
Ա. Սուքիասյանի ձեւակերպմամբ, երաժշտական այդ ստեղծագործության վրա աշխատել է լուրջ թիմ՝ թարմ ուժերով ու նոր մտածողությամբ: Բեմադրող ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Արշալույս Հարությունյանն է, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, բեմադրող նկարիչը Արմեն Ղազարյանն է, նկարիչ-գրաֆիստը՝ Անդրանիկ Թորոսյանը, խմբագիրը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը: «Հրաշալի կերպարներ ու դերակատարումներ կան՝ Արման Էլբերտ, Արշալույս Հարությունյան: Ինչ վերաբերում է դերերգերին, մի քանիսը չեն երեւում, բայց կուզենայի անուններ նշել՝ Անահիտ Շարյան, Արմեն Ադամյան, Սարգիս Մանուկյան (EMPYRAY-ից), Աստղիկ Արծրունի… Բավական հետաքրքիր կազմ է ձայնագրվել: Սա միստիկ ֆիլմ է՝ ֆանտաստիկայի ժանրից, սյուժեի հիմքում Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսն է, որը վերածվել է չափածո ստեղծագործության, լիբրետոյի: Կան մասնակի փոփոխություններ՝ կինոլեզվին առավել մոտեցնելու համար»,- ինքնատիպ աշխատանքը ներկայացրեց պրոդյուսերը:
Նա ասաց, որ ֆիլմը 2 տառապյալ մարդկանց մասին է, ովքեր ճակատագրի բերումով բախվում են մեքենաներով ու տեղափոխվում հիվանդանոց: Ազգությամբ հայ Ջեյմս Արամյանը մահանում է, ու բժիշկները վիրահատության միջոցով նրա ուղեղով են փոխարինում օտարերկրացու վնասված ուղեղը: Հայի ուղեղը օտար մարմնում է, սկիզբ են առնում հայի անվերջ թափառումները: «Սկսվում են ներքին բախումներ, զավեշտական իրողություններ, նաեւ մասնակի ողբերգություն, երբ մերժվում է մարդը: Ամենահետաքրքիրը, թերեւս, Ջեյմս Արամյանի կերպարն է, ով հայտնվում է երկնքում, մերժում ստանալով Գաբրիել հրեշտակապետից, ստիպված է լինում վերադառնալ եւ իր թաղումը սեփական աչքերով տեսնել: Ահա այսպիսի պատում է, որը երաժշտական այս ժանրում չափազանց հետաքրքիր եւ դինամիկ զարգացման մեջ է: Ինձ թվում է, որ այն հանդիսականին պիտի դուր գա»,- կարծում է Սուքիասյանը:
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում մեր զրուցակիցը իրենց հավակնոտ նախագծի ճակատագիրը՝ Հայաստանում եւ արտերկրում: «Հայաստանում սա առաջին փորձը չէ, ուղղակի առաջին ֆիլմն է: Գրեթե նույն թիմն է աշխատել՝ մասնակի համալրմամբ, որ ժամանակին իրականացրեց «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան «Կասկադ» համալիրում: Նոր ընկալումներով ենք փորձել ստեղծել այս մյուզիքլը: Ընդհանրապես, ռոք-օպերայի ժանրը քիչ պոպուլյար է աշխարհում, ավելի ճիշտ՝ պոպուլյար է, բայց այդ ժանրում ստեղծված քիչ բան կա: Երեւի պատահական չէ, որ «Թափառումը» տարածաշրջանում առաջինն է: Այն պահանջված է իր տեսակով, բայց որպես ստեղծագործություն բավականին բարդ է, որովհետեւ իր մեջ սինթեզում է արվեստների բազում տեսակներ: Համարում ենք, որ համարձակություն էր պետք այս գործը գլուխ բերելու համար: Կարծում ենք՝ Հայաստանում այն կսիրվի, իսկ եթե կգտնվեն մարդիկ, որ ժանրին չեն տիրապետում, ֆիլմը կարող է ազնիվ իմաստով ճանաչողական դերակատարում եւ նշանակություն ունենալ, նաեւ որոշակի շրջանակներում ճանաչեցնել Հայաստանը»,- կարծում է Ա. Սուքիասյանը, նաեւ հավելում, որ իրենց այս ձեռնարկը ազգային կինեմատոգրաֆ համարվել չի կարող, չնայած թե՛ երաժշտական լադում, թե՛ սյուժետային զարգացման մեջ առկա է հայկական ոգին: Մյուս կողմից էլ արծարծվող խնդիրները նույնչափ հետաքրքիր են ոչ միայն հայ մարդուն, քանի որ նյութը համամարդկային խնդիրների շուրջ է՝ կլոնավորման թեմա, քրիստոնեության գաղափար, մարդավայել ապրել, հոգու հավերժականություն եւ այլն:
Ա. Սուքիասյանը հավաստիացնում է, որ «Թափառումը» լուրջ հետաքրքրություն է առաջացրել Կաննի փառատոնի կինոշուկայում ներկայացվելիս. ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների դրական կարծիքներ են հնչել՝ կինոռեժիսուրայի, երաժշտության եւ ֆիլմի ստացված լինելու մասին: Առաջարկներ են ստացվել Վիեննայի, Հռոմի միջազգային կինոփառատոներից, ֆիլմի հեղինակները ոգեւորված են մասնավորապես Բրոդվեյյան փառատոնով, որն, ըստ էության, մյուզիքլի հայրենիքն է:
Հայաստանյան ցուցադրությունից հետո աշնանը նախատեսված են արտերկրյա ցուցադրումներ: «Մեր թիմը որոշեց, որ ազնիվ կլինի՝ նախ Հայաստանում, հետո արտերկրում ներկայացնել ֆիլմը, քանի որ հայաստանցի հանդիսականը ավելի բծախնդիր է, հավակնոտ, ըստ անհրաժեշտության՝ լուրջ դիտողություններով, իր քննադատական կեցվածքով, կարճ ասած՝ ամենահաճելի եւ ամենավտանգավոր հանդիսատեսը մեր հանդիսատեսն է»: «Թափառումը» պետպատվերով չի նկարահանվել, սակայն պետությունը՝ ի դեմս Ազգային կինոկենտրոնի, ունեցել է հստակ մասնակցություն, ներդրումներ է արել «Ասք» մշակութային կենտրոնը: Արամ Սուքիասյանը, որը «Ասքի» պրոդյուսերն է, չի բարձրաձայնում նախագծի բյուջեի մասին, բայց շեշտում է, որ ֆիլմին գումար տվող մարդիկ՝ ծանոթ լինելով իրենց թիմի ձեռագրին, վստահ են եղել, որ արդյունքը լավ է լինելու: Կաննի կինոշուկայում եւս ֆիլմի բյուջեն չի հրապարակվել, ընդամենը համապատասխան տողում լրացվել է, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ. «Ֆիլմ նկարելը թանկ հաճույք է, իսկ մյուզիքլն ավելի ծախսատար է: Ու եթե թիվ հրապարակեինք, այն գուցե եվրոպական շուկայի համար հույժ տարօրինակ լիներ: Ինչ վերաբերում է որակին, այդ իմաստով արել ենք ամեն ինչ, որպեսզի այն լինի միջազգային չափանիշներին համապատասխան»: Ֆիլմի ստեղծման որոշ փուլեր արվել են «Մոսֆիլմում», որովհետեւ Հայաստանում չկան համապատասխան թվայնացման եւ ժապավենի վերածման ստուդիաներ: Իսկ առանց որակի, ֆիլմը անհնար կլիներ միջազգային ասպարեզ հանել: Զրույցի վերջում Ա. Սուքիասյանը ցանկություն հայտնեց, որ մարդիկ կինոդահլիճ չգան կասկածով եւ արդեն ունեցած որոշակի վերաբերմունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել