Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեկնաբանեց համանախագահների հայտարարությունը

Մայիս 28,2011 00:00

«Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության տրամաբանությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով նախօրեին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Դրանում երեք երկրների նախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին կոչ են արել բնակչությանը պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի, իսկ հունիսին երկու նախագահների կայանալիք հանդիպման ժամանակ ավարտին հասցնել հիմնական սկզբունքների մշակման վրա տարվող աշխատանքները:
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները իրենց հայտարարությունում անընդունելի են համարում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակում ներկայիս ստատուս քվոն, «ինչի մասին եւս Ադրբեջանը բազմիցս հայտարարել է»:
«Փաստաթղթերը եւ սկզբունքները, որոնց վրա հղում են կատարում երեք պետությունների ղեկավարները, քանիցս քննարկվել են, եւ դրանցում սկզբունքորեն դրվում է Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության հարցը: Հետեւաբար, հայկական կողմը պետք է հասկանա, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է՝ հայկական զինված ուժերի դուրսբերումը եւ իրենց մշտական բնակության վայրեր ներքին տեղահանված անձանց վերադարձը թույլ կտան անցնել հաջորդ քայլին Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համակեցության բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ՝ Ադրբեջանի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի հետագա որոշման նպատակով»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն՝ ափսոսանք հայտնելով, որ «Հայաստանը դեռեւս տարբեր ճանապարհներով ձգձգում է զորքերի դուրսբերումը եւ դրանով իսկ խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին՝ Կազանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել