Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

G8-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Մայիս 28,2011 00:00

\"\"Ֆրանսիայի Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի մասնակիցները նոր՝ «Նորացված ընտրություն՝ հօգուտ ազատության եւ ժողովրդավարության» վերնագրով հռչակագիր են ընդունել: BBC-ի մատուցմամբ, 25 էջանոց այդ եզրափակիչ փաստաթղթում խոսվում է մասնավորապես Լիբիայում արյունահեղության դադարեցման հիմնախնդրի մասին: Ինչպես ընդունել են G8-ի երկրների բոլոր առաջնորդները, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին պետք է հեռանա իր պաշտոնից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին խնդրել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ազդել այդ գործընթացի վրա եւ առաջարկել անարգել լքել երկիրը: «Ութնյակը» հռչակագրում նաեւ զգուշացրել է Սիրիային՝ հնարավոր այն քայլերի մասին, որոնք կարող են կիրառվել, եթե Դամասկոսը ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացնի: «Սիրիայում ժողովրդավարությանը եւ երկարատեւ անվտանգությանն ու բարգավաճմանը կարելի է հասնել միայն երկխոսության եւ արմատական բարեփոխումների միջոցով: Եթե Սիրիայի իշխանությունները ականջալուր չլինեն այս կոչին՝ մենք կքննարկենք ձեռնարկվելիք հետագա քայլերը»,- ասված է G8-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ: Փաստաթղթում բարձրացվել է նաեւ Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցը: Ինչպես ասվում է հռչակագրում, «Ութնյակը» կաջակցի, որպեսզի Ռուսաստանը 2011-ին դառնա այդ կառույցի անդամ:
Բացի այդ, ուրբաթ օրն ընդունված հռչակագրում հիշատակվում է բոլոր այն հարցերի շրջանակը, ինչպիսիք են՝ Ճապոնիայի հետ համերաշխության, համացանցի զարգացման, գլոբալ տնտեսական հիմնախնդիրների, առեւտրի, ինովացիաների, բնապահպանության եւ եղանակային փոփոխությունների, միջուկային անվտանգության, աշխարհում խաղաղության եւ անվտանգության ապահովման, ներառյալ՝ տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Կորեական թերակղզու եւ Իրանի խնդիրները:
G8-ի առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն ու ՄԱԳԱՏԷ-ի պահանջները մշտապես արհամարհող Թեհրանի գործողությունների առնչությամբ: «Ութնյակը» ճանաչել է խաղաղ նպատակներով ուրանի արտադրության Իրանի իրավունքը, բայցեւ արձանագրել, որ «այդ իրավունքը ուղեկցվում է պարտավորություններով, որոնք բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը, պետք է կատարեն»: G8-ի հաջորդ գագաթաժողովը կայանալու է 2012-ին, ԱՄՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել