Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղեցիկից՝ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր

Մայիս 28,2011 00:00

Գեղարվեստի ակադեմիայի սաները պաշտպանեցին իրենց դիպլոմայինները, իսկ ԿԳ նախարարը խոսեց քննություններից

Երեկ ՀՀ նկարիչների միությունում իրենց դիպլոմային աշխատանքներն էին պաշտպանում Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի բակալավրի եւ մագիստրատուրայի շրջանավարտները:
Առավոտյան ժամը 9-ից Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտները մեկը մյուսի ետեւից ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի նախագահած պետական ավարտական քննության հանձնաժողովի անդամներին ներկայացնում էին իրենց մտահղացումները, պատկերացումները, նորամուծությունները: Ուսանողների թեմաները տարբեր ոլորտներ էին ընդգրկում՝ մշակույթից մինչեւ տնտեսություն. շարժական թատրոնի, զբոսաշրջության, գնացքի համալիրի, մեքենայի բազմաֆունկցիոնալ տնակ-կցորդիչի, մեղվաբուծության պարագաների, անտառ տնկող մեքենայի, ակումբ- սրճարանի դիզայնի նախագծեր կային:
«Ժամանակ» ակումբ-սրճարանի դիզայնի նախագծի հեղինակ Հայկ Կարապետյանը մեր այցելության պահին դեռեւս չէր պաշտպանել իր աշխատանքը: Նա խոստովանեց, որ փոքր-ինչ հուզված է, ինչի պատճառով չի կարող առայժմ լիարժեք ներկայացնել իր դիպլոմային աշխատանքը: Մեկ այլ՝ մեղվաբուծության պարագաների նախագծի հեղինակի հուզվածությունն այն աստիճանի է, որ նույնիսկ չկարողացավ իր անուն-ազգանունն ասել, նշեց, որ «մարդաշատ միջավայրերից ֆոբիա ունի»:
Շարժական թատրոնի նախագծի հեղինակ Անի Օհանյանն արդեն պաշտպանել էր դիպլոմայինը եւ գերազանց գնահատական ստացել. «Ուսումնասիրելով ոլորտը՝ եկել եմ այն եզրահանգման, որ Հայաստանում շարժական մեծ թատրոնի մշակույթ չկա: Իմ նախագիծը նախատեսված է հիմնականում մարզերի բնակիչների համար, որովհետեւ թատրոնների հարցն այնտեղ ցավալի վիճակում է: Մշակույթը զարգացած չէ, որովհետեւ թատրոն ունենալը մեծ ֆինանսների հետ է կապված: Փորձելու եմ քննություններս ավարտելուց հետո աշխատանքս ներկայացնել համապատասխան մարմինների եւ հետաքրքրվող անձանց, բայց չեմ հավատում, որ շարժական թատրոնի վրա այդքան գումար ներդնողներ կգտնվեն, եթե նույնիսկ կյանքի էլ կոչվի կամ շարժական թատրոնները սկսեն գործել, դա կլինի տարիներ անց»:
Դիպլոմանտների քննությանը հետեւում էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Շրջելով տաղավարներով եւ ուսումնասիրելով շրջանավարտների նախագծերը, Ա. Աշոտյանն իր գոհունակությունը հայտնեց վերջիններիս մտահղացումների մասին. «Երիտասարդների կողմից հրաշալի առաջարկություններ կան, որոնք հեշտությամբ կարող են կոնկրետ լուծումների բերել: Այս նախագծերը կարող են օգտագործվել քաղաքի զարգացման համակարգում, գյուղատնտեսության մեջ: Այստեղ պետք է գործարարներ, ձեռներեցներ լինեին, որոնք նախագծերի հեղինակներին միանգամից աշխատանքի կընդունեին, կգնեին ուսանողների ինտելեկտուալ աշխատանքի պրոդուկտը եւ եկամտաբեր բիզնես կունենային»:
Լրագրողների հետ առանձնազրույցում Ա. Աշոտյանը անդրադարձավ պետական ավարտական քննություններին. «Երկու տարի է՝ փորձում եմ բոլորին հասկացնել, որ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչպիսի՞ մասնագետներ են ամեն տարի ավարտում բուհերը: Բուհ ընդունվելը գնալով ավելի դյուրին պետք է դառնա, իսկ ավարտելը՝ բարդ: Հասարակության համար առավել կարեւոր է՝ ովքե՞ր են վաղը շինարարությամբ զբաղվելու, մարդ բուժելու, տնտեսությունը առաջ տանելու»: Նախարարը նշեց, որ պետական ավարտական քննությունների մեխանիզմների բարելավման խնդիր կա. «Ուսանողներին պետք է հնարավորություն տրվի գոնե մեկ անգամ բողոքարկել պետական քննության արդյունքը: Գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս: Արդյունքում՝ շրջանավարտը պետական քննության հանձնաժողովի առջեւ մնում է անպաշտպան»:
Նախարարն անդրադարձավ նաեւ բուհը չավարտած զինծառայողների ծառայության ընթացքում պետական քննություններ հանձնելու խնդրանքներին. «Նախարարությունը կտրականապես մերժում է դեռեւս զինծառայող վիճակում բուհից դուրս մնացած ուսանողի մասնակցությունը պետական ավարտական քննություններին: Օրենսդրությամբ այդ մարդը դեռեւս զինապարտ է եւ ոչ թե ուսանող: Խիստ կասկածելի է, որ ուսանողը 4 տարի սովորելուց հետո չի կարողացել հանձնել պետական քննությունը եւ հանկարծ բանակում երկու տարի ծառայելով՝ փորձում է գալ ու հանձնել պետական ավարտական քննություն. ակնհայտ է կոռուպցիոն ռիսկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել