Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄՆԵՐ՝ ԳԹԿ-Ի ՎՐԱ

Մայիս 28,2011 00:00

\"\"Ոմանց թվում է, թե կարելի է այս կառույցից թեստեր ձեռք բերել՝ իրենց պատիվը փրկելու համար

Հունիսի 1-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս տարին աննախադեպ է: Դպրոցների շրջանավարտ չլինելու պատճառով դիմորդների թիվը բավականին քիչ է. 1209 դիմորդ կմասնակցի քննությունների հիմնական փուլին:
Թե ինչ նախաքննական տրամադրություններ են ԳԹԿ-ում՝ փորձեցինք ճշտել ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանից:
«Քննակենտրոններ ձեւավորվել են ՀՀ բոլոր մարզերում եւ արդեն իսկ պատրաստ են քննություններին, յուրաքանչյուրում տեղադրված են տեսագրող, պատճենահանող սարքեր: Այս պահին իրականացնում ենք միասնական քննական թեստերի տպագրություն: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բոլոր առարկաների թեստերը տպագրվում են ԳԹԿ տպարանում, եւ այնտեղ իրականացվող բոլոր գործողությունները՝ սկսած տպագրումից, ավարտած ծրարավորմամբ, տեսագրվող սարքերի տեսադաշտում են: Այդ ողջ գործընթացն իրականացվում է ԳԹԿ տնօրենի անմիջական հսկողության, Ազգային անվտանգության ծառայության, թեստեր կազմած աշխատանքային խմբի ներկայացուցիչների ներկայությամբ: Թեստերը պահվում են պահոցում, որի երեք բանալիները գտնվում են տարբեր անձանց մոտ: Հիշեցնեմ, որ նախորդ տարիներին որոշ առարկաների թեստեր տպագրվել են ԳԹԿ տպարանում, եւ միասնական թեստերի արտահոսք չի նկատվել»,- ասաց Գ. Մանուկյանը:
Քանի որ խոսք եղավ արտահոսքի մասին, մեր զրուցակցին հիշեցրինք 9-րդ դասարանի թեստերի տպագրության մասին եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է ձեռնարկվել, որպեսզի այս տարի նախորդ տարվա արտահոսքի դեպքը չկրկնվի: «9-րդ դասարանի թեստերը վաղուց արդեն տպագրված են, եւ համապատասխան արկղերով ուղարկվել են մարզեր՝ «Արարատբանկի» եւ «Արդշինինվեստբանկի» համապատասխան բաժանմունքներ, պահպանության նպատակով: Ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցառումներ թեստերի արտահոսքը կանխելու ուղղությամբ, սակայն պետք է խոսեմ ցավալի մի իրականության մասին. եթե նախորդ տարի հասարակությունն արդարացիորեն դատապարտեց 9-րդ դասարանի թեստերի արտահոսքը, մյուս կողմից էլ ողջ տարին անհարկի շահարկեց այդ փաստը, այժմ, այս օրերին նույն հասարակությունը մեծ ջանասիրությամբ բարոյական ճնշում է գործադրում ԳԹԿ աշխատակիցների վրա՝ ձեռք բերելու 9-րդ դասարանի թեստեր: Օրինակ, թեստեր է ուզում ձեռք բերել դպրոցի տնօրեն՝ փրկելու իր դպրոցի պատիվը, կրկնուսույց՝ փաստելու, որ լավ կրկնուսույց է, ծնող՝ տարիներ շարունակ բարձր գնահատական ստացած իր երեխայի «բարձր» գնահատականը պահելու նպատակով»,- հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:
Արդյոք տեղեկություններ ունե՞ն՝ գուցե ոմանք ձե՞ռք են բերել դրանք: «Ճնշումները դեռ շարունակվում են, սակայն արտահոսք չկա: Հիշեցնենք, որ մասնագիտությունների հայտագրումը կիրականացվի բուհի ընդունող հանձնաժողովներում մինչեւ հունիսի 1-ը, ժամը 18-ը: Իսկ միասնական քննությունները կմեկնարկեն արդեն իսկ հունիսի 1-ին՝ քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներով, հունիսի 4-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից, հունիսի 7-ին՝ կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից, հունիսի 10-ին՝ մաթեմատիկայից, հունիսի 14-ին՝ օտար լեզուներից: Հիմնական փուլի միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 17-ին՝ հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներով»,- հայտնեց Գ. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել