Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԿՈՉ

Մայիս 28,2011 00:00

Լոռու մարզի խորհրդի երեկվա նիստում հայտարարություններն ավելի շատ էին, քան օրակարգի հարցերը: Հենց հայտարարությունների ընթացքում էլ պարզվեց, որ մայիս ամսվա ցուցանիշները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Լոռու մարզպետը համայնքապետերին կոչ արեց սթափվել եւ 2-3 օրվա մեջ լուրջ աշխատանք տանել: «Մայիս ամսին ոչ մի անգամ հեշտ չի եղել, դուք էլ լավ գիտեք, աշխատեք բաց թողածը լրացնել, թե չէ հունիսի 1-ից ոչ մի ծրագիր չեմ թողնելու, որ լինի, շատ հեշտ է ծրագիրը շուռ տալ մեկ այլ համայնքի վրա, որտեղ աշխատանք է կատարվում»,- ասաց մարզպետ Արամ Քոչարյանը: Մարզպետը նկատի ուներ տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարվող շինարարական աշխատանքները:
Օրակարգի առաջին հարցը առողջապահությունն էր: Ըստ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի՝ աշխատանքներն ընթանում են պետական ռազմավարական ծրագրին համահունչ:
Պետական լուրջ նպատակ է սահմանվել՝ տարածաշրջաններում ունենալ հզոր բժշկական կենտրոններ: Նախատեսվում է Վանաձորի Լ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի եւ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի միացման եղանակով Լոռու մարզկենտրոնում ստեղծել մեկ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ կահավորված եւ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով: Գործընթացը սկզբնական փուլում է, ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
Երկրորդ հարցը զորակոչն էր: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ստեղծվել են հանձնաժողովներ, ուր ընդգրկված են նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, որ համայնքապետերը շատ դժգոհ էին իրենց վրա դրված պարտականությունից, նրանք առաջարկեցին համայնքներում վերականգնել նախկին զինկոմների հաստիքը: Լոռու մարզպետն ընդունեց առաջարկը, բայց դա կմնա արդեն աշնանային զորակոչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել