Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքը դարձնել գործոն

Մայիս 28,2011 00:00

\"\"Այս տրամաբանությամբ նամակ հղեցին ՄԱԿ-ին «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի մասնակից 9 պետությունները:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, երեկ Երեւանում կայացավ «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողով, որին, բացի Հայաստանից, մասնակցում էին նաեւ Արգենտինայի, Ռումինիայի, Իտալիայի, Լիբանանի, Հունգարիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Հունգարիան ներկայացրեց սփյուռքյան համայնքներում ազգային ինքնության սերմանման սեփական փորձը, Արգենտինան խոսեց պետություն-սփյուռք հարաբերություններից, Ռումինիան՝ միջմշակութային երկխոսություններից: Հայաստանի անունից խոսեցին ՀՀ սփյուռքի նախարարը, ակադեմիկոս Էդուարդ Մելքոնյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Մարդկային զարգացման կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ-ական Կիրո Մանոյանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ ասաց, որ հրավեր եւ ելույթ ունենալու առաջարկ ստացել են նաեւ ռամկավարներն ու հնչակյանները, սակայն՝ չեն ընդունել:
Իսկ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում տիկին նախարարը ասաց, որ արագ փոփոխվող, գլոբալացվող ու փոքրացող աշխարհում սփյուռքը նոր որակ եւ  դեր է ստանում եւ որպես հետեւանք՝ միջազգային կառույցները՝ ՄԱԿ, Համաշխարհային բանկ, Եվրահանձնաժողով եւ այլն, սկսել են արժեւորել սփյուռքի դերը: Չնայած սրան, սփյուռքին առնչվող առայժմ միայն մեկ միջազգայնորեն ընդունված փաստաթուղթ կա: 2005-ի՝ «Եվրոպայի ժողովուրդներին սփյուռքի մասին» Բարսելոնայի հռչակագիրը: Ուստի տիկին Հակոբյանը հայտարարեց, որ «մեր համաժողովը կունենա պրակտիկ նշանակություն, եթե դիմենք Միավորված ազգերի կազմակերպությանը՝ առաջարկելով ստեղծել սփյուռքի հարցերով հանձնաժողով՝ սփյուռքի հիմնախնդիրները միջազգայնորեն ուսումնասիրելու եւ կառուցակարգեր մշակելու համար»: Թե ինչ կարգեր կմշակեն ՄԱԿ-ի մակարդակով՝ կերեւա ապագայում, քանի որ ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկը ընդունվեց եւ ՄԱԿ-ը շուտով կստանա 7 կետից բաղկացած եւ 9 երկրի ստորագրած առաջարկը:
Համաժողովի ժամանակ Հրանուշ Հակոբյանը որոշ սկզբունքներ արդեն ներկայացրեց, որոնք կարող են դրվել քննարկումների սեղանին: Օրինակ, որ սփյուռքի ներուժը կարելի է օգտագործել պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման ու հակամարտությունների կարգավորման, մարտահրավերների հաղթահարման համար: Կամ՝ որ հայրենիք-սփյուռք հարաբերությունների հիմքում պետք է լինի փոխադարձ շահն ու համերաշխությունը: Կամ՝ սփյուռքը կարող է դառնալ միջպետական համագործակցության եւ բազմակողմ հարաբերությունների բաղադրիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել