Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿՐԿԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ

Մայիս 28,2011 00:00

\"\"Խոշոր առեւտրային օբյեկտների մասին օրենքի նախագիծը «փոքր ու միջին» գործարարներին չի մխիթարում:

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է փրկել փոքր ու միջին խանութներին, որպեսզի դրանք վերջնականապես խոշորների «ձեռքին» չկործանվեն: ՕԵԿ-ը օրենքի նախագիծ է մշակել, որով սահմանվում են խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման եւ գործունեության չափորոշիչները:
Ծանոթանալով նախագծին՝ փորձեցինք հասկանալ, թե այդ ինչ «հրաշք» չափորոշիչներ են մտածել, որի շնորհիվ փրկվելու են փոքր խանութները:
Այսպես, ըստ «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» օրենքի նախագծի՝ հիպերմարկետ է համարվում մանրածախ առեւտրի այն օբյեկտը, որն իրականացնում է սննդամթերքի կամ ոչ պարենային բազմատեսակ ապրանքների առուվաճառք՝ առավելապես ինքնասպասարկման եղանակով՝ 3000 եւ ավելի քմ առեւտրային մակերեսով: Սուպերմարկետ է համարվում 300 եւ ավելի քմ առեւտրային մակերեսը: Փոքր եւ միջին առեւտրային օբյեկտներ են համարվում մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված սննդամթերքի ու ոչ պարենային ապրանքների, խառը տեսականի ունեցող խանութները եւ տաղավարները՝ 7 եւ ավելի քմ առեւտրային մակերեսով:
Բնականաբար, ընդամենը տարածքի չափերը սահմանելով, փոքր խանութներին չես փրկի: ՕԵԿ-ի նախագծով նաեւ առաջարկվում է սուպերմարկետներն ու հիպերմարկետները քաղաքի սահմանամերձ վայրերում տեղակայել, այսինքն՝ ինչպես նախագծի հեղինակներն են վստահեցնում՝ արդեն նոր բացվող հիպերմարկետներին հողատարածք տրամադրել քաղաքից դուրս կամ էլ քաղաքի ծայրամասային տարածքներում: Եթե հաշվի առնենք, որ Երեւանի ամենաբանուկ եւ խիտ բնակեցված վայրերում այնպիսի արագությամբ եւ ծավալներով են բացվում սուպերմարկետները, որ գրեթե ազատ տարածք էլ չկա, ապա նախագիծը կարելի է ուշացած համարել:
«Առավոտը» նախագծի հեղինակներից մեկից՝ ՕԵԿ կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք պետք չէ՞ր նախագծում հարկային ավելի ճկուն արտոնություններ սահմանել մանր ու միջին խանութների համար: Մեր այն դիտարկմանը, որ արդեն գոյություն ունեցող արտոնությունը՝ 6 մլն դրամ շրջանառության դեպքում ընդամենը հաստատագրված հարկատեսակ վճարելը, չփրկեց մոտ 15 հազար խանութպաններին, եւ նրանք լուծարեցին իրենց բիզնեսը սուպերմարկետների «դարդից», պարոն Մարգարյանն ասաց. «Օրենքի նախագիծը դեռ վերջնական չէ, այն բոլոր շահագրգիռ կողմերով քննարկվելու է: 100 հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ դիմում են, որպեսզի այս խնդիրը կարգավորվի: Գուցե քննարկումներից հետո կարողանանք հասնել նրան, որ գնային տարբերություն լինի: Այսինքն՝ լինեն մարդիկ, որոնք կցանկանան մի քիչ ավելի վճարել, բայց օգտվել սուպերմարկետից եւ միանգամից բոլոր գնումներն անել: Այնպես պետք է անենք, որ փոքրերը կուլ չգնան: Այդ փոքր ու միջին խանութների տերերը, որոնք չեն կարողանում աշխատել, արտագաղթի ճանապարհն են բռնում, օտար ափերում են ուզում աշխատել»:
Պարոն Մարգարյանի վստահեցմամբ, խոշոր առեւտրային օբյեկտները քաղաքամերձ վայրերում տեղակայելով՝ փոքր-ինչ աջակցություն կլինի մանր խանութներին. «Ամբողջ Եվրոպայում է այդպես: Խոշոր խանութներ բացելը թույլատրվում է քաղաքից դուրս կամ ծայրամասերում: Կենտրոնում չեն թողնում՝ քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով»: Մեր այն դիտարկմանը, որ Եվրոպայում յուրաքանչյուր 2-3-րդ բնակիչը սեփական ավտոմեքենա ունի եւ սուպերմարկետ կամ հիպերմարկետ հասնելու ոչ մի խնդիր չունի, ուստիեւ նրանց դա ձեռնտու է, պարոն Մարգարյանն ասաց. «Մենք հետագայում, քննարկումների ընթացքում դա էլ հաշվի կառնենք: Տարբեր կազմակերպություններից մասնագետներ են ներգրավվելու՝ թե սպառողների շահերի պաշտպան, թե գործարարների: Այնպես պետք է արվի, որ բոլորի իրավունքներն էլ հաշվի առնվեն: Գուցե փոփոխություն արվի եւ խանութների միջեւ աշխատանքային ժամերի պայմաններ դրվի»:
Պատգամավորի ներկայացմամբ՝ իրենց նախագիծը բոլոր տեսակետներից եւ բոլորի համար լավ է: Ըստ նրա, այնպես չի լինելու, որ եթե քաղաքում անհրաժեշտություն լինի սուպերմարկետի՝ այս նախագծով արգելվելու է բացել, ինչ է թե՝ օրենքը պարտադրում է քաղաքից դուրս նման գործ սկսել: Նախ, նախագծի հեղինակի խոսքերով՝ հաշվի է առնվելու, թե տվյալ համայնքում կա՞ սուպերմարկետի պահանջ, թե՞ ոչ, ուսումնասիրվելու է բնակչության ծավալը եւ ըստ այդմ՝ որոշվի, թե ինչ տեսակի խանութ է բացվելու. «Թե չէ, այսօր սուպերմարկետները սնկի պես աճել են: Իսկ մենք կողմ ենք, որ 100 մարդ 100 խանութ ունենա, այլ ոչ թե 1 մարդ՝ 100 խանութ»:
Այս օրենքի նախագիծն առաջարկելով՝ ՕԵԿ-ը նշում է, որ այն ուղղված է փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը: Սակայն նախագծում կա մի կետ, որ մեր ճարպիկ գործարարներին անգամ օրենքի ուժով չես ստիպի քաղաքից դուրս սուպերմարկետ բացել, առավել եւս, որ քաղաքամերձ վայրերում առեւտրաշրջանառությունն էլ բարձր չի լինի: Նախագծով թույլ է տրվում նաեւ ստորգետնյա տարածքները յուրացնել: Ինչպես պարոն Մարգարյանն է ասում, այդ հատվածում խոշոր առեւտրային օբյեկտ բացելը մեծ ներդրումներ է պահանջում: Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնական հատվածներում, այնուամենայնիվ, սուպերմարկետների ցանցերը կընդլայնվեն, բայց արդեն ստորգետնյա տարբերակով: Իսկ փոքր ու միջին առեւտրային օբյեկտները վերջնականապես կխորտակվեն: Նշենք, որ օրենքի նախագիծը Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում է քննարկվելու, եւ չի բացառվում, որ լրամշակելու եւ այլ առաջարկություններ ներառելու համար օրենքի ընդունումը բավականին ձգձգվի: Ուստի մինչեւ պատգամավորները ընդհանուր հայտարարի գան, չի բացառվում, որ եւս մի քանի 100 փոքր ու միջին խանութներ լուծարեն իրենց բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել