Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվո՞ւմ է կառավարության հրաժարականի հարցը

Մայիս 28,2011 00:00

ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ այդ հարցը միայն ձեւական առումով է դուրս եկել օրակարգից

Երեկ ճեպազրույցում «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ-ն ներքին քննարկում ունեցե՞լ է ՀՅԴ հարցապնդմանը կառավարության պատասխանի առնչությամբ, որտեղ, հիշեցնենք՝ պատճառաբանելով ծրագրերի ձախողումը, նշված էր. «Հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել են ճգնաժամը եւ նախկինից ժառանգած արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել կառավարությունը»՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց բացասաբար. «Ոչ: Հարցապնդումն արել էր ՀՅԴ-ն, եւ կարգն այդպիսին է՝ կառավարությունը պատասխանն ուղարկել էր ՀՅԴ-ին: Ես ամբողջ տեքստին ծանոթացել եմ առավոտյան: Եվ առավել եւս ասեմ՝ քննարկումների ընթացքում էլ չէինք մտածում, որ քննարկումներից հետո ՀՅԴ-ն նախագիծ է ներկայացնելու քվեարկության: Այնպես որ՝ ոչ մի այդպես սխեմատիկ կամ պրոյեկտված, կանխակալ վիճակներ չենք քննարկել»:
Մինչդեռ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ճեպազրույցում նշեց, թե քաղաքական մեծամասնությունը թեեւ չպաշտպանեց իրենց նախաձեռնությունը, բայց «ինչպես հասկացանք՝ շատ էլ դեմ չէին ներկա կառավարության հրաժարականի հարցը քննարկելու»: Ըստ նրա՝ «Հարցապնդման պատասխանը հաստատեց, որ ներկա կառավարությունը հաստատում է իր անձեռնհասությունը, երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու անկարողությունը»: «Առավոտի» հարցին, թե ինչու պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՅԴ-ն չփորձեց քննարկման առարկա դարձնել այն հարցադրումները, որոնք շեշտադրել էր իր հարցապնդման մեջ՝ պրն Մինասյանը պատասխանեց, թե իրենց «անտարբերությունը նաեւ հստակ վերաբերմունք էր այն իրողությանը, որ ներկա կառավարությունը պարզապես ձախողել է ամեն ինչ: Եվ փորձել պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ստանալ մեզ մտահոգող հարցերի պատասխանները՝ պարզապես անիմաստ էր, որովհետեւ ոչինչ չէր տալու՝ երկու պատճառով։ Առաջին՝ կառավարությունն իսկապե՛ս չի տիրապետում իրավիճակին, եւ նրա ցանկացած պատասխան կրում է ձեւական ու մակերեսային բնույթ՝ ընդամենը պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Եվ երկրորդ՝ պետական բյուջեի կատարողականի ընթացքում այդ հարցադրումներով քաղաքական մեծամասնության տրամադրվածությունը չէր կարող փոխվել, որովհետեւ նրանք հակված են, որ այնուամենայնիվ պետք է պաշտպանեն ներկա կառավարության վարքագիծը՝ թեկուզեւ այն հայտարարությունից հետո, որ նույն ՀՀԿ ողնաշարով ձեւավորված իշխանությունը 2001-ից սկսած, ըստ կառավարության, փաստորեն, ձախողել է երկրի ամեն ինչը»: Դարձյալ հետաքրքրվեցինք՝ եթե կարծում են, որ բյուջեի կատարողականի ընթացքում այդ խնդիրներն արծարծելը ոչինչ չէր փոխելու՝ մի՞թե կարծում էին, թե կարող էր փոխել հարցապնդում ներկայացնելը: Արծվիկ Մինասյանի արձագանքն էր. «Հարցապնդման նպատակն ու իմաստը նաեւ այն էր, որպեսզի բացեինք քաղաքական մեծամասնության աչքերը: Մեզ թվում է, որ բացել ենք այդ աչքերը: Եվ ըստ էության, անվստահության հարցը, որ օրակարգից հանվեց՝ միայն ձեւական առումով է դուրս եկել։ Ես համոզված եմ, որ այս հարցը ըստ էության քննարկվում է, եւ, իմ կարծիքով, այդ ուղղությամբ գործընթացը սկսված է։ Պատահական չէ, որ ՀՀ նախագահը մայիսի 26-ին անդրադառնալով նույն ժամանակահատվածի տնտեսական զարգացումներին, որոնք կառավարությունը գնահատել էր բացասական՝ փորձեց սրբագրումներ իրականացնել։ Նա, ըստ էության, փորձում էր հերքել կառավարության պատասխանները։ Ակնհայտ է, որ այստեղ, առնվազն ընկալման տեսակետից, հակադրություն կա կառավարության, նախագահի, քաղաքական մեծամասնության միջեւ։ Մնում է, որ իրենք իրենց մեջ կարողանան վերջնական եզրակացության գալ, որ ներկա կառավարությունն իր քաղաքականությամբ պարզապես ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները»: Արծվիկ Մինասյանը մի հարցադրում էլ արեց. «Ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը չփորձեց բյուջեի կատարողականի վերաբերյալ ունենալ ցնցո՜ղ ելույթներ, եթե այդքան շատ էին ուզում պաշտպանել կառավարության վարած քաղաքականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել