ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ այդպիսին է իրենց առաջարկած փուլային մարտավարության ծրագիրը՝ միտված ընտրական իրավունքի պաշտպանությանը:
Երեկ բացելով «Ընտրական իրավունքի պաշտպանության» հասարակական շարժման խորհրդակցությունը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ազդարարեց, որ սկսում են նոր փուլ. «Մեր շարժումը՝ «Քվեն ուժ է» կարգախոսով, թեւակոխել է կարեւորագույն փուլ: Եթե մինչ այս ավելի շատ ներքին քննարկումներ էին, ապա այժմ հասարակության իրազեկման եւ անդամների ակտիվ ներգրավման փուլում ենք»: Ըստ նրա՝ պիտի պատրաստ լինեն ստեղծել շրջիկ խմբեր. «Կազմակերպելու ենք համապատասխան հենակետեր, վրաններ: Թռուցիկներ ենք բաժանելու»:
Փետրվարի 18-ից ձեւավորված այս շարժումն, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այս ընթացքում արդեն իսկ արձանագրել է ձեռքբերումներ, «հղկել գաղափարները, նպատակներն ու խնդիրները»: Իսկ այժմ, ինչպես նա նշեց իր ելույթում՝ պատրաստվում են «ժողովրդի ամենալայն խավերին տեղյակ պահել այս շարժման կարեւորության մասին»:
Քննադատելով ընդունված «Ընտրական օրենսգիրքը»՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե քանի որ չընդունվեցին իրենց առաջարկները, որոնք միտված էին կանխելու իշխանության վերարտադրությունը՝ «Ընտրողների հույսը մնում են ընտրողները. ինչպես ասում են՝ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրությունների օրը պատրաստ լինենք հնարավոր կեղծիքների դեմն առնել»: Ըստ նրա՝ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ այն տեղամասում, «որտեղ անգամ 1-2 հոգի են եղել պինդ կանգնած՝ ընտրական գործընթացներից հասկացող, այդ բոլոր մեխանիզմներին տիրապետող մարդիկ, այդ տեղամասում կանխվել կամ առնվազն նվազագույնի են հասցվել ընտրակեղծիքները: Իսկ եթե ընտրակեղծիքները նվազագույնի հասցվեն, նշանակում է՝ նվազագույնի է հասցվում իշխանության վերարտադրվելու հնարավորությունը, եւ ավելանում է իշխանափոխության հնարավորությունը: Իսկ թե իշխանափոխությունից հետո ո՞վ կգա իշխանության՝ սա այս շարժման խնդիրը չէ: Այս շարժման խնդիրն է ընտրական գործընթացների միջոցով ապահովել իշխանափոխության հնարավորությունը»:
Արմեն Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ եթե «ամեն տեղամասում 5 հոգի ունենան՝ քվեարկողների ընտրական իրավունքն իսկապես կլինի պաշտպանված: Այդ իրավունքի խախտումների պարագայում՝ եթե անգամ այդ խախտումները լինեն, բողոքարկման գործընթացը կլինի շատ ավելի հիմնավոր ու տրամաբանված»: Եվ հրապարակեց իրենց որդեգրած փուլային մարտավարությունը: 1-ին փուլի՝ մինչեւ առաջիկա ընտրություններն արվելիք քայլերից են, մասնավորապես, հանրապետության ողջ տարածքում ձեւավորել «ընտրությունների ազատությունն ու արդարությունը վերահսկելուն, նրա արդյունքների նկատմամբ հասարակական վստահություն առաջացնելուն կոչված կենտրոններ», «ձեւավորել ընտրական ողջ գործընթացի մոնիթորինգի համակարգ՝ հետեւողականորեն բացահայտելով վարչախմբի կողմից սեփական վերարտադրմանն ուղղված բոլոր քայլերն ու դրսեւորումները», «ձեւավորել ընտրությունների արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասնագիտական խումբ» ու նաեւ՝ «հանուն ազատ եւ արդար ընտրությունների՝ համախմբել հասարակական, քաղաքական բոլոր շահագրգիռ անձանց եւ միավորումներին»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, թե պետք է կոչով դիմեն «այն բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին, որոնք շահագրգռված են նորմալ ընտրությունների անցկացմամբ: Նրանք բոլորը մեր պոտենցիալ զինակիցներն են՝ անկախ նրանից, թե ո՛վ ի՛նչ քաղաքական հետագա խնդիրներ ունի: Իրենք իրենց դաշտում էլ, առանց մեզ միանալու անգամ (եթե իրենց համար դժվար է միանալ այս շարժմանը) կարող են նպաստել ընտրությունների նորմալ անցկացմանը»:
Նկատենք, որ եթե շարժման հիմնադիր հավաքին ներկա էին ՆԺԿ, ՀՌԱԿ, ԺԿ, «Ժառանգության» ներկայացուցիչները՝ երեկ նրանք բացակայում էին: «Ժառանգությունն» օրվա ավարտին իր սեփական սեմինար-քննարկումն էր կազմակերպել՝ «Ընտրական օրենսգիրք. ընտրակեղծիքների դեմ պայքար» թեմայով: Փոխարենը՝ ՀՅԴ նախաձեռնած խորհրդակցությանը ներկա էր ՀԱԿ-ին մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, որը, սակայն, այս անգամ ներկայացավ իբրեւ «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների համահայկական կոմիտեի» համակարգող: Նա հայտարարեց, թե ՀՅԴ սկսած այս շարժումը բավական հուսադրող է՝ մնում է այն փոխադրել հուսալի ռելսերի վրա:
Արմեն Ռուստամյանը կանխորոշեց, որ եթե այնուամենայնիվ չհաջողեն կանխել ընտրակեղծիքները. «Ուրեմն, ազատ եւ արդար ընտրությունների ձախողման դեպքում պիտի հասնենք նոր ընտրությունների անցկացման օրինական պահանջի բավարարմանը»: Սա արդեն վերջին փուլի՝ հետընտրական ժամանակահատվածի մարտավարությունից է. «Համաժողովրդական պայքարի կազմակերպման միջոցով հասնել ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանը»: Սա հիշատակելով՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն առանց անունը տալու՝ հակադարձեց այն գնահատականին, որն այս շարժման առնչությամբ տվել էին ՀԱԿ-ի գործիչները. «Ասում էին՝ սա մտածել ենք, որպեսզի մարդկանց պասիվության մղենք: Բայց բոլոր նրանք, ովքեր այդպես էին խոսում՝ հիմա հասկացել են, որ առճակատումն իսկապես այս երկրի համար շատ վտանգավոր է, անհեռանկար է եւ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, զոհեր լինեն: Զոհեր, որոնց մեղավորն ո՜վ էր, ո՜վ չէր՝ մնացին որպես զոհեր: Մի զոհն էլ մեծ կորուստ է չավարտված պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար: Հիմա՝ այստեղ արդյոք չկա՞ նույն հեղափոխական լիցքն է՛լ, նույն վճռական գործողություններն է՛լ: Եթե որեւէ մեկը լրջորեն դիտարկի այս բոլոր քայլերի իրականացումը՝ սկիզբը, վերջը տեսնի՝ չի կարող չհամաձայնել, որ սա իսկապես ծրագիր է՝ իրական իշխանափոխություն իրականացնելու, իրական նախադրյալներ ստեղծելու, որպեսզի երկրում ընտրությունների միջոցով ձեւավորվեն իշխանություններ»:
Հ. Գ. «Մեդիամաքսին» երեկ տված հարցազրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն ասել է. «Ցավոք, իշխող կոալիցիան եւ ընդդիմությունը չկարողացան կառուցողական փոխզիջման գալ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու հարցում: Կոնսենսուսը շատ կարեւոր կլիներ ընտրական գործընթացի հանդեպ վստահություն ստեղծելու տեսակետից՝ բոլոր առանցքային խաղացողների եւ ընտրազանգվածի մոտ: Չնայած դրան, օրենսգիրքը պարունակում է լուրջ փոփոխություններ: Միաժամանակ, բարեփոխված օրենսդրության հետագա կիրառումը ավելի կարեւոր է լինելու»: Նաեւ հավելել է. «ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ բարելավելու ընտրությունների անցկացումը, եւ մենք՝ ԵԱՀԿ-ի եւ ԺՀՄԻԳ-ի հետ միասին, պատրաստել ենք համատեղ նախագիծ, որը կմեկնարկի մոտ ապագայում»: