Երեկ, ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 247 դատապարտյալ: Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված դատապարտյալներին համաներմամբ ազատ արձակելու գործընթացը: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արսեն Բաբայանից երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ ազատվածների՞, թե՞ ազատման ենթակաների ցուցակում են մարտիմեկյան իրադարձությունների առիթով դատապարտյալներ Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը եւ Սարգիս Հացպանյանը: Արսեն Բաբայանն ասաց, որ ցուցակների հրապարակումը կլինի «էթիկայի խախտում»: Խնդրեցինք ստուգել՝ արդյոք նշյալ անձանց անուններն առկա՞ են: Նա ասաց, որ «մարտի 1», «մարտի 5» կամ նմանատիպ այլ ցուցակներ իրենք չունեն, եւ այս պահին հավելյալ տեղեկություններ ճշտելու հնարավորություններ չկան: Ավելի ուշ Սարգիս Հացպանյանի հետ հեռախոսային խոսակցությունից տեղեկացանք, որ համաներումն իր վրա չի տարածվում, եւ այդ մասին իրեն արդեն տեղեկացրել են: Այդ առիթով պաշտոնական ձեւակերպումները մի կողմ թողնելով՝ պարոն Հացպանյանը նկատեց՝ «հավանաբար անձնական վրեժխնդրություն է»: Սարգիս Հացպանյանը կալանավայրում կմնա մինչեւ հունիսի 10-ը: