Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԲՈՒՆ ԴՆԻ ԵՎՐԱՆԵՍԹԸ

Մայիս 28,2011 00:00

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել ս/թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Դա էլ առաջացրել էր Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զայրույթը, որը բողոք նամակով դիմել էր այդ կազմակերպության բյուրոյին: Ըստ նրա, Երեւանում անցկացնելն այն օրերին, երբ Հայաստանը տոնում է իր անկախությունը, գրգռիչ ազդեցություն կունենա ադրբեջանցիների վրա: Այս նամակին ի պատասխան՝ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին հակադարձել է Եվրանեսթի բյուրոյին ուղղված նամակով, որում, մասնավորապես, ասված է.
«Ես արդեն տեղեկացված եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է իր մայրաքաղաքը Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստն անցկացնելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի օրակարգ կփորձեն փաթաթել մեր վզին լիագումար նիստի Բաքվում կայանալու դեպքում: Ես շատ լավ հասկանում եմ, որ լիագումար նիստը Բրյուսելից դուրս անցկացնելը ե՛ւ թանկ է, ե՛ւ անսովոր, ուստի, հաշվի առնելով ադրբեջանցի գործընկերոջ նամակը, թվում է, թե ամենահարմար որոշումը Եվրանեսթ ԽՎ հանդիպումները թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում բացառելն է: Բայց ամենահեշտ որոշումը ոչ միշտ է արդար լինում: Այս մասնավոր դեպքում Եվրանեսթ ԽՎ հանդիպումները Երեւանում մեր առաջարկած ժամանակահատվածում չանցկացնելը կնշանակի մեկ պատվիրակությանը հրապարակայնորեն զրպարտող մեկ այլ պատվիրակության շոշափելի հաջողություն: Արդեն սա միայն բավական կլինի, որ Եվրանեսթը մղվի դեպի տեղական եւ տարածաշրջանային բանավեճերի ճահիճ: Արդյոք ընդունելի՞ է սա մեզ համար: Կարծում եմ՝ ոչ»: Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում «հասարակությունը խորապես ընդգրկված է անշրջելի բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցների, գալիք ընտրություններն արդարորեն անցկացնելու վերաբերյալ բուռն քննարկումների մեջ, եւ որտեղ նույնիսկ իշխանությունները ավելի ու ավելի են գիտակցում, որ փոփոխություններն անխուսափելի են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել