Երեկ ազատ արձակեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ամենավերջին ու թերեւս «ամենավտանգավոր» քաղբանտարկյալին՝ Նիկոլ Փաշինյանին:
Թեեւ Հայ ազգային կոնգրեսի Արթիկի գրասենյակի ակտիվիստներին քրեակատարողական հիմնարկից ներքին կարգով տեղեկացրել էին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին ազատ են արձակելու առավոտյան ժամը 12-ի սահմաններում, սակայն նրան բաց թողեցին հայտարարվածից մոտ 9 ժամ հետո՝ երեկոյան ժամը 20.10-ին: Նկատենք, որ առավոտից մինչեւ ուշ երեկո ՀԱԿ-ի ակտիվիստները առանց տրտնջալու, Արթիկի խանձող արեւի տակ սպասում էին Նիկոլ Փաշինյանին, իսկ նրա ընտանիքի անդամները գաղութ էին եկել դեռեւս նախորդ օրվա գիշերվանից: Հավաքված ժողովուրդը պարբերաբար ակտիվանում էր՝ պահանջելով վայրկյան առաջ ազատ արձակել «Սերժի ու Ռոբի վարչակազմի զոհերին», գոչում էին նաեւ՝ «Նիկոլ, դուրս արի, Սերժից մեզ ազատի» եւ այլն: Թե ո՞րն էր ձգձգման պատճառը, գաղութի իրենց աղբյուրներից անընդհատ փորձում էին պարզել նույն գաղութում նստած նախկին քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանն ու Պետրոս Մակեյանը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հաջողվեց ճշտել, որ Նիկոլը համաներմամբ ազատվող միակ բանտարկյալը չէ, գաղութից դուրս են բերելու թվով 32 բանտարկյալի, եւ ձգձգումը կապված է փաստաթղթերի ձեւակերպման հետ: Տեղեկացնենք, որ նախքան Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելը՝ ազատեցին թվով 4 բանտարկյալի: Նշենք նաեւ, որ Նիկոլին այս անգամ տպագիր ու էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչներից բացի՝ «անհամբեր» սպասում էին նաեւ «պատասխանատու» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը, որոնք մինչ այդ ձեւի համար գոնե մեկ անգամ չէին մասնակցել «Արթիկ» քրեակատարողականում տեղի ունեցող Նիկոլի դատավարություններին:
Նիկոլ Փաշինյանը գաղութից դուրս գալուն պես պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, գոչեց արդեն իսկ ավանդական դարձած իր խոսքերը. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ, մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են արդար եւ երջանիկ Հայաստանում»: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ ծավալվող երկխոսության մասին հարցին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասաց. «Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի մենք անցնցում եղանակով Հայաստանում հաստատենք օրինական իշխանություն եւ ի վերջո Հայաստանը ազատենք ավազակապետությունից»:
Նա նաեւ չհամաձայնեց տարածված այն կարծիքի հետ, թե ընդդիմությունն ու իշխանությունը գործարքի մեջ են մտել. «Այս ընթացքում անընդհատ խոսում են, որ գործարք կա ընդդիմության եւ իշխանության միջեւ, եւ այլն, եւ այլն, ուղղակի դա ասելու բան չէ, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ եթե մենք գործարքի գնացող լինեինք, մենք 1 տարի 4 ամիս ընդհատակում եւ 2 տարի բանտում չէինք լինի: Այսինքն՝ համոզված եղեք, որ էս ընթացքում իշխանությունը եթե ոչ ամեն օր, գոնե ամիսը մի քանի անգամ էդ գործարքը առաջարկել է՝ անձամբ ինձ: Մինչեւ հաղթական ավարտ ես պայքարելու եմ նույնքան սկզբունքային, ինչքան սկզբունքային սկսել եմ»: Տեղեկացնենք, որ նա շտապեց մայրաքաղաք՝ Սարյանի արձանի մոտ կեսօրին ազատ արձակված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ու իրենց համախոհներին միանալու համար: