Սասուն Միքայելյանը երեկ ազատ արձակվեց
«Սերժ Սարգսյանի հետ սեւ բծեր երբեք չեն եղել, չեն էլ կարա լինի, որովհետեւ ես ու Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ: Եկեք երկու հարթության վրա դնենք. պատերազմի դաշտում եղել է մի թշնամի: Մենք երկուսս համամիտ ենք եղել, պայքարել ենք: Իսկ ինչ մնում է ընդհանրապես՝ մարտական ընկերները երբեք չեն բաժանվում: Եթե գանք քաղաքական դաշտ՝ քաղաքական հարաբերությունների մեջ չենք կարողացել իրար հետ համագործակցել: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ երեք տարի առաջ՝ լինելով ՀՀԿ անդամ: Ոչ մի բան չի փոխվել իմ քաղաքական հայացքների, իմ անձնական հայացքների, անձնական ձեւի մեջ»,- «Առավոտի» հարցին՝ գաղտնիք չէ, որ Դուք եւ Սերժ Սարգսյանն անձնական մտերիմ հարաբերությունների մեջ էիք, այդ հարաբերություններում սեւ բծեր կա՞ն այս ամբողջ վայրիվերումներից հետո, ասաց Անկախության 20-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներմամբ կալանքից ազատված Սասուն Միքայելյանը: Վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով նա պատիժը կրում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղից էլ երեկ, ժամը 16-ի սահմաններում, ազատ արձակվեց: Արցախյան ազատամարտի հրամանատար, ՀՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 12-ին եւ 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ) եւ 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) հոդվածներով: Մեծամասնություն կազմող իշխող կոալիցիայի քվեարկությամբ 2008-ի մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած արտահերթ-արտակարգ նիստում նա՝ Մյասնիկ Մալխասյանի, Խաչատուր Սուքիասյանի եւ Հակոբ Հակոբյանի հետ, զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից: Նույն խորհրդարանը երկու օր առաջ էլ կողմ քվեարկեց համաներում հայտարարելու մասին որոշմանը:
Երեկ Սասուն Միքայելյանին դիմավորելու էին եկել ՀԱԿ անդամ կուսակցությունների առաջին դեմքերը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, Կոնգրեսի ակտիվիստներ, Սասունի մարտական ընկերները, հարազատները, համագյուղացիները: Նրան դիմավորեցին «Սա-սուն, Սա-սուն» վանկարկումներով եւ տեղափոխեցին ձեռքերի վրա:
«Ես իմ արդարության համար պայքարելու եմ, եւ նշանակություն չունի, որ համաներմամբ եմ ազատվել: Ես ոչ մի հարցում մեղավոր չեմ եղել, ես անմեղ դատապարտյալ եմ եղել»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում համաներմամբ իրեն ազատ արձակելու փաստին, ասաց Սասուն Միքայելյանը՝ բառախաղ անելով՝ «սա համարյա ներում էր»: Երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս քայլով՝ համաներմամբ, պետությունը գթասրտություն է արտահայտում սխալված մարդկանց նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում գթասրտության այս դրսեւորմանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ իր գիտակցական կյանքում ինքը երբեք չի սխալվել. «Ես եղել եմ իմ ազգի զինվոր, եւ իմ կրած այս երեք տարի երեք ամիս կալանքը էլի իմ ազգի ազատության համար է ու, բնականաբար, կշարունակվի: Ինչ նեղություն, ինչ դժվարություն լինի՝ ես պայքարելու եմ»: Թե ինչո՞ւ իրեն 2009-ի համաներմամբ ազատ չարձակեցին՝ նա խորհուրդ տվեց հետաքրքրվել իշխանություններից: Ասաց, որ ճիշտ չի համարում իշխանության արած քայլերը, հատկապես իր հանդեպ. «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ իմ ազգին, ժողովրդին: Նման բան իմ հանդեպ պիտի չանեին իշխանությունները, գիտակցաբար»: Հետագա ծրագրերի առումով էլ հավելեց՝ «ինչ Կոնգրեսն է որդեգրել»: Հայտարարեց, որ չի պատրաստվում բուժման նպատակով որեւէ տեղ մեկնել. «Ես բողոքող չեմ՝ որոշ մարդկանց պես, մնալու եմ, պայքարելու եմ, թեկուզ հարթակում սիրտս կանգնի՝ ես իմ ժողովրդի հետ եմ լինելու»: Թե երեք տարի եւ երեք ամիս կրած ողջ զրկանքներից հետո ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի եւ իշխանության հնարավոր համագործակցությանը՝ «Առավոտի» հարցին էլ ասաց. «Ընդդիմությունն ու իշխանությունը նոր ռազմավարություն են ընտրել: Նման բան Հայաստանում առաջին անգամ է ձեւավորվել. կառուցողական ընդդիմություն-իշխանություն, հրապարակային երկխոսություն: Օձի-արջի պատմությունը չլինի: Եթե, իրոք, սա մաքուր երկխոսություն է, ես ընդունում եմ, որովհետեւ այսօրվա մեր ներքաղաքական իրավիճակը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը, Ղարաբաղի հարցը… մենք միշտ ճակատագրական պահին մասնատվել ենք, չենք կարողացել մեր սկիզբը վերջի հետ կապել: 88 թվականից որ պայքարել եմ՝ դրա համար: Ու սատանայի հետ էլ կգնամ, միայն թե իմ ազգին լավ լինի: Եթե Կոնգրեսը գտնի, որ իրոք, ճիշտ, նորմալ երկխոսություն է գնում՝ ես Կոնգրեսի հետ կպայքարեմ»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը նույնպես կպահանջի Կոնգրեսի որոշումների շրջանակում: Իսկ արտահերթ, թե հերթական ընտրություններին եթե որոշի մասնակցել՝ միայն մեծամասնական կարգով: Արդարացման վճիռ ստանալու ուղղությամբ քայլեր չի անելու. «Դատարաններ չեմ դիմի, դատարաննե՞րն ինձ պիտի արդարացնեն: Ես արդար տղա եմ, հոգով եմ արդար եւ ազատ»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ չի բացառվում, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները հանգեցնեն նրան, որ ազատագրված երկու տարածք Հայաստանը ստիպված լինի ետ վերադարձնել, ի դեպ, Կոնգրեսն էլ, կարծես, այս հարցում կիսում է իշխանության դիրքորոշումը, ինչպե՞ս կարձագանքեք, Սասուն Միքայելյանն ասաց. «Ես կռված տղա եմ: Ես տարածք չունեմ հետ վերադարձնելու: Ես տարածքներ եմ ազատագրել: Ես եղել եմ զինվոր, հետո նոր՝ քաղաքական գործիչ: Ես իմ քաղաքականության մեջ հոգի եմ դրել, չեմ կարող տարածք վերադարձնել: Բայց չեմ էլ ժխտում, որ… այսօրվա ներքաղաքական վիճակին, մեր երկրի ընդհանուր վիճակին նայելով՝ ամեն ինչ սպասելի է»:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ի՞նչ եզրահանգումներ է արել այս երեք տարիների ընթացքում, Սասուն Միքայելյանը ողջունեց «պատերի ներսում» մնացած տղաներին՝ դատական ատյաններին կոչ անելով վերանայել շատ ու շատ քրեական գործեր, չխաղալ մարդկանց ճակատագրերի հետ, քանի որ կալանավորվածներից շատերն, ըստ նրա, հանիրավի են պատիժ կրում. «Հերիք է: Վերջ տվեք: Մեր նախանձը, որ ժանգի պես ներսից է ուտում, պիտի կարողանանք հանել մեր միջից»:
Ազատ արձակվելուց հետո Սասուն Միքայելյանն առաջինն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա տեսակցել է Սարյանի արձանի շրջակայքում հավաքված ընդդիմադիր ակտիվիստներին, հետո ուղեւորվել տուն: Ասում էին, որ տեղի բնակիչները դհոլ-զուռնա ու սուփրա-սեղաններ էին նախապատրաստել իրենց համագյուղացուն դիմավորելու համար: Այսօր նախատեսված է մինի-հանրահավաք նրա հայրենի Վանատուր գյուղում: