Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԴԱՐԴՈՎ ԷԼԻ ՏԱՊԱԿՎՈՂՆԵՐ ԿԱՆ

Մայիս 27,2011 00:00

\"\"Կանանց ծեծելու, ճնշելու սովորությունը միայն հայերին չէ հատուկ

Վերջերս Կանանց իրավունքների կենտրոնը լրատվամիջոցներին ներկայացրեց մի քանի իրական դեպք, թե ինչպես են մեր կողքին ապրող կանայք դաժան փորձությունների ու բռնության ենթարկվում իրենց ընտանիքներում, ինչպես են լվացք փռելու, գլուխը պատուհանից դուրս հանելու համար ծեծվում, աշխատավարձը կոպեկ առ կոպեկ հանձնում սկեսուրներին, սեռական ոտնձգության ենթարկվում սկեսրայրի կողմից ու լռում: Սարսափազդու ու անհավատալի էր հատկապես մի կնոջ պատմություն, որին ամուսինը՝ մի բարձրաստիճան պաշտոնյա, ստիպել էր հղի վիճակում ողջ գիշեր մեկ ոտքի վրա կանգնել պատուհանագոգին, որպես պատիժ՝ մոր հետ առանց իր թույլտվության հեռախոսով խոսելու համար: Ամուսինը նաեւ ստիպել էր կնոջը, որ իր հարվածներից հետո ստացած ճակատի պատռվածքները կինը հայելու առաջ սովորական թել-ասեղով կարեր, գազից ուշագնաց լիներ եւ այլն: Ցանկացած նորմալ երկրում իր հետ այդքան դաժան փորձություններ կատարած տղամարդու վրա կինը ոչ միայն «police» կբերեր ու այդ տղամարդուն «ցցի կհաներ», այլեւ բռնարարին անմեղսունակ կճանաչեին, հասարակությունից կմեկուսացնեին: Իսկ Հայաստանի դեպքում այս պատմությունը այլ վերջաբան ունեցավ: Բռնության ենթարկված կինը, հույժ գաղտնի աղբյուրներով կապվելով «Առավոտի» հետ, տեղեկացրեց, որ ինքը 3 երեխաների հետ «փախած» է, ապրում է եվրոպական մի երկրում ու ամեն օր աղոթում է, որ հանկարծ ամուսինն իրենց չգտնի, հաշվեհարդար չտեսնի:

Կանանց ծեծելը եւ դրանով ինքնահաստատվելը միայն հայ տղամարդկանց չէ, որ հատուկ է, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հրապարակած վերարտադրողական առողջության մասին 8 պատմությունները նույնպես ցույց տվեցին, որ աշխարհի շատ զարգացած երկրներում էլ կանայք ծեծվում են, ենթարկվում են թրաֆիքինգի, անգամ «թլպատվում»՝ հեշտասեր չլինելու եւ սեռական ցանկություններին չտրվելու համար:

ՄԱԿ-ը գտնում է, որ չափազանց շատ կանայք ու աղջիկներ չեն կարող կատարել բնությունից տրված իրենց հիմնական ֆունկցիան, քանի որ նրանց վերարտադրողական առողջության պահպանումը կախված է մի շարք խնդիրներից: Օրինակ, ՄԱԿ-ի հրապարակման համաձայն, Եգիպտոսում՝ Կահիրեից ոչ շատ հեռու մի գյուղում, իգական սեռի երեխաներին, 8-10 տարեկանում, վիրաբուժական ճանապարհով զրկում են սեռական հաճույք ստանալու հնարավորությունից, ընդ որում, դա անում են բոլորովին էլ ոչ բժշկական միջավայրում, ընդամենը «տատմոր թեթեւ ձեռքով»: ՄԱԿ-ի աշխատակիցներին Մարիա անունով մի կին պատմել է, թե ինչպես են իրեն մորաքույրները, ողջ ազգուտակը թեւերից, ոտքերից բռնել ու կտրվածք անելով՝ «պիտանի դարձրել ամուսնանալու», որովհետեւ իրենց մոտ տղամարդիկ միայն այդպես են որոշել համոզվել, որ այդ կինն իր համար առաջինն է եւ իրեն չի դավաճանի: Մարիայի մայրը արնաշաղախ ու լացակումած աղջկան բացատրել է, որ դա իրենց ավանդույթն է, որ դրանով ինքը համարվելու է հասարակության համար պարկեշտ կին ու միայն այդ ճանապարհով կարող է գտնել լավ ամուսին իր համար:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ ամբողջ աշխարհում 100-140 մլն կին եւ աղջիկ իրենց առողջության եւ օրգանիզմի վրա զգում են այդ՝ այսպես ասած, «թլպատման» հետեւանքները. «Այնտեղ մարդիկ հավատացած են, որ այդ միջոցով կինը մնում է անբիծ եւ անարատ, նրանք ամուսնանում են ու հավատարիմ են մնում իրենց ամուսիններին, վերահսկում են իրենց սեռական ցանկությունները: Դա անվանում են կնոջ մաքրում, ախտահանում: Իրենց թվում է, թե առանց «թլպատման»՝ կինը չի լինի գեղեցիկ, սեքսուալ, ցանկալի, որ չեն կարող երբեք ամուսնանալ: Իսկ դա նախ մարդու իրավունքների խախտում է, որովհետեւ տղամարդիկ իրավունք չունեն կառավարել կնոջը, ստիպել, որ իգական սեռի ներկայացուցիչներն անցնեն այդ տառապանքների միջով, հոգեբանական լուրջ խնդիրներ ունենան, մեծ սթրես ապրեն, ինչ է թե՝ տղամարդը չհրաժարվի իր հետ ամուսնանալ: Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, Ասիայի շատ աղջիկներ այդ վտանգի տակ են»: Ի վերջո, Մարիան հասել է նրան, որ դեմ գնալով հասարակությանը, թույլ չի տվել իր աղջիկներին ենթարկվել նույն փորձությանը, ինչ իրեն են ժամանակին արել, հատկապես՝ ոչ ստերիլ գործիքներով: Կյանքը ցույց է տվել, որ ամուսնանալու փոխարեն կրթություն ստացած նրա աղջիկները հետագայում ավելի լավ բախտի են արժանացել ու համոզվել, որ կնոջ դերը միայն երեխա ունենալը, լվացք անելն ու ճաշ եփելը չէ: ՄԱԿ-ը գտնում է, որ արատավոր նման երեւույթների դեմ պայքարի համար հասարակությունում լիդերներ են պետք, կանայք, որոնք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքներն ու իրենց հետեւից տանել իրենց նմաններին:

Ըստ ՄԱԿ-ի հրապարակման, Մոլդովայում մի ասացվածք կա՝ «Կինն առանց ծեծվելու նման է չավլած տանը»: Պարզվում է՝ Մոլդովայում նույնպես տղամարդիկ հաճախ են թույլ սեռի ներկայացուցիչներին ճնշում ֆիզիկական ուժով՝ նրանց աքացիների տակ գցում, ապտակում ու բռունցքների միջոցով ստիպում «նոքարություն» անել իրենց համար՝ ինչ ճանապարհով ուզում են փող աշխատել ու իրենց պահել:

Շատ երկրներում վերարտադրողական առողջության համար վտանգավոր մի սովորություն էլ կա՝ աղջկան շուտ ամուսնացնելը: Գյուղեր կան, որտեղ 15 տարեկանից բարձրներին «տանը մնացած» են համարում, մինչդեռ բժշկական տեսանկյունից այդ տարիքում հաճախ կանայք պատրաստ չեն լինում ամուսնության, հղիանալուն ու վտանգի տակ են դնում իրենց առողջությունը: Բացի այդ, այդ տարիքում ամուսնանալով՝ կանայք կրթություն չեն ստանում, արդյունքում անգրագետ հասարակություն է ձեւավորվում՝ տղամարդկանց իշխանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել