Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշտանգումներ՝ Ադրբեջանում

Մայիս 27,2011 00:00

Մարտի 5-ին ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց գերիների փոխանակման վերաբերյալ: Նշենք, որ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանին վերադարձնելու մեր երկրում գտնվող ռազմագերիներին, որոնք թվով 2-ն էին, մինչդեռ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել միայն 1-ին, այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում գերության մեջ են 3 հայ զինծառայող եւ 6 քաղաքացիական անձ:

Այսպիսով, ի կատարումն նշված համաձայնության՝ մարտի 17-ին հայրենիք վերադարձավ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը: Երիտասարդը գերեվարվել էր 2009թ. մայիսի 9-ին, երբ իր 4 ընկերների հետ գնացել է անտառ՝ սունկ հավաքելու:

22 ամիսների գերեվարությունից հայրենիք վերադարձած Արթուր Բադալյանի հետ հանդիպելու նպատակով «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ՄԱԿ-ի հովանավորությամբ գործող «Խոշտանգումների զոհերի վերականգնողական եւ զարգացման հայկական կենտրոնի» աշխատակիցները այցելեցին Տավուշի մարզի Հաղարծին գյուղ: Զրույցի ժամանակ Արթուրը պատմում էր այն անմարդկային եւ դաժան վերաբերմունքի մասին, ինչը դրսեւորվել է իր նկատմամբ Ադրբեջանի Ղազախ, ապա՝ Բաքու քաղաքներում:

«Երբ իմանում էին, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելելու են, ինձ ստիպում էին իրավիճակը դրական ներկայացնել՝ առանց որեւէ դժգոհությունների: Իսկ իրականությունն այլ էր՝ ծեծ, վիրավորանք, նվաստացումներ, հոգեկան եւ ֆիզիկական տառապանքներ: Առողջությունս արագ քայքայելու համար անգամ թույլ չէին տալիս քնել. քնած ժամանակ հանկարծակի հարվածում էին, վախեցնում»,- հիշում է Բադալյանը:

Վերականգնողական կենտրոնի հոգեբույժի կարծիքով, քաղաքացու առողջական վիճակը մտահոգիչ է: Երիտասարդը հաճախ է ունենում վախի զգացում, գերեվարության հետ կապված կպչուն եւ զառանցական մտքեր, որոնց ականատես եղանք նաեւ երիտասարդի հետ զրույցի ժամանակ: Ընտանիքի անդամների ներկայացմամբ, երիտասարդը դարձել է ինքնամփոփ, խուսափում է ընկերների հետ շփումից, գերադասում օրվա մեծ մասն անցկացնել միայնության մեջ:

Ներկայումս Ադրբեջանում գտնվում են 8 գերիներ, որոնց խոշտանգման ծրագիրը, հավանաբար, Ադրբեջանը դեռեւս չի ավարտել: Այս է պատճառը, որ չնայած Հայաստանում եւս 1 գերի ունենալու հանգամանքին, Ադրբեջանը չցանկացավ վերջինիս փոխանակել հայազգի այլ գերիով:

Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 1-ին տեղի ունեցած գերիների փոխանակման ժամանակ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Հայաստանում գերեվարված Էյդար Թաղիեւին, մինչդեռ հայկական կողմը ստացել է Ադրբեջանում մեկ ամիս առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի խոշտանգված դին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել