Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵԼՖԱՆԴԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՆԱՆԴԻ ՎՐԱ

Մայիս 27,2011 00:00

Կազանում շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտն ավարտվեց Բորիս Գելֆանդի հաղթանակով:

Մրցաշարի կանոնակարգով նախնական փուլում սահմանված դասական շախմատի վեց պարտիայից բաղկացած եզ\"\"րափակիչ մրցաշարի վերջին տուրում Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը տարավ իր բազմամյա շախմատային հարուստ կենսագրության, թերեւս, ամենակարեւոր հաղթանակը՝ 3,5:2,5 հաշվով հաղթելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Հանգամանքների զարգացման տրամաբանությամբ խոսքը Գրիշչուկի՝ այս մրցաշարում հայտնվելու մասին է. նա հավակնորդների մրցամարտում անելիք չպետք է ունենար: Պարզապես ճակատագիրը նրան ժպտաց նորվեգացի Մագնուս Կարլսենի՝ մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու շնորհիվ: Նման դեպքերում փոխարինողը պետք է որ հենց սկզբից դուրս մնար պայքարից: Բայց Գրիշչուկը, նախապատրաստվելու ժամանակ գրեթե չունենալով, քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց ոչ միայն հավակնորդների մրցաշարի հաղթողին, այլեւ Վիշվանաթան Անանդի հետ սպասվելիք մրցամարտի ֆավորիտ համարվող Լեւոն Արոնյանին, նաեւ՝ կիսաեզրափակչում առավելության հասավ իր հայրենակից Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:

Իսկ եզրափակիչ փուլում տարիքով համեմատաբար երիտասարդ Ալեքսանդր Գրիշչուկը (նա ծնվել է 1983 թվականին) հավասար պայքար մղեց իրենից 15 տարով, հետեւաբար նաեւ՝ մրցափորձով մեծ Գելֆանդի հետ եւ միայն դասական շախմատի վերջին տուրում հավակնորդի բաղձալի ուղեգիրը զիջեց նրան, թեեւ նա կարող էր պայքարը տեղափոխել նախ՝ արագ, ապա՝ կայծակնային շախմատ, որտեղ, մասնագետների միահամուռ պնդմամբ, իրեն անհամեմատ ավելի լավ է զգում:

Ինչեւէ, կատարվեց այն, ինչ կատարվեց: Շախմատի աշխարհի նոր թագակրի անունը կիմանանք եկող տարվա առաջին կեսին՝ գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ ձեռնոցը նրան նետած իսրայելցի Բորիս Գելֆանդի դիմակայության ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել