Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոմիտաս լսելով` վերադառնում ենք մեր արմատներին»

Մայիս 27,2011 00:00

Դասական երաժշտության նվիրյալները, թեկուզ սեփական միջոցներով, տարածում են այն

\"\"Դասական երաժշտությունը գնահատելու, առավել եւս սիրելու համար անհրաժեշտ է այն հաճախ լսել: Այդպես է կարծում հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինան: Արփինեն առաջին արվեստագետն է Հայաստանից, որն արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին: Գուցե նրա հենց այդ համոզմունքն էլ պատճառ է դարձել դեռեւս 2007 թ.-ին հիմնադրել երիտասարդ երաժիշտներից բաղկացած անսամբլը, որի նպատակն է լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությանը՝ ակունքներից (Կոմիտաս) մինչեւ մեր օրեր: Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Կանթեղի» 9-րդ համերգ-դասախոսությունը: Մինչ այդ, անսամբլը մի շարք ճանաչողական-բարեգործական համերգներ է ունեցել մայրաքաղաքում եւ մարզերում: Նշենք, որ «Կանթեղն» առ այսօր գործում է առանց մշտական աջակցության, բացի այդ՝ համերգաշարի բոլոր համերգների մուտքն ազատ է: «Ես այնքան էի լցված Կոմիտասով, այնքան ուժեղ էր մեր մաքուր, անաղարտ երաժշտությունը տարածելու ցանկությունս, որ ինքնաֆինանսավորմամբ սկսեցի համերգներ տալ: Եվ այսօրվա իններորդ համերգը թերեւս առաջին դեպքն է, որ աջակցություն ենք ստացել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից»,- մեզ հետ զրույցում պատմեց Ա. Կալինինան: Նա համոզված է, որ կոմիտասյան բարձրարժեք երաժշտությունն ընկալելու համար բավական է թեկուզ մեկ անգամ ծանոթանալը:

Ջութակահարուհի Լուսինե Հարությունյանի ներկայացմամբ էլ, երիտասարդ երաժշտասերները մեծ սիրով եւ հուզմունքով են գալիս իրենց համերգներին: Եվ, ինչպես ջութակահարուհին է ասում, երիտասարդները հարցնում են, թե ե՞րբ է լինելու հաջորդ համերգը: Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց նաեւ համերգին ներկա ԿԳՆ ԿԱԻ գլխավոր մասնագետ Ռոմեն Մնացականյանը: Ըստ նրա՝ այսօր թե եթերից եւ թե համերգասրահներից հնչող երաժշտությունն այնքան աղավաղված ու տարաբնույթ է, որ մեր իսկական ազգային երաժշտությունը, կարծես, տարրալուծվում է այդ բազմազանության մեջ: Նրա կարծիքով, եթե չլինեն այդօրինակ միջոցառումները՝ սրտացավ ու գրագետ երաժիշտների կողմից, աստիճանաբար կկորցնենք մեր մշակութային դիմագիծը: Ընդ որում, մեր մնայուն արժեքները սերունդների սեփականությունը դարձնելու համար պետական հոգածություն է անհրաժեշտ, պետք է աշխատանքներ տանել հենց դպրոցից: «Կոմիտաս լսելով, մենք նորովի վերադառնում ենք դեպի մեզ»,- ասաց Ռ. Մնացականյանը եւ ավելացրեց, որ այսօր, ցավոք, մեր սերունդը չգիտի, թե ինչ երաժշտություն է ընդհանրապես լսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել