Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ Ո՛Չ ՈՂԲՈՎ»

Մայիս 27,2011 00:00

Վստահեցնում է «Վան» անսամբլի ղեկավար, երաժիշտ Նորայր Քարտաշյանը

\"\"

Մայիսի 24-ին Տիկնիկային թատրոնում կայացավ «Երկիր» միության «Վան» երաժշտական ազգագրական նախագծի բացառիկ համերգը:

Մինչ մարդիկ կվայելեին Արեւմտյան Հայաստանի երաժշտությունը, «Առավոտը» զրուցեց «Վան» անսամբլի ղեկավար, երաժիշտ Նորայր Քարտաշյանի հետ:

Վերջինս, մինչ անսամբլի ձեւավորվելը, հանդես է եկել «Արմենիան նեվի բենդի» հետ, ու իր մտերիմ ընկերներից Վահագն Հայրապետյանի հետ էլ հիմնադրել «Կատուներ» խումբը: «Սա առաջին փորձն է, որ ես անսամբլ եմ ղեկավարում: Ղեկավար բառն էլ երեւի սխալ է ընտրված, ավելի շատ ուղղորդում եմ երիտասարդներին: Խումբը ընդամենը վեց ամսական է, ու վեց ամսվա ընթացքում ակնհայտ հաջողությունների է հասել»,-ասում է Նորայր Քարտաշյանը:

«Վանը» ձեռնամուխ է լինում ներկայացնել Արեւմտյան Հայաստանի երաժշտությունը: Հիմնական գաղափարի մասին Ն. Քարտաշյանն ասում է. «Մեր մատուցած երաժշտության հիմնական գաղափարն այն է, որ Արեւմտյան Հայաստանին մոտենանք ոչ թե ողբով, որ դուդուկը հնչի ու մարդիկ սկսեն լաց լինել, այլ այդ մշակույթին, արվեստին իրապես տեր կանգնելով: Դա հենց իմ գաղափարն էր, որը արժանացավ «Երկիր» միության ղեկավարության հավանությանը»:

Վարպետ Քարտաշյանը ցավով է ասում, որ մեր երկրում հիմնականում գերակշռում է կովկասյան ոճի երաժշտությունը: «Մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ ներկայացնելու բուն հայկական ֆոլկլորը»,-նշում է Ն. Քարտաշյանը:

«Առավոտի» հարցին, թե մեր պայմաններում հնարավո՞ր է անվճար համերգ կազմակերպել, Ն. Քարտաշյանը ժպիտով է ասում. «Մեր մեջքին կանգնած է «Երկիր» միությունը: Մենք ասում ենք՝ մուտքն ազատ է, ով ուզում է, կարող է գալ: Եթե վճարովի լիներ՝ քչերը կկարողանային գալ. ամեն ինչ թանկացել է, իսկ մշակութասեր հասարակությունը դժվար թե կարողանա վճարել համերգների համար: Իսկ միության մասով էլ ասեմ, որ մեր երկրում շատ տուրիստական կազմակերպություններ կան, որ խաբում են մարդկանց, փողերը վերցնում են ու մարդկանց տեղափոխում են Հայաստանից: Մեր կազմակերպությունը հակառակն է անում, փող է ծախսում, որ դրսից մարդիկ գան ու հաստատվեն Հայաստանում: Եթե հիշում եք՝ Արցախի Տիգրանակերտի պեղումները իրականացան հենց «Երկիր» միության ֆինանսական աջակցությամբ»:

«Վան» անսամբլի սաներից Անահիտ Մխիթարյանն ասում է, որ քանոն նվագում է 6-7 տարի: «Սովորում եմ կոնսերվատորիայում: Անսամբլի գոյության մասին իմացա ընկերուհուցս: Մենք շատ-շատ ենք աշխատում, որ գոհացնենք մեր վարպետին եւ հանրությանը»,-ասում է Ա. Մխիթարյանը:

19-ամյա Հայկն էլ, ով եւս անսամբլի շնորհալի սաներից է, ասում է, որ շվի ու դուդուկ է նվագում 12 տարեկանից, արդեն կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է: «Մենք 13 հոգանոց խումբ ենք, բոլորս միմյանց սիրում ենք: Երբ փորձերը վերջացնում ենք, ես տանը մինչեւ գիշեր պարապում եմ, որովհետեւ ինքնակրթությունը եւս կարեւոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել