Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՑԱՎ «ՉՄԻԱՑԱԾՆԵՐԻՆ»

Մայիս 27,2011 00:00

Չմիացած պետությունների շարժման 118 անդամների թիվն ավելացավ եւս մեկով: Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայում մեկնարկած համաժողովի ընթացքում 50-ամյա պատմություն ունեցող կազմակերպության շարքերը համալրեց Ադրբեջանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

1961թ.- ին Բելգրադում ստեղծված այս կազմակերպության գլխավոր նպատակն էր միավորել այն բոլոր պետություններին, որոնք չէին ցանկանում դառնալ ո՛չ ՆԱՏՕ-ի եւ ո՛չ էլ Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ: «Մենք սկսել ենք ու շարունակելու ենք եվրոպական ինտեգրման գործընթացը: Բայց այդ ուղղությամբ ընթանալը չի նշանակում, թե Ադրբեջանը անդամակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքին կամ որեւէ այլ կազմակերպության: Ինտեգրումն ու անդամակցությունը տարբեր բաներ են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը: Կարնեգի հիմնադրամի կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը համոզված է, որ սա պաշտոնական Բաքվի կողմից ձեռնարկված պատահական քայլ չէր. «Ադրբեջանը միշտ էլ հստակորեն հասկացնում էր բոլորին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները Եվրամիության հետ: Ադրբեջանը երբեք իրեն չի ընկալել որպես լիարժեք եվրոպական պետություն»: Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, համոզված է՝ խնդիրը ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկներն են, այլ եվրոպացիների կոշտ արձագանքը ներքաղաքական զարգացումներին:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի ասելով, «զուգադիպություն չէ, որ Չմիացած պետությունների կազմակերպությանը Ադրբեջանն անդամակցում է Եվրոպական խորհրդարանի մայիսի 12-ի քննադատական բանաձեւի ընդունումից հետո: Ավելի վաղ արդեն Ադրբեջանը չհայտարարված սառը պատերազմ էր սկսել Արեւմուտքի դեմ: Եվրոպական ինտեգրումից հրաժարման՝ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած գործընթացը այս քայլով հասավ իր տրամաբանական ավարտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել