Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Մայիս 27,2011 00:00

\"\"Երկու մարդ զոհվել եւ 37-ը վիրավորվել են նախօրեին՝ հինգշաբթի գիշերը, Թբիլիսիում ցույցի մասնակիցներին ցրելու ընթացքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Վրաստանի իրավապահներին: Այդ երկրի ՆԳՆ-ի պնդմամբ, երկու զոհերն էլ մահացել են բողոքի ակցիայի վայրից դրա կազմակերպիչներից մի մասին տեղափոխող եւ մեծ արագությամբ ընթացող ավտոշարասյան վրաերթի արդյունքում: Իրավապահների ասելով, երկու զոհերն էլ ոստիկաններ են եղել: Թբիլիսիի հեռուստաընկերությունները ցուցադրում են այն կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է մեկը գետնին տապալվում, իսկ մեքենաները առանց կանգ առնելու շարունակում են առաջ սլանալ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե վրաերթ կատարած վարորդը Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, հիշյալ բողոքի ակցիայի նախաձեռնող, «Ժողովրդական խորհրդի» առաջնորդ Նինո Բուրջանաձեի որդին է՝ Անզոր Բիցաձեն, որին ձերբակալել, բայց ավելի ուշ ազատ են արձակել: Ընդսմին, ինչպես փոխանցում է աղբյուրը, անհայտ է մնում Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի եւ ընդդիմադիր առաջնորդներից մեկի՝ Իրակլի Բատիաշվիլիի գտնվելու վայրը: Ոստիկանությունը հայտարարել է, թե նրանք ձերբակալվածների թվում չեն:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ը վրացական ընդդիմությունը «ցասման օր» էր հայտարարել եւ բողոքի ցույց էր անցկացրել խորհրդարանին հարող հրապարակում՝ խանգարելու համար մայիսի 27-ին այդ հրապարակում երկրի անկախության տոնի առիթով նշանակված շքերթի անցկացմանը: Բայց իշխանությունները ոչ միայն գիշերը ցրել են ցույցը՝ ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենա եւ ռետինե փամփուշտներ, այլեւ հինգշաբթի օրը հրապարակում շքերթ են արել: Ցույցը ցրելը տեւել է մոտ մեկուկես ժամ՝ հորդառատ անձրեւի տակ: Տարբեր տվյալներով, բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուրից մինչեւ 2 հազար մարդ: Ոստիկանության գործողությունների ընթացքում մի քանի տասնյակ ցուցարար է տուժել: Մայիսի 26-ի ցույցն արտոնված է եղել, բայց կեսգիշերից հետո այն կրել է չարտոնված բնույթ: BBC-ի մատուցմամբ, իշխանություններն ընդդիմությանն առաջարկել են ցույցը շարունակել այլ վայրում, բայց վերջիններս չեն համաձայնել: Տեղի ունեցածի արդյունքում բողոքի ակցիայի թվով 90 մասնակցի մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել